«Ամուսինս ներս մտավ ու միանգամից՝ Աղոս չկա»․ 18-ամյա Աղաջանը պատերազմից չվերադարձավ, «Արիության համար» մեդալ՝ հետմահու

42-ամյա Կարինե Պետրոսյանը հուզմունքով է հիշում՝ ինչպես ամուսինը տան դուռը բացեց ու հայտնեց գույժը․ «Ամուսինս ներս մտավ ու միանգամից՝ Աղոս չկա»։ Կարինեն ասում է՝ նույն վայրկյանին կյանքը շուռ եկավ։

Կարինեի որդին՝ 18-ամյա Աղաջան Ջանոյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանող էր: Առաջին կուրսն ավարտելուց հետո զորակոչվել էր բանակ։ 2 ամիս էր՝ ինչ ծառայում էր Մարտակերտի շրջանի Հոռաթաղ գյուղում, երբ սկսվեց պատերազմը։

Մայրն ասում է՝ Աղաջանը զանգելիս ասում էր, որ ապաստարանում է, ամեն ինչ լավ է, հեռու է կռվի դաշտից, բայց զրուցելիս ընտանիքի անդամները պայթյունների ձայներ են լսել․ 

«Ինքը մեզ չէր ասում՝ որտեղ ա։ Մի անգամ փոքր տղաս խոսում էր, պայթյունի ձայն լսվեց, հարցրեց՝ ապե՛ր, էդ ի՞նչ ձայն ա, Աղաջանն ասեց՝ ինչքան էլ հեռվից գա, մենք լսում ենք։ Մեզ բան չէր ասում։ Ուրախ էր զանգում, ինչ-որ բան ծամելով, մա՛մ, գիտես՝ ստեղ տղերքը ի՛նչ հերոսություններ են անում, մի հատ կինո չե՞ն նկարում, Ասում եմ՝ Աղո՛ ջան, հիմա դրա ժամանա՞կն ա, ասում էր՝ մա՛մ, գիտես՝ տղերքը հերոսություններ են անում, մեղք են, գոնե իրանց մասին մի բան գրվի»։

Կարինեն պատմում է, որ որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 12-ին, նույն օրը գիշերը տեղի է ունեցել ողբերգական դեպքը։

«13-ին ինքը չզանգեց, մեզ ասում էին՝ կապերն են վատ։ Ամսի 13-ին ժամը 7-8-ի մոտ ես իմացա։ Իրան արդեն բերել էին Եղեգնաձոր։ Մարմնի վրա ոչ մի հետք չկար, մեջքն էր կոտրվել, անօդաչուն էր խփել»,- հուզմունքով հիշում է մայրը։

Կարինեն ասում է՝ Աղաջանի կորուստը մեծ սթրես էր ընտանիքի համար, Աղաջանը և փոքր եղբայրը՝ Ջանը շատ կապված էին իրար հետ, եղբոր զոհվելուց հետո Ջանը ևս ծանր ապրումներ է ունեցել։ «Աղաջանը զանգում էր էնտեղից՝ Ջա՛նս, ի՞նչ ես կերել։ Աղաջանին բանակ էին տարել, Ջանն ասում էր՝ ես առանց Աղաջանիկի երկու տարի ի՞նչ եմ անելու, էլ չգիտեր, որ երկու տարին ինչ․․․»

Աղաջանը որոշել էր ատամնաբույժ դառնալ։ Սիրել է նաև սպորտով զբաղվել, ֆուտբոլ է սիրել, լավ նկարել է՝ պատմում է մայրը։

Աղաջանը շուտ հարմարվող, բարի, ներողամիտ, խնջույքներ սիրող ու ընկերասեր տղա էր։

Կարինեն Աղաջանի հարազատ մայրը չէ, Աղաջանի մայրը մահացել է, երբ տղաները փոքր են եղել։ Կարինեն ասում է՝ չնայած Աղաջանը հարազատ որդին չէր, բայց շատ կապված էին։ 

«Ես եկել եմ, 7 տարի պահել եմ։ Աղաջանս 12 տարեկան էր։ Ես իմ երեխեքը չունեմ։ Որ գնացի, միանգամից մերվեց, սիրեց, մի անգամ Ջանս ասեց՝ ապե՛ր, մեր մամա՞ն էլ էր սենց համով պատրաստում, ասեց՝ հա՛, հա՛, Ջանս, բոլոր մամաներն էլ նույնն են: Առաջինն ինքը մամա ասեց, մի քանի ամիս հետո որոշեց, որ վե՛րջ, պիտի ասի, հերիք ա։ 

Ուրախ-զվարթ էր, երկար խռով չէր մնա, չեմ տեսել, որ կռիվների, վեճերի մեջ ընկներ։ Ասում էի՝ ի՞նչ եմ արել, որ Աստված ձեզ ա նվիրել, էն էլ․․․»- ասում է ու հուզվում Կարինեն։

Աղաջան Ջանոյանը հուղարկավորված է Վայքում։
Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

«Արիության» մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության գործում, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար:

Արփինե Արզումանյան

MediaLab.am