Ղազախստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպի առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:
«Ղազախստանի Հանրապետությունը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպով, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել։ Կոչ ենք անում մեր բարեկամներ` Ադրբեջանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերել զսպվածություն և հրաժարվել ուժային միջոցների օգտագործումից` վիճահարույց հարցերը լուծելու համար»,- նշված է հայտարարության մեջ:
Արտգործնախարարությունը նշում է, որ COVID-19 համավարակի և աշխարհում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման ֆոնին առճակատման հետագա սրումը կարող է անկանխատեսելի բացասական հետևանքների հանգեցնել:
«Մենք հույս ենք հայտնում, որ շուտափույթ խաղաղություն և համաձայնություն ձեռք կբերվի, առաջին հերթին, երկկողմ ձևաչափով։ Պատրաստ ենք ամեն կերպ աջակցել հակամարտության կարգավորման խաղաղ ուղիների որոնմանը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ներառյալ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի, Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների շուրջ խորհրդակցության (ԱՓՎՄԽ)-ի հարթակները»,- ասված է ԱԳ նախարարության հաղորդագրությունում: