«Ժառանգություն» կուսակցության առաջարկությունները անշարժ գույքի հարկման գծով «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ

Հեղինակ MediaLab

«ՀՀ հարկային օրենսգրքում» անշարժ գույքի հարկի շեմի և դրույքաչափերի փոփոխություն նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը Հայաստանում փաստացի հանգեցնելու է հարկային բեռի ավելացման։  «Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է, որ  այս փոխությունները, ըստ էության, անշարժ գույքի պրոգրեսիվ հարկման սկզբունքի ներդրման փորձ են, և դրանով կառավարությունը հակասում է իր կողմից ավելի վաղ նախաձեռնած հարկման համահարթեցման սկզբունքին, որը կիրառվեց եկամտահարկի հանդեպ։ «Ժառանգությունը», լինելով պրոգրեսիվ հարկման սկզբունքի կողմնակից քաղաքական ուժ, ունի անհամաձայնություններ օրենքի նախագծի որոշ դրույթների վերաբերյալ:

Ա. Օրենքի այս փոփոխություններով նախատեսվում է վերացնել գույքահարկի չհարկվող շեմը. գործող օրենքով մինչև 3 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող անշարժ գույքը չի հարկվում։ Այսպիսով խախտվում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված այն դրույթը, որ Հայաստանը սոցիալական պետություն է: Ցածր արժեք ունեցող գույքի սեփականատերերը ավելի ծանր սոցիալական պայմաններում ապրող ՀՀ քաղաքացիներն են, և նրանց լրացուցիչ հարկային պարտավորություններով ծանրաբեռնելը ճիշտ չէ՝ հատկապես եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ ծրագրված է նաև անշարժ գույքի կադաստրային արժեքների մոտարկումը շուկայական արժեքին, ինչի պատճառով փաստացի անշարժ գույքի արժեքը մի քանի անգամ կբարձրանա՝ համապատասխանաբար ավելացնելով հարկման հիմքերը։ Ավելին, գույքահարկի չհարկվող շեմի վերացումը բացասաբար կազդի նաև երկրի տնտեսության վրա՝ առաջացնելով բացասական մուլտիպլիկատորի ազդեցություն, վնասելով շինարարությանը և հարակից ոլորտներին։ 

Բ. Նախագծում խտրական տարբերակում է առաջարկվում առանձնատների   և բնակարանների գույքահարկի սահմանման առումով: Նույն արժեքն ունեցող առանձնատների սեփականատերերը պետք է ավելի մեծ գումարի հարկ վճարեն, քան բնակարանների սեփականատերերը, ինչը հակասում է ՀՀ Հարկային օրենսգրքով ամրագրված հարկային համակարգում խտրականության բացակայության սկզբունքին, այն չունի տնտեսագիտական, բարոյական կամ որևէ այլ  կարգի հիմնավորում։

Գ. Այս օրենքի նախագիծը, ինչպես նաև նրա հետ փոխկապակցված «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որևէ կերպ չեն նպաստում տարածքների համաչափ զարգացման խնդրի լուծմանը: Մեր համոզմամբ, այն ավելի կխորացնի Երևան քաղաքի և մնացած բնակավայրերի զարգացման միջև առկա խոր տարբերությունը։

Ելնելով վերոնշյալ դիտարկումներից, «Ժառանգություն» կուսակցությունը ՀՀ ԱԺ-ին և կառավարությանն առաջարկում է.

  1. ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանել անշարժ գույքի հարկման բազայի նվազագույն շեմ՝ 12 մլն. ՀՀ դրամի չափով։
  2. Միատեսակ, ոչ խտրական մոտեցում ցուցաբերել հարկման ենթակա  օբյեկտների տարբեր տեսակների վերաբերմամբ:
  3. Հայաստանի ռազմավարական շահերի և պետական անվտանգության խնդիրներից ելնելով՝ բոլոր օրենսդրական նախաձեռնությունները քննարկելիս հաշվի առնել տարածքների համաչափ զարգացման ապահովման անհրաժեշտությունը:

 «Ժառանգություն» կուսակցություն