«Արդյունքում ունենում ենք ԱԱԾ-ից բացի ևս մեկ մարմին, որը կարող է գաղտնալսել, ինչը ռիսկային է մարդու իրավունքների խախտման տեսանկյունից»․ Արթուր Սաքունց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում  է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

– Ինչպե՞ս եք գնահատում իշխանության ներկայացրած օրինագիծը, որով ոստիկանությունը հնարավորություն է ստանում ոչ թե ԱԱԾ-ի միջոցով, այլ ինքնուրույն գաղտնալսել հեռախոսային խոսակցությունները, իհարկե՝ դատարանի որոշմամբ։ Իշխող խմբակցության ներկայացուցիչները նշում են, որ ոստիկանությունը միշտ էլ այդ լիազորությունն ունեցել է, սակայն հիմա կարող է դա անել ոչ թե ԱԱԾ-ի, այլ իր սարքերով։ Դուք այս օրինագծում ռիսկեր տեսնո՞ւմ եք։

– Այս նախագիծը շատ հստակ ցուցիչն է այն մոտեցման, որ, ցավոք սրտի, իշխանությունը որդեգրել է, ոչ թե բովանդակային նշանակության խնդիրների լուծման մասին է մտածում, այլ տեխնիկական։ Առավել կարևոր խնդիրը «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի մեջ է, որն ընդունման պահից ռիսկային է եղել մարդու իրավունքների տեսանկյունից, ինչի մասին մենք բազմիցս նշել ենք։ 

Օրենքով սահմանված ընթացակարգերը, մոտեցումները տեղ են թողնում, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմամբ ոչ միայն խախտվեն մարդու իրավունքները, այլև անհնար լինի արձանագրել մարդու իրավունքների խախտումը և նաև վերականգնել խախտված իրավունքը և պատասխանատվության ենթարկել խախտողին։ Մասնավորապես, օպերատիվ-հետախուզական միջոցառում կարող է իրականացվել քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ։ 

Եթե կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակը դադարեցվում է, ապա նրա նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը երեք ամսվա ընթացքում պետք է տրամադրվի այդ անձին, որպեսզի նա ծանոթանա, գնահատի, թե այդ միջոցառումների իրականացմամբ խախտվե՞լ են իր իրավունքները, թե՞ ոչ, և եթե խախտվել են, կարողանա բողոքարկել։  Հայաստանում մինչ այժմ չի եղել մի դեպք, որ որևէ կասկածյալի կամ մեղադրյալի, եթե նրա այդ կարգավիճակը դադարեցվել է, ծանոթացնեն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալներին։ 

Այսինքն՝ ինքնին այդ օրենքը՝ որպես իրավական փաստաթուղթ, չի համապատասխանում մարդու իրավունքների չափանիշներին, նաև ի սկզբանե մարդու իրավունքների նկատմամբ ռիսկային է։ Եվ հիմա այդ ռիսկային փաստաթուղթը փոխելու, օրենքը հստակեցնելու, կատարելագործելու փոխարեն այդ ոչ պիտանի օրենքով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման լիազորությամբ օժտում են նաև մեկ այլ իրավապահ մարմնի՝ դրա համար նախատեսելով անհրաժեշտ տեխնիկական միջոցների հատկացում։ 

Արդյունքում մենք ունենում ենք ԱԱԾ-ից բացի ևս մեկ մարմին, որը կարող է գաղտնալսել հեռախոսային խոսակցությունները, ինչը ռիսկային է դառնում մարդու իրավունքների խախտման տեսանկյունից։ 

Արձանագրենք, որ գլխավոր խնդիրը թողած՝ ոստիկանությանն օժտում են նման լիազորությամբ։ 

Այն, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ սարքավորումներ պետք է ունենան հետագայում նաև թե՛ հակակոռուպցիոն կոմիտեն, թե՛ ՀՔԾ-ն, թե՛ ոստիկանությունը, թե՛ Քննչական կոմիտեն, բնական է, որպեսզի հանցագործությունները կանխեն կամ բացահայտեն և այլն։ Մասնավորապես, եթե ՀՔԾ-ի վարույթում գտնվող ԱԱԾ աշխատակցի նկատմամբ հարուցված քրգործի շրջանակներում օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման թույլտվությունը դատարանի կողմից ստանալուց հետո այդ միջոցառման  տեխնիկական իրականացումը կարող է անել ԱԱԾ-ն։ 

Այսինքն ստացվում է, որ եթե ԱԱԾ-ի աշխատակցի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, ապա  ԱԱԾ-ն իրականացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իր աշխատակցի նկատմամբ, ինչը, իհարկե,  անտրամաբանական է։ Երկրորդ՝ եթե գաղտնալսելու միակ տեխնիկական հնարավորությունը գտնվում է ԱԱԾ-ի ձեռքին, ապա անկախ նրանից, թե քննությունն իրականացնում է ՀՔԾ-ն, ՔԿ-ն, թե օպերատիվ-հետախուզական միջոցառման գործողության արդյունքները պետք են ոստիկանությանը, թե ստեղծվելիք հակակոռուպցիոն կոմիտեին, բոլոր տվյալները կենտրոնացած կլինեն մեկ կառույցի ձեռքում՝ ԱԱԾ-ի։ 

Ոչ մի երաշխիք չկա, որ ԱԱԾ-ն այդ տվյալները իմ նշած կառույցներին տրամադրելուց զատ, իր մոտ չի պահելու։ Այստեղ, իհարկե, տրամաբանություն կա, բայց եթե դու այդ անպիտան այդ գործիքի՝ օպերատիվ-հետախուզական միջոցառման մասին այդ օրենքի կատարման լիազորությամբ օժտում ես մեկի փոխարեն հինգ մարմնի, ապա հնգապատիկ մեծանում են ռիսկերը։ 

Այստեղ է առողջ տրամաբանության բացակայությունը՝ երբ քո գործիքն անպիտան է, ապա դու հնգապատիկ մեծացնում ես մարդու իրավունքների խախտման հիմքերը։ Փոխանակ այս խնդիրը լուծեն, նոր ոստիկանությանն օժտեն նոր լիազորություններով, օժտում են և ռիսկերն ավելացնում են։ Ես իշխանությունների տրամաբանությունը չեմ հասկանում։ Ստացվում է, որ մարդու իրավունքների նկատմամբ պատասխանատվության գիտակցումը առաջին պլանում չէ։ 

– Ի դեպ, կառավարությունը մերժել էր այս նախագիծը, խորհրդարանն այն անցկացրեց։

– Կառավարությունը պետք է ոչ միայն մերժեր, այլ նաև առնվազն իմ վերը նշած հիմնավորումներով ներկայացներ Ազգային ժողովին ռիսկերը։ Ես չեմ տեսել այդ ռիսկերի ներկայացման մասին որևէ դիրքորոշում կառավարության կողմից։ Պետք չէ հարցերին ֆորմալ մոտենալ։ 

– Բերվում է նաև հիմնավորում, որ մինչև 2007 թվականը ոստիկանությունն ունեցել է այդ լիազորությունը, որն իր ձեռքից խլվել է նախորդ իշխանության կողմից, որի նպատակը եղել է այն, որ ԱԱԾ-ն միանձնյա տնօրինի այդ լիազորությունը։ Դուք չե՞ք կիսում այս մոտեցումը։

– Բոլորովին այլ մոտեցման մասին է խոսքը։ Երբ այդ լիազորությունը ոստիկանության ձեռքին էր, ոստիկանությունն այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման տեխնիկական միջոցներն ունենալով չէ՞ր խախտում մարդու իրավունքները։

Իհարկե խախտում էր։ Երբ խոսքը լիազորությունների կենտրոնացվածության մասին է, էլի հետին պլանում է  մնում բովանդակային հարցը, որ օրենքով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումն արդեն իսկ մարդու իրավունքների խախտում է, մարդու իրավունքների խախտման լուրջ ռիսկեր ունի։ Պետք է այդ ռիսկերը փոխել։ Այո՛, նախորդ իշխանությունը այդ անպիտան գործիքը կենտրոնացրել էր մեկ մարմնի ձեռքին, որ ավելի հեշտ կառավարի։

Ավտորիտար կառավարման տրամաբանությունն էր այդպես թելադրում, որ ամբողջ ծանրության կենտրոնը դրված էր ԱԱԾ-ի վրա՝ որպես քաղաքական ընդդիմադիրներին, քաղաքացիական ակտիվիստներին հետապնդող մարմնի։ Հիմա  դուրս է գալիս, որ այդ անպիտան գործիքով օժտում են բոլոր իրավապահ մարմիններին։ Այսինքն՝ մեծացնում են խախտողների թիվը, որովհետև այն գործիքը, որով օժտում ես իրավապահ մարմիններին, ինքը խախտող է։ Պետական ինստիտուտների գործունեության արդյունավետության բարձրացումը չպետք է ինքնանպատակ լինի։

Պետք է բովանդակության հիմքում ընկած լինի կարողությունների զարգացումը և լիովին տեղավորվի այն տրամաբանության շրջանակներում, որ դրանք չհանգեցնեն մարդու իրավունքների խախտման։ Մարդու իրավունքների նկատմամբ պատասխանատվությունը պետք է կարմիր գծով անցնի բոլոր ինստիտուցիոնալ փոփոխություններով։ 

– Ըստ էության, ձեզ համար անընդունելի՞ է այս նախագիծը։

– Ես հիմնավորեցի, որ որպես այդպիսին, իհարկե, պետք է ունենալ դա, բայց ոչ թե անպիտան գործիքով։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am