ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է շաբաթը

ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է շաբաթը․

2021 թվականի հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 725 զանգ:

Նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է հրդեհի դեպքերը: Գրանցված 34 կանչից 3-ը բռնկվել է աղբանոցներում, մյուս 31-ը՝ չոր խոտածածկ տարածքներում, այգիներում և ցանքատարածքների հարևանությամբ գտնվող չմշակված տարածքներում: Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն արձագանքել են բոլոր կանչերին, ժամանակին կատարել հրդեհաշիջման աշխատանքներ:

Նշենք, որ հանրապետության տարածքում շարունակվում է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը: Շրջանային ԱԻ բաժինների հրշեջները շուրջօրյա հերթափոխով ուժեղացված ծառայություն են իրականացնում նախատեսված հենակետերում:

Ճանապարհատրանսպորտային պատահարի մասին յոթօրյա ժամանակահատվածում գրանցվել է 4 կանչ: Տուժել է 6 քաղաքացի: Փրկարարները և «Շտապ օգնություն կայան» ՓԲԸ հերթապահ բժիշկները տուժածներին ցուցաբերել են առաջին օգնություն և տեղափոխել բուժհաստատություններ:

Շաբաթվա ընթացքում շարունակվել են զենք-զինամթերքի, չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները: Ծառայության սակրավորները գործընկեր կազմակերպությունների հետ մեկտեղ, անցած շաբաթ վնասազերծել են կասետային 57 ռումբ, ականանետի 3 ական, փոքր և խոշոր տրամաչափի 180 զինամթերք, ձեռքի 2 նռնակ, ավիացիոն 2 և գնդիկաբեկորային 4 ռումբ:

Փրկարարները շաբաթվա ընթացքում տեխնիկական բնույթի օգնություն են ցուցաբերել 37 քաղաքացու. Այդ թվում՝ ջուր է մատակարարվել Ասկերանի շրջանի 3 համայնքի բնակիչների: Դռան և վերելակի բացման վերաբերյալ գրանցվել է 13 կանչ:

Նախորդ շաբաթվա համեմատ նվազել է օձի հայտնաբերման դեպքերը: Գրանցված 2 կանչի դեպքում էլ սողունները հայտնվել են տնամերձ հողամասերում: Փրկարարները հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածքներ:

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը նշված ժամանակահատվածում իրականացրել են 4 ելք: Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերվել է ևս 7 աճյուն: Ընդհանուր առմամբ, զինադադարից հետո փրկարարները տարհանել են 1595 աճյուն: