Հանրային հեռուստաընկերությունը չի ուսումնասիրի քաղաքական գովազդի բովանդակությունը․ հայտարարություն

Հանրային հեռուստաընկերության հայտարարությունը․

Հանրայինը նախընտրական քարոզչության շրջանակում մինչ այս պահն առաջնորդվել է երրորդ կողմի իրավունքների առերևույթ խախտումը կանխելու սկզբունքով և օրենսդրական վիճելի կարգավորումների պայմաններում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների հետ համագործակցությամբ ձեռնպահ է մնացել իրավական տեսանկյունից խնդրահարույց դրվագների ցուցադրությունից:

Հանրայինը նախօրեին դիմել էր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և Մարդու իրավունքների պաշտպանին՝ խորհրդատվական կարծիքի համար՝ նման դեպքերում հստակ և համապարփակ իրավական մոտեցում ցուցաբերելու նպատակով:

Առաջին ալիքը, ուսումնասիրելով շահագրգիռ կառույցների կողմից ստացված պատասխանները, եզրակացրել է, որ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից իրականացվող նախընտրական քարոզչության բովանդակության գնահատումը, չունենալով օրենքով հստակ սահմանված չափորոշիչներ և սահմաններ, պարունակում է սուբյեկտիվության ռիսկեր:

Այսպիսով, Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ պատասխանատվություն չի կրում նախընտրական քարոզչության ժամանակ քաղաքական ուժերի կողմից տրամադրվող հոլովակների բովանդակության համար: Հանրայինն ամբողջությամբ կհեռարձակի կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացվող հոլովակները՝ չուսումնասիրելով դրանցում առկա հնարավոր իրավական ռիսկերը:

Այնուամենայնիվ, Առաջին ալիքը կոչ է անում քաղաքական ուժերին ձեռնպահ մնալ ատելության խոսքից՝ մաքուր պահելով Հանրայինի եթերը: Հանրային հեռուստաընկերությունը շնորհակալություն է հայտնում խորհրդատվական կարծիք տրամադրած կառույցներին: