Հիպոթերապիա. չնայած Հայաստանում շատերի թերահավատությանը, ձիերի օգնությամբ թերապիան դրական արդյունքներ է տալիս

Հիպոթերապիա.  չնայած Հայաստանում շատերի թերահավատությանը, ձիերի օգնությամբ թերապիան  դրական արդյունքներ է տալիս
Հիպոթերապիա. չնայած Հայաստանում շատերի թերահավատությանը, ձիերի օգնությամբ թերապիան դրական արդյունքներ է տալիս

13-ամյա Արման Շատվերյանը շատ է սիրում կիրակի օրերը, երբ ծնողների ու եղբոր հետ այցելում է ձիարշավարան: Նա աուտիզմ ունի, սակայն, հաղթահարելով հիվանդության բեռը, միջնակարգ կրթություն է ստանում ու մշտապես զբաղվում իր ամենասիրած գործով` դեղերի ցանկեր կազմելով:
«Սիրում եմ տեղ գնալ, մանավանդ ըստեղ` ձիարշավարան: Բայց էս ձիարշավարանում ինչքան ճանճեր կան, կծում են, խուտուտ ա գալիս: Ամենաշատը սիրում եմ ձիերին, տես` այս մի ձին ճակատին սպիտակ նշան ունի: Ամաչում եմ նայեմ ձեզ, լավ, գնամ ձիու կողքը, հետը խոսամ, ձիուց չեմ ամաչում»,- ձի նստելուց առաջ ասում է Արմանը:

Նա ամեն կիրակի գալիս է «Կենտավր» ձիասպորտի և հիպոթերապիայի ասոցիացիա-կենտրոն` հիպոթերապիայի կուրս ընդունելու: Այս բուժման հիմքում ձիու շարժումներն են: Հիպոթերապիա տերմինն առաջացել է հունարեն «hippos» բառից, որը թարգմանաբար նշանակում է ձի:

Ըստ բուժման կողմնակիցների` հիպոթերապիայի հիմնական առավելությունն ավանդական վերականգնողական մեթոդների նկատմամբ նրա միաժամանակյա ֆիզիկական և էմոցիոնալ ազդեցությունն է հիվանդի վրա: Վերջին տասնամյակում հիպոթերապիայի պահանջարկը զգալիորեն աճել է ողջ աշխարհում:

Արման Շատվերյանի մայրը` Աստղիկ Գրիգորյանը, «Մեդիալաբին» ասում է, որ հիպոթերապիայի պարապմունքներն օգնում են որդուն դուրս գալ սթրեսներից, հանգստացնում են նյարդերը.

«Ամեն շաբաթ մեծ հաճույքով է գալիս, անհամբեր սպասում է կիրակի օրվան, այնուհետև ամբողջ շաբաթ թարմ է լինում, ողնաշարի շրջանում նախկինում ցավեր ուներ, այժմ դրանք բավական նվազել են»:

Հիպոթերապիան ցուցված է մի շարք խնդիրների դեպքում, ինչպիսիք են` մանկական ուղեղային կաթվածը, աուտիզմը, սկոլիոզը և ողնաշարի այլ խնդիրները, տեսողության և լսողության խնդիրներ, շիզոֆրենիան, Դաունի համախտանիշը, նյարդային համակարգի խանգարումը, մտավոր հետամնացությունը, օստեոխոնդրոզը, շագանակագեղձի բորբոքումը, սրտի և ուղեղի կաթվածից հետո վերականգնումը և այլն:

Որպես ժամանակակից գիտություն` հիպոթերապիան ընդունվել է 1960-ական թվականներին, երբ այն սկսեցին կիրառել Գերմանիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում` որպես այլընտրանքային մեթոդ ավանդական թերապիային:

Առաջին անգամ հիպոթերապիայի ստանդարտացված մեթոդաբանություն ձևավորվեց 1980-ականններին, 1990-ականների սկզբին հիպոթերապիան ներմուծվեց նաև նախկին Խորհրդային Միություն:

Սակայն թերապիայի այս միջոցը հասավ Հայաստան ավելի ուշ` 2007-ին, երբ ստեղծվեց «Կենտավր» կենտրոնը: Կենտրոնի նախագահ Հասմիկ Հովհաննիսյանը «Մեդիալաբին» ասում է, որ հիպոթերապիան օգնում է բոլորին` ազատելով սթրեսներից, ֆիզիկապես և հոգեպես թեթևացնելով մարդկանց:

Մինչդեռ գործունեության երկու տարիներին կենտրոնի տերերը աջակցության փոխարեն միայն խոչընդոտների են բախվել:

«Երբ նոր էինք սկսել հիպոթերապիան, բժիշկներն ասում էին, թե շառլատան ենք, ձին չի կարող մարդկանց բուժել: Այժմ այդ նույն բժիշկներն են երեխաներին ուղարկում հիպոթերապիայի: Որքան էլ նոր կազմակերպություններ են բացվում, միևնույն է, հաշմանդամների նկատմամբ վերաբերմունքը չի փոխվում, ու շատերին թվում է, թե հաշմանդամը պիտի տանը նստի, հիպո կամ այլ թերապիաների կարիք չունի»,- ասում է Հովհաննիսյանը:

Հիպոթերապիայի առաջին ու դեռևս միակ կենտրոնը Հայաստանում չունի գործունեության լիցենզիա, սակայն այն որևէ կերպ ձեռք բերելու միջոց էլ չկա, քանի որ օրենսդրական որևէ նորմով սահմանված չէ հիպոթերապիայով կամ ընդհանրապես կենդանաթերապիայով զբաղվողների գործունեությունը:

Հասմիկ Հովհաննիսյանը նշում է, որ երբևէ չեն էլ փորձել դիմել պետական աջակցության, քանի որ վստահ է` հիպոթերապիայի «արժեքն այստեղ քչերն են գիտակցում»: Կենտրոնը հիմնականում ֆինանսավորվում է ձիավարության դասերի հաճախողների վճարներով, ինչպես նաև հիպոթերապիայի դասերի` մեկ պարապմունքն արժի 3000 դրամ, կենտրոն կայուն հաճախում են հաշմանդամություն ունեցող 20 երեխաներ:

Առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի ավանդական բժշկության ամբիոնի վարիչ Մկրտիչ Ավագյանը նշում է, որ հիպոթերապիան նոր զարգացող ուղղություն է.

«Հայաստանում մեծ տարածում գտած մեղվաբուժության, տզրուկաբուժության կողքին, որը մենք ենք իրականացնում, հիպոթերապիայի արդյունքների մասին խոսելը բարդ է: Թե որքանով է հիպոթերապիան օգտակար, հնարավոր չէ միանշանակ ասել, սակայն մարդիկ սիրում են շփվել կենդանիների հետ, և կենդանիների միջոցով կարելի է որոշակի բուժում իրականացնել: Այլ օգուտներ ես դեռ չեմ տեսնում հիպոթերապիայից»:

ԱՆ հանրային առողջության բաժնի պետ Ալեքսանդր Բազարչյանն ասում է, որ հիպոթերապիայի պարապմունքներ անցկացնելու համար լիցենզիայի անհրաժեշտություն չկա, քանի որ այն համարվում է ոչ ապացուցողական բժշկություն.

«Դժվար է խոսել հիպոթերապիայի արդյունքների մասին, քանի որ դրանք ակնհայտ չեն երևում: Որպես ֆիզիոթերապիայի մաս` հիպոթերապիան դրական է գնահատվում, սակայն նախարարությունում դեռևս չի քննարկվում այն պետական մակարդակով զարգացնելու հարցը, քանի որ չեն երևում դրա արդյունքները մեր երկրում»:

Մինչ Հայաստանում թերահավատորեն են վերաբերվում հիպոթերապիային, և այն կազմակերպվում է միայն մեկ կենտրոնի և մեկ թերապիստի նախաձեռնությամբ, աշխարհում հիպոթերապիան մեծ զարգացում է ապրում:

Օրինակ`Լեհաստանում գործող «Սպրավնի ինաչեյ» կազմակերպության տնօրեն Յուստինա Ռոգինսկան «Մեդիալաբին» ասում է, որ պետական ամենաբարձր մակարդակով ավելի քան 30 տարի Լեհաստանը զբաղվում է հիպոթերապիայով, հատուկ մասնագետներ են պատրաստվում, և տարեցտարի այն ավելի ու ավելի մեծ ուշադրության է արժանանում:

«Իմ կազմակերպությունում արդեն 18 տարի է` հաշմանդամներն այցելում են հիպոթերապիայի պարապմունքների, և արդյունքներն ակնհայտ են: Չխոսող երեխաները սկսել են խոսել ձիերի հետ, ողնաշարի խնդիրներ ունեցող մարդիկ մի քանի տարվա ընթացքում 2-3 աստիճանով բարելավել են ողնաշարի ու ողների այտուցվածությունը: Բացի ֆիզիկականից, հիպոթերապիան նաև շատ գեղեցիկ մարզաձև կարող է լինել, որը հաշմանդամին վստահություն է ներշնչում̀` ցույց տալով, որ նա ուժեղ է, կարող է ձի հեծնել, կառավարել ձին»,- նշում է Ռոգինսկան:

Հայկական հիպոթերապիայի կենտրոնում համագործակցության եզրերեն որոնում արտասահմանյան երկրների հետ, քանի որ, տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի հավաստիացմամբ, տեղի կազմակերպությունները միայն անվան մասին են մտածում, գործում են առանձնացված, համագործակցության մասին խոսք լինել չի կարող.

«Հայաստանում հաշմանդամների խնդիրներով զբաղվող կազմակերպությունները հիմնականում ուզում են ցույց տալ, թե ինչ-որ բան անում են, ուստի երբ դիմում ենք համագործակցելու առաջարկով, հրաժարվում են`ասելով. «Եթե միասին աշխատենք, արդյունքը լավ լինի, կասեն` դու ես արել քո հիպոթերապիայով, և ոչ թե մենք», իսկ նման մակարդակում, կարծում եմ, լուրջ համագործակցության մասին խոսք լինել չի կարող»:

Փառանձեմ Հովհաննիսյան

Լուսանկարները ` Վաղինակ Ղազարյանի

Տես Ֆոտոպատմությունը

© Medialab.am