Պոլսո նորընտիր պատրիարքը պատասխանել է իրեն քննադատող հայերին. Հարութ Սասունյան

Պոլսո Հայոց նոր պատրիարք Սահակ Բ․ Մաշալյանը 2019 թ․ դեկտեմբերի 11-ին, իր ընտրվելուց ի վեր թուրքական մամուլին մի շարք հարցազրույցներ տալուց հետո, 2020 թ․ հունվարի 15-ին պատասխանել է իրեն քննադատող հայերին՝ պաշտոնական «Լուսաբանություն» տալով Թուրքիայում հրատարակվող հայկական թերթում։

Կարևոր է նշել, որ պատրիարքին քննադատողները պարզապես նրանք չէին, ովքեր ապրում են Թուրքիայի սահմաններից դուրս՝ անարդարացիորեն մեղադրվելով ստամբուլահայերի նկատմամբ Թուրքիայի կառավարության կողմից բռնակալական վերաբերմունքի մասին անտեղյակ լինելու մեջ:

Բացի Հայաստանի և Սփյուռքի հայերի քննադատությունից` պատրիարքը քննադատության ենթարկվեց նաև Թուրքիայում ապրող հայերի, ինչպես նաև Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կողմից։

Թուրքական «Աքշամ» թերթին պատրիարքի տված հարցազրույցն առաջացրեց ամենամեծ հակասությունը, քանի որ նա պոլսահայերին ոչ միայն հեռացրեց սփյուռքահայերից, այլև նսեմացրեց Հայոց ցեղասպանության ահռելի ողբերգությունը։

Նորին Ամենապատվությունը դժգոհեց, որ «Աքշամի» հետ հարցազրույցում մի քանի արտահայտություններ, ստանալով առավել բացասական մեկնաբանություններ և չափազանցելով հասկացողության սահմանները, վերածվել են իր անունը մրոտելու արշավի։

Պատրիարքն ափսոսանք է հայտնել, որ քառասուն րոպե տևողությամբ իր հարցազրույցում նրա «ներկայացրած ծավալուն բացատրություններն ու մանրամասնությունները, բնականաբար, տեղ չեն գտել հոդվածում։ Թերթում հայտնված խոսքերը զտված են այն բացատրություններից, որոնք տրված էին ի պատասխան մասնավոր հարցման։

Սույն ոճը եղել է խմբագրի ընտրությունը։ Առանց հարցումները նկատի ունենալու, երբ միայն պատասխաններն են ներկայացվում, տեղ է գտնում իմաստափոխություն, որովհետև խոսքերը զետեղված են իրարահաջորդ ձևով՝ իրար հետևից։ Այս պարագայում, դրանք վերածվում են անհստակ ասույթների և սխալ արտահայտությունների, որոնք իմաստազրկում են փոխանցված գաղափարը»։ 

Այնուհետև պատրիարքը հայտարարել է, որ թուրքահայերի մասին հարցմանը ինքը տվել է հետևյալ պատասխանը. «Թուրքիայի հայերը, ի տարբերություն Սփյուռքի և Հայաստանի հայերի, կազմում են մի երրորդ հատված։ Վարչական և տնտեսական տեսակետից, հայկական Սփյուռքը մեզ հետ կապ չունի․ մենք ինքնաբավ ենք»։

Երբ Նորին Ամենապատվությանը հարցրել են Թուրքիայի նկատմամբ սփյուռքահայերի անհաշտ վերաբերմունքի և նրանց բացասական կեցվածքի պատճառների մասին, նա պնդել է, որ տրված պատասխանը չի պատկանում իրեն, այլ պարզ սոցիոլոգիական ճշգրտում է՝ բոլորին ծանոթ՝ հետևյալ ձևով արտահայտված․

«100 տարի առաջ մեծ ողբերգություններով այս հողերից մեկնած մարդիկ, իրենց ապրած հոգեցնցումը փոխանցել են ապագա սերունդներին և անդրադարձել են, որ հայոց ինքնության և դրա պահպանման համար օգտակար և անհրաժեշտ է կառուցել ցեղասպանության գիտակցություն։ Նրանք 100 տարուց ավելի շարունակում են ապրել Թուրքիայից և թուրքերից հեռու գոյավիճակի մեջ։ Իսկ մենք՝ Թուրքիայում մնացած հայերս, շարունակել ենք մեր կյանքը կիսել թուրքերի հետ այս հողերի վրա և ձեռք բերել միասին ապրելու փորձառություն։ Այս առումով, մենք յուրահատուկ հայեր ենք Հայկական աշխարհում»։

Պատրիարքի «Լուսաբանությունը» շարունակում է․ «Նման գերզգայուն նյութերի շուրջ մարդկանց առաջնահերթությունը եղել է այն, որ միշտ իրենց ուզածն են լսել, և ոչ թե այն՝ ինչ Թուրքահայոց պատրիարքներն են ասում և ինչպիսի պայմանների ներքո։ Թուրքիայի Հայոց պատրիարքներին վիճակված է լինել երբեք չհալչող երկու խոշոր սառցաբեկորների միջև ճզմվող նավի նավապետ։

Այս դրության մեջ, հնարավոր չէ միշտ ներդաշնակություն ապահովել, և տեղի են ունենում վրիպումներ, որոնք կողմերից մեկին սխալ են թվում։ Սահակ պատրիարքը ևս, իր նախորդների նման, փորձել է հայկական հարցի շուրջ բոլոր կողմերին գոհացնող կատարյալ պատասխաններ տալ։

Երբեք ընդունելի չէ որևէ կողմի նկատմամբ մերժողական և աննկատ թողնելու կեցվածքը։ Յուրաքանչյուր անհատ պետք է նախ ճիշտ ըմբռնի, թե իրականում ինչեր են արտահայտված արտասանված խոսքերով և ապա քննադատել»։  

Սփյուռքում ոմանք կարող են համաձայնել պատրիարքի խոսքերի հետ՝ ընդգծելով այն ծանր պայմանները, որոնցում գտնվում են նա ու հայկական համայնքը։ Ցանկացած հայ, որը ծանոթ է այդ բռնակալական պայմաններին, կարող է ինչ-որ չափով կարեկից լինել պատրիարքի դրությանը։

Մեր նպատակը երբեք չի եղել հորդորել պատրիարքին հակադրվել թուրքական իշխանություններին։ Ի վերջո, նա պատասխանատու է իր համայնքի անվտանգության համար:

Պատրիարքից միայն մի խնդրանք ունենք՝ զգույշ լինել իր խոսքերում, չվանել իր հետևորդներին Թուրքիայում և չվիրավորել 1․5 միլիոն հայ նահատակների հիշատակը՝ ներգրավվելով ուղղակի  ժխտողականության մեջ:

Հնարավորության դեպքում պատրիարքը պետք է խուսափի հարցազրույցներ տալուց թուրքական մամուլին: Նա պետք է նշանակի մամուլի խոսնակ, որն ի վիճակի է խուսափել դժվարին և զգայուն հարցերից, հատկապես` քաղաքական հարցերի վերաբերյալ: Եթե ​​խոսնակն է սխալ թույլ տալիս, դրա հետևանքն ավելի նվազ է, քան պատրիարքի թույլ տված սխալի: Խոսնակներին կարելի է հեռացնել աշխատանքից, իսկ պատրիարքի պաշտոնը ցմահ է։

Ի վերջո, պատրիարքի համար անընդունելի է մեղադրել թուրքական թերթին իր խոսքերի իբր սխալ մեկնաբանման համար։ Նախ և առաջ, մենք չգիտենք, թե կոնկրետ ինչ է ասել պատրիարքը թուրքական թերթին և արդյոք այն իսկապես սխալ է մեկնաբանվել: Օրինակ՝ իր վերոնշյալ «Լուսաբանության» մեջ, պատրիարքը պնդում է, որ թուրքական թերթին տված հարցազրույցում նա օգտագործել է «ցեղասպանություն» բառը, ինչն անհավանական է․․․

Երկրորդ, պատրիարքը մեկն է, որ ծնվել ու մեծացել է Ստամբուլում և լավ գիտի թուրքական լրատվամիջոցները։ Նա պետք է իմանար, որ թուրքական մամուլը հաճախ է խեղաթյուրում նրանց խոսքերը, ում հետ հարցազրույց է անցկացնում:

Հետևաբար, թուրքական մամուլին հարցազրույց տալը, այնուհետև դժգոհելը, որ նրա խոսքերը աղավաղվել են, անկեղծ չէ: Պատրիարքը դա պետք է նախապես իմանար: Թուրքական լրատվամիջոցների աղավաղումների մասին բողոքել հարցազրույցի հրապարակումից հետո՝ անխոհեմություն է․․․ 

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր