«Անկախ դիտորդի» հայտարարությունը` ՏԻՄ ընտրություններում 18:00-ի դրությամբ դիտարկման արդյունքների վերաբերյալ

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2021 թ. նոյեմբերի 14-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկում է Կապան, Իջևան, Ստեփանավան, Լերմոնտովո և Արզնի համայնքների ավագանու ընտրությունները 32 տեղամասերում և 3 Տարածքային ընտրական հանձնաժողովներում:

Բոլոր համայնքներում քվեարկությունն իրականացվում է 1 քվեաթերթիկով, և ընտրողները քվեարկում են՝ գրիչով նշում կատարելով։

Առաքելության դիտորդները տեղաբաշխված են հունիսի 20-ի ԱԺ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրական տարբեր վարք դրսևորած տեղամասերում, ինչպես և այցելում են մյուս տեղամասերը և շրջագայության միջոցով դիտարկում համայնքներում ընդհանուր մթնոլորտն ու իրավիճակը: Շրջիկ դիտորդական խմբերը դիտարկել են նաև հանձնաժողովի նիստը լրացուցիչ տեղամասերում։ Հիշեցնենք, որ դիտորդները սկսել են իրականացնել դիտարկումը տեղամասային ընտրական հանձնաժողովների առավոտյան նիստից սկսած:

Ժամը 12-ի դրությամբ արձանագրված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք տեսնել այստեղ:

Ստորև ներկայացնում ենք վիճակագրական արդյունքները 32 դիտարկված տեղամասերում 08:00-18:00-ի դրությամբ:Քվեարկությունը քվեախցիկից դուրս իրականացնելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի 53%-ում (17 տեղամաս), ընդհանուր՝ առնվազն 54 դեպք:Մեկից ավելի անձանց մուտք քվեախցիկ արձանագրվել է դիտարկված տեղամասերի 12.5%-ում (4 տեղամաս):

Վկայականը տեսանելի չկրելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերից ընդամենը մեկում:Արձանագրվել է քվեարկության մասին բարձրաձայն հայտնելու կամ այլ կերպ քվեարկությունը բացահայտելու ընդամենը 2 դեպք՝ տարբեր համայնքներում, որոնցից մեկի դեպքում ընտրողը բացականչել է կուսակցության կարգախոսը, իսկ մեկ այլ դեպքում բարձրաձայն քննադատել ընդդիմադիր թեկնածուին:

Հանձնաժողովի անդամների կողմից քաղաքացիներին քվեարկելու կարգը չներկայացնելու դեպքեր արձանագրվել են դիտարկված տեղամասերից 2-ում, իսկ ընտրողների կողմից քվեակարգի ընկալման հետ կապված խնդիրներ արձանագրվել են 25 տեղամասերում:

Դիտարկված տեղամասերից 27-ում ընտրողին քվեարկել օգնել են նրանց ուղեկցող անձինք, իսկ 1 դեպքում՝ տեղամասային կենտրոնում գտնվող վստահված անձը, որը օգնելու իրավունք չուներ:Դիտարկված տեղամասերից մեկում դիտորդը նկատել է, որ ընտրողը երկար ժամանակ հեռախոսը ձեռքին գտնվել է քվեարկության խցիկում, ինչից եզրակացրել է, որ ընտրողը լուսանկարում է քվեաթերթիկը:

Դիտարկված տեղամասերում չեն եղել տպագիր քարոզչական նյութեր, փոխարենը զանգվածային բնույթ է կրել մերձակա տարածքում տպագիր տարբեր չափսերի պաստառների փակցված մնալը: Միաժամանակ, եթե մյուս համայնքներում պարբերաբար նկատվում էին քարոզչական պաստառներով կայանված կամ առանձին տեղաշարժվող մեքենաներ, Ստեփանավան համայնքում դիտարկվել է ԲՀԿ քարոզչական պաստառներով մեքենաների մի ամբողջ շարասյուն, որը շրջագայում էր տարբեր տեղամասերով և քաղաքով:

Դիտարկված տեղամասերի 19%-ում (6 տեղամաս) գրանցվել են դեպքեր, երբ ընտրողների անունները բացակայել են ընտրողների ցուցակից, և 1 դեպք, երբ անձը ներկայացրել է այլ անձի փաստաթուղթ: Ընտրողների անունների բացակայությունը հիմնականում պայմանավորված է եղել անձնագրի վավերականության ժամկետով։

Ընտրողներն ուղղորդվել են ոստիկանության անձնագրային բաժին։Դիտարկված տեղամասերից միայն մեկում է գրանցվել դեպք, երբ քարտուղարը փորձել է իր վրա վերցնել հանձնաժողովի նախագահի գործառույթները:Կուտակումներ գրանցվել են դիտարկված տեղամասերից 9-ում, որից 6-ը եղել են տեղամասային կենտրոնի շուրջ՝ 50 մ շառավղով: Ծառայություն իրականացնող ոստիկաններն առավելապես արձագանքել են իրավիճակին և վերացրել խախտումը։

Շարունակական և կրկնվող բնույթ կուտակումները կրել են միայն Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրում:Դիտարկված տեղամասերից 2-ում արձանագրվել է վիճաբանության 2 դեպք: Քվեաթերթիկները քվեասենյակից դուրս հանելու դեպքեր չեն եղել։Տեղամասերում տեղակայված դիտորդների կողմից ընտրողների կազմակերպված տեղափոխություն դիտարկվել է Կապան և Իջևան համայնքների 3 տեղամասերում, ընդ որում՝ Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի դեպքում ավտոբուսով քվեարկության էին բերվել մի քանի խումբ՝ Կայան գյուղի բնակիչները:

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը ժամը 18:00-ի դրությամբ ուղարկել է մեկ դիմում Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու պահանջով։Դիտորդական առաքելությունը շարունակում է հետևել ընտրությունների ընթացքին տեղամասերում դիտորդների, շրջիկ դիտորդական խմբերի, ինչպես նաև լրատվամիջոցների մշտադիտարկման միջոցով:

«Ընտրություններ բոլորի համար 2021 – տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտորդություն է իրականացնում հետևյալ անդամ և գործընկեր կառույցների հետ․Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ«Կանանց իրավունքների տուն» ՀԿ«Գյումրու ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ