«1920-ականների քարտեզներում անկլավներ գոյություն չունեն, բայց Մոսկվան կարծես մտադիր չէ դրանք տրամադրել կողմերին». Ռուբեն Գալիչյան

Լուսանկարը՝ Հանրային հեռուստաընկերություն

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է աշխարհագրագետ և քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալիչյանը

– Պարո՛ն Գալիչյան, երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները օգոստոսի 30-ին կհանդիպեն Մոսկվայում: Սա այդ հանձնաժողովների երկրորդ հանդիպումն է։ Քննարկվելիք հարցերի վերաբերյալ տեղեկություն չկա, բայց ձեր կարծիքով՝ ի՞նչ հարցեր կարող են քննարկվել այդ հանդիպմանը:

– Ճիշտն ասած, այդ հանձնաժողովը աշխատանքային խումբ չէ, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված խումբ է, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում: Այսինքն՝ նրանք գործ անող չեն, նրանք պետք է ընդամենը ուղղություն տան՝ ինչպես անել: Իրական գործ անողը դեռևս գոյություն չունի: Այս խումբը նախնական պետք է որոշի՝ ինչ են անում, որ քարտեզներն են հիմք ընդունում առաջին հերթին, հետո ինչպես են սկսում աշխատել և այլն: Դրանից ավելի բան ես չեմ կարծում, թե այդ հանձնաժողովները կարող են անել:

Ի զորու էլ չեն անել, քանի որ այդ խմբում չկան մասնագետներ: Ես չգիտեմ՝ արդյոք 1920-ական թվականների քարտեզների մասին որոշումներ կա՞ն, դրանք հիմք պե՞տք է ընդունեն, թե՞ ոչ: Այդ քարտեզները Ադրբեջանը չի ուզի, Հայաստանը կարող է ուզել, դե իսկ Ռուսաստանն էլ այս հարցում կարծես Ադրբեջանի կողմն է: Չնայած այդ քարտեզները Ռուսաստանի մոտ են, հավանաբար չտա այդ քարտեզները, ինչպես մինչև հիմա չի տվել:

– Իդեալական տարբերակը ինչպե՞ս կարող էր լինել:

– Իդեալական տարբերակը կլիներ այն, որ այդ հանձնաժողովը նստեր, որոշեր, որ մենք սահմանազատումն ու սահմանագծումն սկսում ենք սովետական սահմաններով, Ադրբեջանը պետք է հետ քաշվի այն սահմաններից, որոնք ինքը ժամանակին՝ 1970 թվականին զբաղեցրել է, խորհրդային քարտեզում գլխավոր շտաբի կողմից գծված սահմաններով սկսենք, բայց նպատակ ունենալով հասնել ինչպես Ադրբեջանն է ասում՝ նախասովետական շրջանին, որը 20-ական թվականների քարտեզներն են, և որոնք մանրամասն միայն Մոսկվան ունի և որոնք ոչ մեկին չի տրամադրել:

– Ասում եք՝ Մոսկվան չի տրամադրի այդ քարտեզները, ինչո՞ւ:

– Ադրբեջանին էլ չեն տվել դրանց օրինակը: Պարզապես նպատակն այն է, որ Մոսկվան չի ուզում՝ ուրիշները տեսնեն, թե ինքն ինչ քարտեզներ է գծել, ինչ քարտեզներ ունի: Պուտինը անցյալ հոկտեմբերին հայտարարեց, որ բանակցությունների ժամանակ այդ քարտեզները մեջտեղ կբերենք, որոնք ոչ մեկը չունի, միայն մենք ունենք:

Այդ քարտեզներում անկլավներ գոյություն չունեն, այն տարածքները, որ ապագայում Հայաստանի հողամասերից 1500 քմ տվեցին Ադրբեջանին, հայկական են: Այդ պատճառով էլ, ես կարծում եմ, չի տրամադրի:

– Պարոն Գալիչյան, հայկական կողմը երեկ նաև ազատեց Բերձորը, Աղավնոն, Սուսը…

– Ես չգիտեմ՝ ինչու ժամանակից շուտ ազատվեցին այդ տարածքները, եթե ըստ նախապես հայտարարվածի՝ պետք է ազատվեին 2023 թվականի նոյեմբերին: Ինչո՞ւ մեկ տարի առաջ, ո՞ւմ համաձայնությամբ՝ անհասկանալի է: Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ Արցախի իշխանություններն են համաձայնել, հավանաբար ճնշման տակ: Որևէ մեկը մեզ բացատրություն չի տալիս:

– Հայաստանի պետական սահմանին նոր անցման կետեր ստեղծելու մասին նախագիծ է դրվել հանրային քննարկման: Դուք մի հարցազրույցում ասել էիք՝ ուշացած քայլ է: Խնդրում եմ ներկայացրեք՝ դրա գործնական նշանակությունը, և արդյոք ադրբեջանցիները կարո՞ղ են ազատ ելումուտ անել:

– Այո, էլի եմ կրկնում, որ ուշացած քայլ է Հայաստանի իշխանությունների կողմից: Հայ-ադրբեջանական պետական սահմանում նախատեսվում է ստեղծել անցակետեր «Սոթք» («Քելբաջար»), «Երասխ» («Սադարակ»), «Քարահունջ» («Էյվազլի») հատվածներում: Քարահունջի մոտ մեր ճանապարհը 20 կմ մտնում է Ադրբեջան, վերադառնում Հայաստան, իրենք այդ սահմանների վրա անցակետ են դրել, մենք էլ էն օրը, որ դրեցին, պետք է տեղադրեինք անցակետ: Չենք դրել, ուրեմն մեր մեղքն է:

Պետք է պետական այրերից իմանալ՝ ինչու են ուշացրել:

Ինչ վերաբերում է ադրբեջանցիների ելումուտին, ո՛չ, չեն կարող անել, քանի որ այդ երկրի հետ Հայաստանը հարաբերություններ չունի: Ճանապարհը փակ է, անցակետը կդրվի, մի հոգի պահակ կկանգնի էնտեղ ու վերջ:

– Շատ լավ պարոն Գալիչյան, ի՞նչ եք կարծում, որքա՞ն կարող է շարունակվել սահմանազատման և սահմանագծման շուրջ գործընթացը:

– 20-30 տարի ժամանակ է պետք է: Ինչպես կավարտվի՝ կախված է նրանից, թե ինչ մասնագետներ կունենանք, ինչ իրավաբաններ կունենանք: Ադրբեջանին պետք է հիշեցնել՝ իրենք պաշտոնապես հայտարարել են, որ 1918-1920 թթ. Ադրբեջանի առաջին հանրապետության ժառանգորդն են և չեն ընդունում Սոցիալիստական Ադրբեջանը, նրանց Սահմանադրության մեջ է այդպես նշված: Մինչև 1932 թվականը որևէ տեղ անկլավ գոյություն չի ունեցել: Եվ եթե հիմա այդ երկիրը անկլավ է պահանջում, ուրեմն հակասահմանադրական քայլ է անում: Իրավական այլ հարցեր էլ կան, որոնց մասին պետք է բարձրաձայնել, որոնց մասին մեր իրավաբանները միջազգային ատյաններում պետք է խոսեն, ներկայացնեն:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am