«Այն մեղադրանքները, որոնք հնչեցին Նիկոլ Փաշինյանի կողմից չեն նպաստում իրավիճակի հանգուցալուծմանը». Բորիս Նավասարդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը

– Մարտի 1-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը նորից քաղաքական ուժերին կոչ արեց արտահերթ ընտրությունների շուրջ համախմբվել: Արդյոք այս օրակարգը կարո՞ղ է աշխատող լինել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փաշինյանը ցույց տվեց իր համակիրների թիվը բազմամարդ հանրահավաքում:

– Ես չեմ կարծում, որ ընդհանուր պլատֆորմի շուրջ իշխանության և ընդդիմադիր ուժերի համախմբումն այսօր հնարավոր է, որովհետև բացի արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկությունից, մենք լսեցինք նաև այնպիսի մեղադրանքներ, որոնք ընդունելի չեն լինելու ընդդիմադիրների կողմից, և արձագանքներն արդեն մենք լսում էինք ոչ միայն հարթակային ընդդիմությունից, այլ նաև «Լուսավոր Հայաստանի» կողմից, ինչը նշանակում է, որ կոնսենսուսի գալու հավանականությունը շատ ցածր է: 

Իմ պատկերացմամբ՝ արդյունավետ ու կառուցողական երկխոսությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե այն խորհրդակցությունները, որոնց մասին խոսում էր վարչապետը, լինեն բաց օրակարգով և հնարավոր կլինի այնտեղ քննարկել ցանկացած հարց և ճգնաժամից դուրս գալու տարբեր ուղղություններ՝ չբացառելով որևէ բան և չդնելով որևէ նախապայման, այն դեպքում, երբ մինչև հանրահավաքը մենք այդպիսի նախապայմաններ «Իմ քայլից» լսել էինք: 

Օրինակ՝ որ ընդունվի Օնիկ Գասպարյանի հրաժարականը, և նաև լսեցինք մեղադրանքներ Օնիկ Գասպարյանի հասցեին, որ նա կատարում էր նախկին իշխանությունների հրահանգները: 

Բնականաբար, այդ կարգի պլատֆորմի վրա որևէ երկխոսության հնարավորություն չեմ տեսնում: Մարդկանց այն թիվը, որ հավաքվել էին Հանրապետության հրապարակում, դժվար թե լինի ուժեղ փաստարկ: 

– Վարչապետը նաև խոսեց սահմանադրական փոփոխությունների, սահմանադրական հանրաքվեի մասին՝ որպես ժամկետ նշելով հոկտեմբերը: Արդյոք դա ռացիոնա՞լ ժամկետ է, արդյոք այդպիսի փոփոխությունների անհրաժեշտություն կա՞: Նաև կիսանախագահական համակարգին անցնելու ակնարկ արեց: Ինչպե՞ս եք սա գնահատում:

– Հնարավոր են, իհարկե, տարբեր գրավիչ առաջարկներ անել ընդդիմությանը, որովհետև մենք գիտենք, որ ընդդիմադիր ուժերի մեջ կան այնպիսիք, որոնք գտնում են, որ նախագահական համակարգն ավելի արդյունավետ կաշխատի Հայաստանի կառավարման միջավայրում: 

Սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար նշված ժամկետները նույնպես, կարծես, ողջամիտ են, բայց եթե իմ կարծիքն է հետաքրքրում, ապա ես կարծում եմ, որ կառավարման համակարգը այդ արագությամբ փոխելը ճիշտ լուծում չէ: 

Ցանկացած համակարգ կարող է արդյունավետ աշխատել: Այսինքն հարցը ոչ թե համակարգ ընտրելու մեջ է, այլ այն իրականացնելու և կատարելագործելու: Կարծում եմ, որ սահմանադրական փոփոխությունները հենց եղած համակարգի կատարելագործմանը պետք է ուղղված լինեն, ինչպես պետք է լիներ 2015 թվականին, բայց փաստորեն մենք անընդհատ գնում ենք մի ծայրահեղությունից մյուսը: 

Դա պետականության համար որևէ կայունություն չի կարող նշանակել: Սակայն ես կարծում եմ, որ բացի հանրաքվեից, եթե լինի համաձայնություն ընդդիմադիր ուժերի, առաջին հերթին՝ խորհրդարանական ընդդիմության հետ, ցանկալի է, որ խորհրդարանում արդեն Սահմանադրության մեջ որոշակի փոփոխություններ մտցվեն: 

Առաջին հերթին խոսքը պետք է լինի այն խոչընդոտների մասին, որոնք կան ընտրական օրենսդրությունը բարելավելու համար, ինչպես նաև անհրաժեշտ է նախատեսել ԱԺ-ի ինքնալուծարման ինստիտուտը, որովհետև ցանկալի չէ կրկին ունենալ այն թատրոնը, որն ունեցել ենք 2018 թվականին, երբ երկու անգամ վարչապետը հրաժարական է տալիս, որ խորհրդարանը ցրվի: Ցանկալի է ավելի ընկալելի մեխանիզմ լինի, և խորհրդարանը ստանա ինքնալուծարվելու հնարավորություն: 

– Իշխանությունը հանրահավաք էր անում Հանրապետության հրապարակում, ընդդիմությունը՝ Բաղրամյան պողոտայում: Դուք ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում: Արտահերթ ընտրությունների գնալու Փաշինյանի առաջարկն ընդունելի չէ Բաղրամյանում հավաքված ընդդիմության համար:

– Միակ տարբերակը արդյունավետ և կառուցողական երկխոսության համար խորհրդակցություններ սկսելն է առանց որևէ նախապայմանի և բաց օրակարգով, երբ բոլոր կողմերը կարող են ցանկացած պատկերացում, առաջարկություն, պահանջ ներկայացնել և փորձել գտնել ընդհանուր լուծումներ: 

Միայն այդ դեպքում, կարծում եմ՝ այդ երկու առավել ակտիվ քաղաքական կողմերը՝ իշխանությունները և Բաղրամյանի հարթակային ընդդիմությունը, ինչպես նաև այն քաղաքական ուժերը, որոնք այսօր որոշակի պասիվություն են ցուցաբերում՝ իրավիճակն էլ ավելի չսրելու համար, բոլորը կհամաձայնեն այդ դեպքում գնալ երկխոսության և փորձել գտնել ճգնաժամից դուրս գալու ուղիներ: 

– Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրելով հասարակությունից փորձում է երկրորդ շանսն ստանալ: Դա որքանո՞վ է արդարացված:

– Ներողություն խնդրելը երբեք վատ չէ, եթե երկրի ղեկավարը զգում է իր պատասխանատվությունն ու մեղավորությունը, սակայն հաշվի առնելով ներկա լարված քաղաքական իրավիճակը, դա դժվար թե որևէ բան փոխի քաղաքական ուժերի դասավորության համար: Սա միգուցե մի փոքր հոգեբանական ազդեցություն թողնի քաղաքացիների վրա, ոչ ավելին: 

– Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը դարձյալ մատնանշեց նախկիններին, Սերժ Սարգսյանին, ՀՀԿ-ին, հայտարարեց, որ Օնիկ Գասպարյանը նախկինների հրահանգներն է կատարել: Նաև ասաց, որ բանակի գեներալների նկատմամբ վենդետա չի լինելու: Ձեր կարծիքով, ի վերջո, Արմեն Սարգսյանը կստորագրի՞ ԳՇ պետին ազատելու հրամանագիրը:

– Նախ՝ այդ կարգի մեղադրանքները, որոնք հնչեցին Նիկոլ Փաշինյանի կողմից, բնականաբար, չեն նպաստում իրավիճակի հանգուցալուծմանը, դրանք միայն կարող են խոչընդոտ լինել տարբեր կողմերի որևէ կառուցողական գործողության համար: 

Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանին, ապա ես համոզված եմ, որ նախագահի աշխատակազմը այդ հարցով ինչ էլ որոշի, այն հիմնված կլինի հարցի իրավաբանական կողմի ուսումնասիրման վրա: 

Արդեն մի քանի անգամ նախագահը ցույց տվեց, որ ինչքան էլ այս կամ այն հարցի վերաբերյալ կարող է ունենալ սեփական կարծիք, ինքը ցանկանում է ամեն դեպքում չխախտել այն օրենսդրական, սահմանադրական սկզբունքները, որոնցով որոշվում են իր լիազորությունները: Այնպես որ, շատ դժվար է կանխատեսել:

– Ըստ էության, իրավիճակի հանգուցալուծում երեկ էլ չհնչեց հրապարակում:

– Կարծում եմ՝ այո: Եթե վերցնենք այն տրամադրությունները, որոնք կային Բաղրամյան պողոտայում և Հանրապետության հրապարակում, միանշանակ կարելի է ասել, որ մարտի 1-ը չբացեց նոր ճանապարհներ դեպի հանգուցալուծում և երկխոսություն:

Մանե Հարությունյան

MediaLab.am