Տասնյակ խնդիրների մեջ ողողված Երևանը թողած՝ ավագանու անդամները դահլիճում իրար են ծեծում․ Քրիստինա Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը

-Տիկի՛ն Վարդանյան, Երևանի ավագանու այս նստաշրջանի վերջին նիստը նախօրեին «նշանավորվեց» ծեծկռտուքով։ Ի՞նչ է, ըստ Ձեզ, ցույց տալիս այդ միջադեպը, ինչպես նաև քաղաքապետի՝ «կաշիներդ քերթելու» սպառնալիքը։

– Հինգ տարի է, ինչ ավագանու անդամ եմ, չորրորդ քաղաքապետն է, բայց նման դեպք երբևիցե չեմ տեսել: Այս քաղաքապետի օրոք ինչ տեղի է ունենում ավագանու նիստերի դահլիճում ուղղակի անընդունելի է: Սա խոսում է այն մասին, որ մենք ուղղակի սահմաններ չունենք. կարելի է խոսել այն, ինչ ուզում ես, անել այն, ինչ ուզում ես, մարդկանց որակումներ տալ, ու այդ ամենը անհետևանք մնա: Ոչ մեկը չի պատժվում, դատական իշխանություն առհասարակ գոյություն չունի, քրեական գործով անցնող մարդուն իշխանական խմբակցության ներկայացուցիչները միանգամից մեղավոր են կարգում՝ հաշվի չառնելով մարդու անմեղության կանխավարկածը: 

Երեկվա միջադեպը տեղի ունեցավ, որովհետև իշխանականները որոշեցին անդրադառնալ ընտրական շրջանի ձեռքբերումերին, ինչը բնավ կապ չուներ համայնքային խնդիրների ու մեր նիստի օրակարգի հետ: Ընդհանրապես, երբ մենք ելույթ ենք ունենում, որի բովանդակությունը չի համապատասխանում քննարկման բովանդակությանը, մեր խոսափողն անջատում են, իսկ իշխանականներինը՝ ոչ, ու մենք նախօրեին ականատես եղանք հենց դրան, ինչի հետևանքով էլ իրավիճակը լարվեց, ու բանը հասավ ծեծկռտուքին: 

Ես անկեղծ զարմացած եմ, թե ինչպե՛ս կարող են մարդիկ, որոնք պետք է օրենքներ գրեն, նման վարք դրսևորել: Անընդունելի է նաև, որ վարչության պետերն են խառնվում միջադեպին, սկսում ծեծել ավագանու անդամներին: Երևանի ավագանու դահլիճում ծեծում են ավագանու անդամներին, ես չեմ հասկանում, թե սրանից ավելի ի՛նչ սոսկալի բան պետք է լինի, որ մարդիկ հասկանան, որ սա կառավարման մեթոդ չէ, այսպես չեն կառավարում: 

Տասնյակ խնդիրների մեջ ողողված քաղաքը մենք դրել ենք մի կողմ ու զբաղված ենք անհասկանալի չգիտեմ թե ինչով: Քաղաքացին տրանսպորտից դժգոհ է, ճանապարհներից դժգոհ է, կանաչապատումից դժգոհ է, անձրև է գալիս, մարդկանց բնականոն կյանքի ընթացքը խախտվում է, գետնանցումներում վաճառողները կորցնում են իրենց գույքը, ջրահեռացման համակարգը սոսկալի վիճակում է, իսկ ավագանու անդամները նիստերի դահլիճում միմյանց են ծեծում: 

Խնդիրն այստեղ այն է, որ վստահությունն արդեն նվազում է դեպի ինստիտուտ, մարդիկ տեսնում ու քննարկում են կատարվածը, ու ընդհանուր կարծիք է տարածվում բոլորիս վրա՝ անկախ նրանից՝ դու այդ միջադեպին մասնակցել ես, թե՝ չէ: Միջադեպն ուղղակի անընդունելի է, չէ՞ որ իշխանությունն է որակ, օրակարգ թելադրողը, բայց ես չգիտեմ, թե այս ձևով ու որակով մենք ուր ենք գնում ու ի՛նչ օրինակ ենք ծառայում:  

-Ձեր հիշատակած այդ բազմաթիվ խնդիրների ֆոնին Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով վերանվանելը որքանո՞վ էր հրատապ հարց Երևանի համար։ Ըստ Ձեզ՝ նման որոշումը այսօր որքանո՞վ էր տեղին և առաջնահերթ։

– Հազարերորդը, այդ նույն Ամիրյան փողոցում մենք ունենք հազարավոր խնդիրներ, որոնք ավելի ծանրացան այն բոլոր միջամտություններից, որոնք արվեցին: Երևանի թիվ մեկ խնդիրներն այսօր բոլորովին այլ են. երևանցուն ամենաշատ անհանգստացնում է տրանսպորտի այս սոսկալի վիճակը, դա էլ քիչ էր՝ երկու ամսով փակել են Կիևյան փողոցը, կիրակի օրն էլ չեն աշխատում, հանգստանում են: 

Չինաստանում մեկ շաբաթում կամ երեք օրում կամուրջներ են վերանորոգում՝ զրոյից բարձրացնելով: Երկու ամսով կամուրջը փակել են, կոլատերալ՝ շրջանցող փողոցներում խնդիր ենք ստեղծել, ու երևանցիները Ա կետից Բ կետը տասը րոպե անցնելու փոխարեն ծախսում են 2,5 ժամ: 

Այս շոգին, կիզիչ արևի տակ մարդիկ անցկացնում են իրենց օրը խցանումների մեջ: Ավագանին պետք է առաջնային խնդիրներին լուծում տա, ես այդքան խոսում եմ կանաչապատման խնդրի մասին, զանգվածաբար մեր ծառերը տասնյակ վնասատուներով են վարակված, չէ՞ որ սա ուղղակիորեն կապ ունի բնակչության առողջության հետ: 

Նույնը վերաբերում է մեքենաներին, որոնք խցանումների մեջ են, ու այս ամենով պայմանավորված ավելի շատ են արտանետումները, այս սոսկալի շինարարությունը, մի խոսքով՝ հազարավոր են այն խնդիրները, որոնցով քաղաքը ողողված է, իսկ մենք անհասկանալի բաներով ենք զբաղված: Փողոցի անվանափոխությունը արդիական հարց չէր, որ պետք է հրատապ արվեր: Իշխանությունն այսօր ունի մի կարգախոս՝ բացի մեզանից, բոլորը սխալ են: Իրենք ունեն իրենց գիծը, որից չեն շեղվում: 

– Տիկի՛ն Վարդանյան, քանի որ այս նստաշրջանն ավարտվեց, արդյունավետության, քաղաքացու հոգսը թեթևացնելու, քաղաքը բարեկարգելու տեսանկյունից այս նստաշրջանի աշխատանքներն ինչպե՞ս կգնահատեք: 

– Որպես ավագանու անդամ, շփվելով մեր քաղաքացիների հետ՝ բացարձակ չեմ կարող ասել, թե քաղաքացու հոգսը թեթևացրել ենք, ոչնչով չենք թեթևացրել: Կարմիր գծերի հետ կապված դատական վճիռը եղավ, փաստացի ինքնիրավչություն է, անում են այն, ինչ ուզում են: Կես միլիոն դոլար որոշել են ծախսել Վարդավառի տոնը նշելու համար, Երևանում խնդիրները բազմաթիվ են, իսկ մենք այս ծավալներով տոներ ենք նշում: Մենք զբաղած ենք դեկորատիվ ինչ-որ բաներով, ինձ մոտ տպավորություն է, որ ունենալով ծանր հիվանդ, մենք զբաղված ենք նրա արդուզարդով, այլ ոչ թե՝ հիվանդության բուժմամբ: Մեր մայրաքաղաքն իսկապես հիվանդ է ու շտապ բուժման կարիք ունի: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am