ԼՂ հարցը, ցավոք, հայկական փաստարկներով չէ, որ կարգավորվելու է․ վարչապետ

Հայաստանը հայկական փաստարկներով չի կարող ու չի կարողանալու լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե կա արդյոք որևիցե հայկական փաստարկ, որ Արցախը չէր կարող լինել Ադրբեջանի կազմում։

« Իրականում ձեր հարցը ձեր պատասխանը տալիս է։ Դա հատուկ է բոլորիս՝ անկախ նրանից ընդդիմություն ենք, թե իշխանություն։  Մենք այսքան տարիներ օգտագործել ենք «հայկական փաստարկ» հասկացությունը ու փորձել ենք Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել հենց այս հասկացության շրջանակներում՝ չգիտակցելով, որ ԼՂ հարցը, ցավոք հայկական փաստարկներով չէ, որ կարգավորվելու է։  Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ կան միջազգային փաստարկներ, իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումներ։ Մենք հավատացել ենք, որ հայկական փաստարկներով կարողանալու ենք թուլացնել, հաղթահարել, զրոյացնել այն»,- արձագանքեց Փաշինյանը։

Վարչապետն ասաց, թե ինքը հայկական փաստարկներին պակաս նվիրված չի եղել, որքան նվիրված է ընդդիմությունը:

«Խնդիրն այն է, որ հայկական փաստարկով չենք կարող, այսօր էլ չենք կարող ու հետո էլ չենք կարողանալու լուծել որևէ հարց»,- ասաց վարչապետը: Ըստ վարչապետի՝ իր այս խոսքերի ապացույցն այն է, որ եթե հնարավոր լիներ, ընդդիմությունը ժամանակին կլուծեր այդ հարցն ու չէր հասնի իրեն:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, ով հայտարարել է, որ բանակցային գործընթացում պետք էր հույս տալ Ադրբեջանին, որ հարցն ինքն առանց պատերազմի կլուծեր, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ իրենք չեն կարողացել Ադրբեջանին հույս տալ, որովհետև հույս տալու ռեսուրսը վերջացել էր:

«Երբ մենք եկանք իշխանության, արդեն ձեր տված հույսերն իրականացնելու ժամանակն էր եկել, սա է ամբողջ պատմությունը»,- հայտարարեց Փաշինյանը: