«Մի ազգ, որի 35%-ը ունի վարժ կարդալու խնդիր, չի կարող հույս ունենալ, որ կարող է զարգանալ ու ժամանակին համընթաց քայլել». Աղասի Թադևոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ազգագրագետ, մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը

– Պարո՛ն Թադևոսյան, վարորդներին առնչվող հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր կարգը, որը որակվեց «գործ տալու» մասին կարգ, ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայ հասարակությունը դժվար է ընդունում փոփոխությունները, ամենատարբեր որակումներ է տալիս դրանց՝ հրաժարվելով ընդունել ու կիրառել դրանք: Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է այդպես, ո՞րն է այս ամենի պատճառը:

– Մենք գործընթացի մեջ ենք, որը տեղի է ունենում հետխորհրդային հասարակության վերափոխման համատեքստում: Մենք եղել ենք խորհրդային հասարակություն, որը սոցիալիստական ճանապարհով մոդեռնացվում էր:

Մեր հասարակությունը մինչև Խորհրդային Միություն մտնելը եղել է ավանդական շրջանի հասարակություն, որն ապրել է ազգ-արյունակցական համակարգով՝ համայնքային կազմակերպման ձևով: Այսինքն՝ այդ ավանդական՝ մինչ արդյունաբերական հասարակությունը, մինչև Խորհրդային Միությունը անցում էր կատարում դեպի արդյունաբերական հասարակություն, ձևավորվում էր բուրժուազիա:

Երբ եկավ Խորհրդային Միությունը, այդ գործընթացը տապալվեց, և սկսվեց խորհրդային մոդեռնացումը: Կուսակցական այդ խումբը սկսեց իր գաղափարախոսությամբ կրթել, լուսավորել: Խորհրդային Միության փլուզումից հետո վերևից մոդեռնացված խորհրդային հասարակությունը խնդիր ունեցավ վերաիմաստավորել այն փուլը, որում իրենք գտնվում են: Բայց ոչ ոք չէր մտածում, որ սա հասարակական-մշակութային գործընթաց է՝ հասարակության վերափոխում մշակութային առումով, այսինքն՝ մտածողության, արժեքների, ճշմարտությունները ընկալելու վերափոխում:

Եվ քանի որ մենք չունեինք վերափոխման, պետության վերականգնման ծրագիր, չգիտեինք՝ ինչ պետություն ենք կառուցում: Մենք մտածեցինք, որ մեր կյանքը վերաիմաստավորելու միակ ձևը վերադարձն է դեպի անցյալ, փորձում էինք հասկանալ՝ ով ենք մենք, բայց մենք այդպես էլ էլիտաների մակարդակում, նկատի ունեմ՝ քաղաքական, մշակութային, չհասկացանք, թե ի՛նչ է կատարվում մեզ հետ:

Որպես հասարակություն՝ փորձում ենք կառչած մնալ մինչմոդեռնից այս փուլում, երբ իրականում գտնվում ենք մոդեռնում: Այս ամենը մշակութաբանական ֆենոմեն է:

Այս պարագայում ի՞նչ պետք է անի հայ հասարակությունը:

– Պետք է ընդունի, որ ինքը մոդեռն հասարակություն է, պետք է ընդունի, որ ինքը փոխվում է, գնում է դեպի մոդեռնացում, ինչը նշանակում է, որ հասարակական հարաբերությունների կազմակերպումն ու կառուցումը աստիճանաբար իրականացվելու են ոչ թե ազգ-արյունակցական հարաբերությունների միջոցով, այսինքն՝ անձնական ճանաչողության կամ հարևանադրացիական համայնքին բնորոշ սովորութային նորմերի միջոցով, որը մենք անվանում ենք թաղային, կիսակրիմինալ, այլ իրավունքից ու օրենքից բխող: Մարդու իրավունքն արդեն մոդեռնին բնորոշ երևույթ է:

Մշակութաբանական տեսանկյունից մարդու իրավունքը գալիս է այնտեղից, որ մարդն ինքն իրավունք ունի որոշելու և բնութագրելու, թե ինչ է ճշմարտությունը, այլ ոչ թե ընդունի վերևից տրված ճշմարտությունը, որը գալիս է կրոնական գրքերի, քարոզիչների ու հաստատությունների միջոցով:

Հասարակության գլխավոր փոփոխությունը սա է: Հիմա մեր հասարակությանը փորձում են ասել, որ դու պետք է դառնաս մոդեռն հասարակություն, պետք է կազմակերպես քո համակեցությունը՝ հենվելով իրավունքի վրա, իսկ մարդիկ չեն հասկանում, թե դա ինչ է:

Ձեր նշած օրինակն ու նմանատիպ զանազան օրինակները հետևանք են երևույթը, գործընթացները չհասկանալու՝ էլիտաների անընդունակությունից: Փոխանակ հասկանան և բնութագրեն իրենց հետ կատարվողը դատողական, քննադատական մակարդակում, ինչ-որ իռացիոնալ ձևակերպումներ են տալիս՝ վախից ելնելով:

«Մկների ժողովը» առակում այսպիսի ձևակերպում կա՝ «Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը», այս հոգեվիճակն է շատերի մոտ:

Շատերն իսկապես մտածում են, որ այս փոփոխությունները կործանման տանող բան են, բայց այս կարգի մտածողությունը գործընթացները չհասկանալու, տգիտության հետևանք է:

Մենք ունենք տգետ էլիտաներ, տգետ այն իմաստով, որ իրենք պարզապես գրագետ չեն, չեն կարդացել շատ գրքեր, որի պարագայում կհասկանային, թե ինչ է կատարվում աշխարհում, և ինչու պետք է հայկական հասարակությունը համաքայլ գնա աշխարհին:

Հակառակ դեպքում կդառնա հետամնաց մի պետություն ու հասարակություն, որը դեռևս ապրում է մինչմոդեռն շրջանի համայնքային սովորութային նորմերով, որը փորձում է ընդդիմանալ ընդհանրապես իրավականության և քաղաքացիականության գաղափարին, որի վրա հենված են ժամանակակից հասարակությունները:

– Պարո՛ն Թադևոսյան, այսինքն՝ ստացվում է՝ հայ հասարակության համար շատ ավելի կարևոր է այն, թե ինչ կմտածեն, կասեն իրենց մասին թաղում, շրջապատում, քան պետության կայացումը, մարդու իրավունքները, օրենքի երկիր ունենալը:

– Այո՛, մարդկանց համար դա շատ կարևոր է: Դա գալիս է արժեհամակարգից, մտածողության առանձնահատկությունից, որովհետև մարդու մտածողությունը կողմնորոշում են արժեքները, եթե մարդու համար կարևոր արժեք է հենց ինքը՝ մարդը, ապա այստեղ առաջնային խնդիր է դառնում այդ մարդու իրավունքը՝ ապրելու, գործելու, ազատ լինելու, ինքնուրույն որոշում կայացնելու:

Այն, որ մարդիկ փորձում են այս ամենը համարել անընդունելի համայնքային կյանքի տեսանկյունից, որ օրենքին դիմելը կարող է դավաճանություն լինել, որովհետև իրենք այդ թաղային միջավայրում սովոր են ապրել խմբային արժեքներով: Եվ իրենց համար մարդը խորքային առումով ավելի երկրորդական արժեք է, քան այն խումբը՝ թաղը, ազգականների համայնքը և այդ ամենը պայմանավորող չգրված սոցիալական նորմերը:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մարդիկ սխալ են հասկանում, թե ինչ է արժեքը: Իհարկե, կարևոր է, երբ մարդիկ ապրում են հարևանական համայնքով, ընտանիքի կարևորությունն են գիտակցում, բայց հարցն այն է, որ նման սոցիալական նորմերով չի կարելի կազմակերպել պետություն: Եթե մենք ուզում ենք դառնալ պետական ազգ, պետք է կարողանանք դուրս գալ իրավունքի և օրենքի մակարդակ ու դրանով կազմակերպել մեր համակեցությունը, իսկ որոշ դեպքերում իրավունքն ու օրենքը հակասում են սովորութային նորմերին: Բայց եթե դու ուզում ես զարգանալ, պետք է որոշ սովորույթներից կարողանաս հրաժարվել, չի կարելի նույնը մնալով՝ զարգանալ:

Խոսում ենք տարածաշրջանում մեր անվտանգության պահպանման, ապահովման մասին, բայց ասեմ, որ նման բարդ խնդիրների լուծումը հնարավոր չէ ազգ-արյունակցական ու համայնքային մակարդակի սովորութային նորմերով ապրող հասարակության համար, որովհետև բարդ խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ է ինքնակազմակերպման շատ ավելի բարդ մեխանիզմներ, որոնք ձևավորվում են իրավունքի շնորհիվ, իրավահավասարության և օրենքի: Այս դեպքում դու արդեն դառնում ես պետական ազգ:

Այսօր ազգայինից խոսողների 99%-ը չի հասկանում՝ ինչ է ազգը, ինչ գործընթացներ են կատարվում, և նրանք մեր ազգի թշնամիներն են, որովհետև փորձում են ազգային զարգացումը կասեցնել: Չի կարող ազգը զարգանալ, եթե չի անցնում այս վերափոխման փուլերը: Ազգայինն այն է, երբ ինչ-որ ազգ, անընդհատ փոխվելով, ստեղծում է նորը: Աշխարհը զարգանում է, ինչին պետք է համաքայլ գնաս, իսկ դա ենթադրում է թաղային և այդ կարգի սովորույթներից հրաժարում, եթե այս փոփոխությունը չունենանք, մեր ապագան շատ-շատ աղոտ է:

– Ձեր նշած նույն հիմքո՞վ են նաև պայմանավորված տարբեր բռնությունների, օրինակ՝ ընտանեկան բռնության դեպքի մասին չբարձրաձայնելը, իրավապահներին չդիմելը:

-Այո՛, այդ բռնությունների մասին չբարձրաձայնել ու համակերպվել դրանց հետ այդ ընդհանրական մտածողության, սովորութային նորմի վրա հենված համակեցության տարր է: Առաջին հայացքից կթվա, թե այդպիսի երևույթները չեն խանգարում մեր պետության զարգացմանը, բայց սարսափելի խանգարում են:

Մեր հիմնական խնդիրը տգիտությունն է, չի կարող մի ազգ, որի 35%-ը ունի վարժ կարդալու խնդիր, հույս ունենալ, որ ինքը կարող է զարգանալ ու ժամանակին համընթաց քայլել: Մեր քաղաքական էլիտան տգետ է, հասարակության մեծ մասը տգետ է, և բոլոր խնդիրները գալիս են տգիտությունից:

-Պարո՛ն Թադևոսյան, ստացվում է, որ անկախությունից ի վեր Հայաստանում, գոնե ղեկավար մակարդակով, չեն կարողացել այնպես անել, որ հասարակությունը ձերբազատվի այդ սովորութային նորմերից և ապրի օրենքների շրջանակներում: Ո՞րն է այդ չհաջողելու պատճառը, որտե՞ղ են թերացել: Հիմա ի՞նչ պետք է անել այդ բացը լրացնելու համար:

-Պարզապես այդ մարդկանց կրթական մակարդակը չի բավարարել, բայց պարտադիր չէ, որ իրենք ունենային այդ մասնագիտական պատրաստվածության աստիճանը: Նրանց մոտ ուրիշ խնդիր է եղել, նրանք՝ որպես քաղաքական գործիչներ, եղել են բավականին թույլիկներ:

Քաղաքական էլիտայի ու գործչի կարևոր հատկությունը պետք է լինի իրականությունը համարժեքորեն նկարագրելու ընդունակությունը, և երբ տվյալ էլիտան հասկանար, որ մեր հասարակությանը անհրաժեշտ է խորհրդային մոդեռնից անցում կատարել մոդեռնիստական հասարակություն, ինքն արդեն գործընթացի մեջ կներգրավեր երևույթը ընկալող ու մեկնաբանող մասնագետների, որոնց օգնությամբ էլ կկատարեին հասարակության վերափոխումը:

Բայց քանի որ մեր էլիտաները մտածում էին, որ գլխավոր խնդիրը շուկայականացումն է և ժողովրդավարությունը, բայց այս երկուսը առանց երրորդ կոմպոնենտի, որը հասարակության մոդեռնացումն է, անհնար է: Այս չհասկանալու հետևանքով ունեցել ենք տրանզիցիայի թերի գործընթացներ:

Հիմա քիչ թե շատ ավելի երիտասարդ սերունդ է եկել, որն ավելի հաղորդակից է աշխարհում կատարվող իրադարձություններին: Այժմ մեր ներսում սկսվել է հին և նոր մտածողություն ունեցող սերնդի բախումը:

Խորքային առումով սա սոցիոմշակութային բնույթի բախում է, որը եթե մենք հաղթահարենք հօգուտ մոդեռնացման՝ որպես ազգ կկայանանք և կզարգանանք, եթե ոչ՝ պարզապես կմնանք համայնքային մակարդակում գործող ցեղային-համայնքային համակեցությամբ ապրող հանրույթ, որը չի կարող իր պետությունը պահել, որովհետև համակեցության այդ մտածողությունն ու արժեհամակարգը պարզապես անհամատեղելի են ժամանակակից պետություն ունեցող ազգերի հետ: Այս լուրջ խնդիրը եթե չհասկացանք՝ կկորցնենք մեր պետականությունը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am