Երեկ գիշեր փոխհրաձգություն է տեղի ունեցել Կութի սահմանային հատվածում․ Factor.am

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի սահմանային հատվածում գիշերը մոտ 4 ժամ  կրակոցներ են հնչել։  Այս մասին Factor.am-ի զրույցում ասաց Կութի համայնքապետ Սիմա Չիտչյանը։

Նրա խոսքով՝ առաջին անգամ է, որ երկար ժամանակով և նման ինտենսիվության փոխհրաձգություն է եղել․

«Մոտ 21։30-ից մինչև 00։30 տևեցին կրակոցները։ Մեկ օդ էին կրակում, մեկ՝ մեր դիրքերի ուղղությամբ, գյուղի վրա կրակոց չի եղել։ Չգիտեմ՝ ինչ զինատեսակներ են եղել, չեմ տարբերում, բայց ավտոմատի կրակոցներ չէին, ավելի ծանր ձայներ էին»։

Համայնքապետի փոխանցմամբ՝ այս պահին իրավիճակը հանգիստ է, ինչպես դիրքերում, այնպես էլ գյուղում․ «Բնակիչների մոտ խուճապ չկա»։

Նշենք, որ երեկ լարված իրավիճակ է եղել նաև հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։ Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00-ն, ադրբեջանական զինված ուժերը շարունակել է հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ վիրավորվել է Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանն այն պահին, երբ փորձել է կազմակերպել ադրբեջանցիների գործողությունների հետևանքով տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։