Դատարկ տաղավարը վարձակալվել է 200 հազար դոլարով․ Fip.am

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում փետրվարի 21-ից 25-ն ընթանում է IDEX 2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև Հայաստանը։ 

Փետրվարի 21-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի տաղավարը դատարկ է, և ցուցանմուշները բացակայում են։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնեց, որ առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։ Հայտարարության մեջ նաև ասվում է, որ նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն՝ տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով։

Նույն օրը լրատվական կայքերում տեղեկություն տարածվեց, որ տաղավարի վարձակալությունն արժեցել է շուրջ 200 հազար դոլար։ Նշենք, որ «Հետքն» արդեն պարզել է, որ տաղավարի կառուցապատման աշխատանքների համար նախարարությունը 23 մլն դրամի պայմանագիր է կնքել «Էքսպո Գրուպ» ՍՊԸ-ի հետ:

Էլեկտրոնային գնումների համակարգում հասանելի պայմանագրից տեղեկանում ենք, որ տաղավարի վարձակալությունն արժեցել 107,200,000 դրամ, որը այսօրվա փոխարժեքով (525 դրամ մեկ դոլարի դիմաց) կազմում է շուրջ 204 հազար դոլար։

Պայմանագիրը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կնքել է Capital Events LLC ընկերության հետ՝ այս տարվա հունվարի 27-ին։ Շուրջ 200 քառ. մետր մակերես զբաղեցնող տաղավարը հինգ օրով վարձակալելը պայմանագրով արժեցել է 204,065 դոլար։ Իսկ ավելացված արժեքի հարկը ներառյալ՝ ընդհանուր արժեքը հասել է 214,268 դոլարի։

Այսպիսով, տաղավարի վարձակալության արժեքի մասին մամուլում հայտնված տեղեկությունները ճիշտ են։

Աղբյուրը՝ Fip.am