«Գավառի դեպքը ցույց տվեց, որ մարդիկ անպաշտպան են, այս ոստիկանությունը ցույց տվեց, որ ինքը ոչնչի ընդունակ չէ». Իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը

– Տիկի՛ն Ալեքսանյան, ինչպե՞ս եք գնահատում նախօրեին Գավառում զինված միջադեպին ոստիկանության արձագանքը։ Մեկ օր հետո միայն ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց։ Տեղի ունեցածից հետո կարո՞ղ ենք արձանագրել, որ ոստիկանությունում լրջագույն փոփոխությունների անհրաժեշտություն կա։

– Այո՛, ոստիկանության համակարգում լրջագույն խնդիրներ կան, և չգիտեմ՝ փոփոխությունները կօգնե՞ն, թե՞ ոչ, որովհետև պետք է լինեն խոր և արմատական փոփոխություններ, համակարգային փոփոխություններ, ընդհանրապես պետք է ձևավորվի նոր ոստիկանություն։ 

Եվ այս ոստիկանությունը ցույց տվեց, որ ինքը ոչնչի ընդունակ չէ, բացի բռնի ինչ-որ գործողություններից։ Ընդհանրապես Գավառի դեպքը ցույց տվեց, որ մարդիկ անպաշտպան են։ 

Այսինքն՝ մտածում ես, որ հիվանդանոցում մարդիկ պաշտպանված են, բայց պարզվում է՝ անպաշտպան են։ Ես հետևում էի ամբողջ լրահոսին, հիվանդանոցի մոտ եղել է փոխմարզպետը, եղել են ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, և եթե մարդիկ այնտեղ են եղել, չի նշանակում՝ հինգ հարյուր հոգով հարձակվել են հիվանդանոցի վրա, դա երևում է լրահոսից, երբ ավելի հանդարտվեց, մի քանիսն են ներս մտել։ 

Մի խոսքով, տեղի ունեցածը խայտառակություն է, և ես նույնիսկ անգործություն չէի բնորոշի, այլ կբնորոշեի անընդունակություն։ Ոստիկանությունը կապ չունի պրոֆեսիոնալիզմի հետ։ Եվ որևէ գործողություն, որ պետք է աներ այդ պահին մարդկանց օգնելու համար, փաստորեն հիվանդասենյակի դռան մոտ կանգնած ոստիկանները թույլ են տվել անարգել հիվանդասենյակ մտնել։ Սա արտառոց երևույթ է, և նրանք դուրս են եկել իրենց կամքով, դրա մասին պատմել է բժիշկը լրատվամիջոցների հետ զրույցում։

– Տեղի ունեցածին պետք է հաջորդեն ոստիկանության համակարգում հրաժարականնե՞ր։

– Ես կարծում եմ, որ նորանշանակ ոստիկանապետը չի կարող գլխավորել ոստիկանությունը։ Բացի այն, որ ոստիկանությունում շատ փոփոխությունների անհրաժեշտություն կա, իհարկե, ոստիկանապետը պետք է հրաժարական տար։ 

Տասնութ ժամ որևէ պաշտոնական տեղեկատվություն չեն հաղորդում ոստիկանությունից, լրատվամիջոցներն էլ ինչ ասես գրում են, սա ինչ ահաբեկում է, գիշերվա 12-ին լսում ես, որ հիվանդանոցում մարդկանց են մորթել։ 

Սա խայտառակ անընդունելի և անհասկանալի իրավիճակ է։ Ես չգիտեմ՝ ինչ էր անում ոստիկանությունը, բայց միակ տեղեկատվությունը, որ այսօր տվեցին ոստիկանությունից, այն էր, որ ոստիկանապետը չի եղել հիվանդանոցի մոտ, պարզապես սա ոստիկանապետին պաշտպանելու հայտարարություն էր։

Նույնիսկ եթե այնտեղ էլ լիներ, չգիտեմ ինչ կաներ։ Ինչպես մարզպետն է նշել, իրավիճակը անկառավարելի է եղել։ Եթե այդքան մեծաթիվ ոստիկաններ են եղել Գավառում, ինչո՞ւ էր իրավիճակն այդքան անկառավարելի, ես դա չեմ հասկանում։

– Ինչի՞ հետևանք է այս քրեական ամենաթողությունը։

– Ասեմ, որ սա հին պատմություն է, այդ վենդետաները պարբերաբար կրկնվում են, և ես համոզված եմ, որ եթե մեղավորները օրենքի ողջ խստությամբ պատժվեին, այսօր այս վենդետան չէր շարունակվի։ 

Այստեղ շրջանառվում են Նորատուսցի Ալիկի անունը, բարեկամությունը, եթե հիշում եք, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը անձնական երաշխավորագիր էր ներկայացրել նրա խափանման միջոցի փոփոխության կապակցությամբ, սա ի՞նչ է նշանակում… ես չգիտեմ՝ այսօր արդյոք այդ անպատժելիության մթնոլորտը կվերացի՞։ 

Եթե ժամանակին այդ խնդրին լուծում լիներ, չեմ կարծում՝ վենդետան կարող էր այդքան շարունակվել և տարիներ տևել։ Մարդիկ այդ նույն Նորատուսում, Գավառում և այլ տեղերում պետք է իմանան, որ օրենք կա այս երկրում և օրենքը գործելու է։ Եվ եթե իրենք գիտեն, որ օրենք չկա, մնում է վենդետան։ 

– Իշխանությունն էլ ասում է, որ ոսստիկանությունը պետք է բարեփոխվի։ Մշակվել է նախագիծ, ներքին գործերի նախարարություն կդառնա ոստիկանությունը։ Տեսնո՞ւմ եք բարեփոխվելու հնարավորություն։

Ես չեմ պատկերացնում սովետական երկրից փոխանցված այս ժառանգությունը փոխվի, և ես չեմ տեսնում, որ ներկայիս իշխանությունները մեծ ցանկություն ունեն բարեփոխելու, ամեն ինչ արվում է կիսատ-պռատ, անհետևողական։ 

Մենք վերջին ժամանակաշրջանում տեսնում ենք ոստիկանության բաժիններում բռնություն, և սա անընդունելի է, ոչ մեկը չի արձագանքում, երբ կան հրապարակումներ, որ մարդկանց բաժիններում ծեծում են։ 

Նորատուսում էլ բիրտ ուժ է ոստիկանությունը կիրառել, գիշերով մտել է մարդկանց տները, դետեկտիվների մեջ է ոստիկանապետը, բայց դրա փոխարեն նա պետք է կոնկրետ փոփոխություններ անի։ 

Հույս չունեմ, որ փոփոխություններ կլինեն և մոտ ապագայում։

Մանե Հարությունյան

MediaLab.am