«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը
– Պարո՛ն Նավասարդյան, իշխանության ու իշխանամերձ շրջանակների կողմից թիրախավորվել է «Ազատություն» ռադիոկայանը, կխնդրեմ ձեր գնահատականը:
– Եթե ճիշտ եմ հասկանում՝ խոսքն առնվազն երեք դեպքի մասին է, ես գոնե դրանցից եմ տեղյակ, ու այդ բոլոր դեպքերում, կարծում եմ, լրատվամիջոցը հանրային կարևորություն ունեցող դեպքեր է բարձրաձայնել: Բոլորն էլ արժանի էին լուսաբանման, ու եթե այնտեղ ինչ-որ թերի բան կար, կամ ավելացնելու, մեկնաբանելու ցանկություն կար, ես կարծում եմ, իշխանական շրջանակի ներկայացուցիչները դա անելու, որևէ խնդիր չունեին մանավանդ որ խոսքն այն լրատվամիջոցի մասին է, որը բաց է ցանկացած արձագանքի համար:
Այն գործելաոճը, որն ընտրել էին իշխանության ներկայացուցիչները, կարելի է գնահատել որպես միջամտություն խմբագրական անկախությանը, ինչն իհարկե շատ տագնապալի է, հաշվի առնելով, որ կոնկրետ թիրախավորում կա «Ազատության» ու, ընդհանրապես, ես կասեի՝ խոսքի ազատության նկատմամբ, մանավանդ որ իշխանության ներկայացուցիչների այդ արձագանքները գեներացրեցին թիրախավորում նաև սոցցանցերում լրատվամիջոցի այլ մարդկանց կողմից: Դա այլ կերպ կամ կազմակերպված ճնշում՝ ես դժվարանում եմ ասել. Բորիս Նավասարդյան
Սա նշանակում է, որ եթե այդ գործելակերպը շարունակվի, ապա մենք լուրջ խնդիրներ ունենանք իրականում պրոֆեսիոնալ չափորոշիչներին համապատասխան գործող լրատվամիջոցների տեսանկյունից, մանավանդ որ մեր լրատվական դաշտի այս սեգմենտը առանց այն էլ ծանր օրեր է ապրում՝ կապված ֆինանսավորման դժվարությունների հետ: Սա միայն կարող է բերել նրան, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մենք կունենանք էլ ավելի բևեռացված լրատվական դաշտ, որը երբեք չի օգնում մեր համաքաղաքացիներին գիտակցված ընտրություն կատարելու:
– Ձեր գնահատմամբ՝ այս քաղաքականությունը, որ որդեգրել է գործող իշխանությունը, շարունակակա՞ն կլինի, ու ո՞ր դեպքում այն շարունակություն չի ունենա:
– Ես կարծում եմ, որ պետք է դրան դիմադրություն լինի և՛ քաղաքացիական հասարակության, և՛ իրավապաշտպան հանրության, և՛ լրատվամիջոցների, լրագրողների կողմից, ու չեմ բացառում, որ դա որոշակի ազդեցություն կունենա: Եթե չունենա, ապա մենք, ցավոք, նախընտրական շրջանում գործ կունենանք այնպիսի իրավիճակի հետ, որոնց փորձն ունենք նախորդ տասնամյակների ընթացքում, երբ իշխանությունները, փաստորեն, իրենց ցանկալի արդյունքներին հասնելու համար թիրախավորելու են իրենց նկատմամբ քննադատություն թույլ տվող լրատվամիջոցներին ու ընդհանրապես հրապարակային ելույթները:
– Պարո՛ն Նավասարդյան, իսկ ինչո՞ւ իշխանությունը չի ուզում օբյեկտիվ քննադատությունը ընդունել, համենայնդեպս, կոնկրետ դեպքում դա այդպես էր, ու մանիպուլյացիոն հնարքներով լրատվամիջոցին մեղադրում է կեղծիք տարածելու համար:
– Ես առայժմ դա չէի գնահատի որպես օբյեկտիվ տեղեկատվության դեմ հարձակում կամ մեղադրանք: Չեմ բացառում, որ ավելացնելու բան ունեին լրատվամիջոցի տարածած թեմաների վերաբերյալ, բայց, կրկնում եմ, դրա հնարավորություններն իրենք ունեն և՛ այլ լրատվամիջոցներում, և՛ նույն «Ազատությունում»: Այս իշխանության համար «Ազատության» դռներն ու եթերը երբեք փակ չեն եղել, ավելին կասեմ՝ դա այն լրատվամիջոցն է, որը, կարելի է ասել, այս իշխանության ներկայացուցիչների հրապարակային գործունեության հարթակն է եղել, երբ իրենք դեռ իշխանություն չէին:
– Ստացվում է, որ այս իշխանությունը փորձում է սահմանափակե՞լ իրենց հասցեին հնչող քննադատությունները:
– Տվյալ դեպքում, կրկնում եմ, մենք նույնիսկ քննադատության հետ գործ չունենք, այլ ունենք կոնկրետ իրավիճակների լուսաբանում, որը կարող էր ամբողջական չլինել: Մենք լավ հասկանում ենք, որ շատ դեպքերում ամբողջական չի լինում հենց այն պատճառով, որ իշխանության ներկայացուցիչները հրաժարվում են այս կամ այն դեպքերն ու զարգացումները մեկնաբանելուց, ու լրատվամիջոցը ստիպված օգտվում է այն աղբյուրներից, որոնք հասանելի են, ու մենք այդ դեպքի հետ գործ ունենք:
Կրկնում եմ՝ խմբագրական անկախության դեմ այդ հարձակումը իրականացնելու փոխարեն՝ պետք է շտկեին սխալները ու լրացուցիչ տեղեկություններ կամ մեկնաբանություններ տային այն թեմաներին, որոնք լուսաբանվում էին:
– Պարո՛ն Նավասարդյան, կարող ենք արձանագրել, որ վտանգավոր միտումներ եք նկատում, ու եթե դիմադրություն չլինի, ապա մենք կարող ենք տեսնել իշխանության կողմից ԶԼՄ-ների նկատմամբ ավելի խիստ խոչընդոտող գործողություններ:
– Կոնկրետ այս իրավիճակում մենք ունենք զարգացում, երբ ոտնձգություն է տեղի ունեցել խմբագրական անկախության նկատմամբ, ու դա աջակցություն ստացավ սոցիալական ցանցում, այսինքն՝ լրատվամիջոցի ու լրագրողի մասնակցությամբ անտեղի վարկաբեկման փորձ էր:
Եթե սա հաջողվեց, ապա, կարծում եմ, որ շարունակական կլինի, ու այս ամեն ինչի նախաձեռնողները կհամոզվեն, որ դա իրենց համար բարենպաստ տեղեկատվական միջավայր ձևավորելու տեսանկյունից ավելի արդյունավետ միջոց է: Եվ որպեսզի նման գայթակղություն չլինի, պետք են դիմադրություն ու նման գործելաոճի քննադատություն:
– Ինչո՞ւ նույն լրագրողական համայնքում չկա այդ ակտիվ դիմադրությունը:
– Կա, ուղղակի ակտիվ տեսք չունի, բայց գիտեմ, որ կան հիասթափություն ու քննադատական վերաբերմունք այս ամենին, պարզապես պետք է որ ավելի հրապարակային ու հետևողական դառնան: Ես կարծում եմ, որ դա տեղի կունենա:
– Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է իշխանությունը նախորդ տարիների հետ համեմատած ավելի սուր ընկալում քննադատությունն ու թիրախավորում լրատվամիջոցներին, որովհետև ունի վարկանիշի անկո՞ւմ, հանրության շրջանում վստահության պակա՞ս, թե՞ այլ խնդիր կա:
– Ե՛վ առաջինը, և՛ երկրորդը, ու մենք նաև տեսնում ենք, որ ընտրություններից առաջ նրանք փորձում են ձևավորել այնպիսի օրակարգ, որ իրենց կօգնի հաջողության հասնել, իսկ քանի որ այդ օրակարգի որոնման գործընթացն այսօր այնքան էլ հաջողված չէ, փորձում են արհեստական օրակարգեր մշակել, գտնել չեղած թշնամիներ: Այսինքն՝ արհեստականորեն քաղաքական աժիոտաժ են ձևավորում նաև լրատվամիջոցների շուրջ, չէի ասի, որ արդեն ձևավորվել է, բայց ինչ-որ միտումներ կարելի է նկատել, ու չեմ բացառում, որ դա կապված է նաև այն ընդհանուր խնդիրների հետ, որոնց առաջ այսօր Հայաստանում կանգնած է բավականին փխրուն խոսք ազատությունը:
Նկատի ունեմ այդ նույն ֆինանսական աջակցության կրճատումները, իսկ մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանի պայմաններում առանց դոտացիոն օգնության որակյալ լրատվամիջոցները չեն կարող հաջողությամբ գործել՝ հաշվի առնելով փոքր շուկան, սահմանափակ լսարանը:
Այս բոլորը ենթադրում են, որ որակյալ լրագրությունը պահանջ ունի ինչ-որ հանրային միջոցների, իսկ երբ դաշտն ազատվի նման օգնությունից, ասել կուզի՝ որակյալ լրատվամիջոցներից, փաստորեն դաշտ է բացվում նեղ քաղաքական շահեր հետապնդող ու բևեռացված դիրքերում գտնվող լրատվամիջոցների համար, իսկ ընտրությունները միայն ուժեղացնում են այդ էֆեկտը:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















