«Իշխանությունը կարող է «ոչ ստանդարտ» որոշումներ կայացնել. Ըստ վերլուծաբանների` «վերեւներում» անսպասելի խուճապ է

«Իշխանությունը կարող է «ոչ ստանդարտ» որոշումներ կայացնել. Ըստ  վերլուծաբանների` «վերեւներում» անսպասելի խուճապ է
«Իշխանությունը կարող է «ոչ ստանդարտ» որոշումներ կայացնել. Ըստ վերլուծաբանների` «վերեւներում» անսպասելի խուճապ է

Ըստ քաղաքական վերլուծաբանների՝ «Հարսնաքարի» հանցագործության առընչությամբ հասարակության նման ըմբոստացումն ու բողոքի ակցիաները խուճապ են ստեղծել իշխանությունների ներսում:
Քաղաքական վելուծաբան Երվանդ Բոզոյանը նշում է, որ թեեւ նման միջադեպեր շատ են, սակայն սա առաջինն է, որ այսպիսի հնչեղություն ունեցավ :
«Անգամ գործող նախագահը չէր սպասում նման արձագանք: Սա իհարկե մի քանի գործոնների հետ է կապված. առաջինը, որ զոհվեց բանակի սպա: Քանի որ մեր հասարակությունը կորպորտիվ հասարակություն է, եթե զոհվեր տաքսիստ նման արձագանք կարող է եւ չլիներ: Բայց քանի որ սպանվեց սպայական կազմի անդամ նման արձագանք եղավ»,- «Մեդիալաբին» ասում է Բոզոյանը:

Ընդգծելով նաեւ վատթարացած սոցիալ-տնտեսական վիճակը եւ մայիս 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունների վերարտադրումը՝ Բոզոյանը կարծում է, որ այս բոլոր շերտերը միասին ռեզոնանս ստեղծեցին:

«Մարդկանց մեջ շատ ջղայնություն ու ագրեսիա կա: Սպայի մահը դարձավ նաեւ առիթ արտահայտելու այս խորը դժգոհությունը, քանի որ հասարկությունը տեսնում էր, որ ընդդիմության համար դժգոհության խողովակները փակ էին: Հասարակության այս դժգոհությանը, գումարվելով նաեւ զինվորական օֆիցերների, բանակի դժգոհությունը ստեղծեցին խուճապ նախագահի շուրջ»,- ասում է Բոզոյանը:

«Հարսնաքարի» հանցագործության արդար քննության պահանջով ու բողոքի ձայնով փողոց դուրս ելած քաղաքացիների ճնշումը, որին հաջորդեց Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ, վերլուծաբանները ճիշտ քայլ են համարում:

«Իշխանությունը այժմ կարող է «ոչ ստանդարտ» որոշումներ կայացնել՝ փորձելով նվազեցնել հասարկության ճնշումը: Դեռեւս նրանց որոշումները ճիշտ են, իշխանությունները փորձում են այնպես անել, որ չթեժանա այդ ռեզոնանսը, քանի որ պահանջելով Նեմեցի հրաժարականը վաղը հնարավոր է հասարկությունը պահանջի գործող նախագահի հրաժարականը»,- հավելում է Բոզոյանը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը «Մեդիալաբին» ասում է, որ իշխանությունը պետք է հաշվի նստի բոլոր այն պահանջների հետ, որոնք հստակ ձեւակերպել է հասարակությունը:

«Ինչու՞ Նեմեց Ռուբոն պետք է քրեական պատասխանատվության չենթարկվի, եթե արդեն ընդունել է իր մեղքը՝ հրաժարվելով մանդատից: Եթե նման հանգուցալուծում չլինի հետո ավելի դժվար է լինելու իշխանությունների համար եւ ավելի մեծ բարդություների առջեւ են կանգնելու»,-ասում է Սարգսյանը:

Հիշեցենք, որ Վահե Ավետյանի մահը, ով ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում գազանաբար ծեծի ենթարկվելուց, կյանքի ու մահվան հետ 12 օր անգիտակից վիճակում պայաքարելուց հետո մահացավ հունիսի 29-ին, ալեկոծել է հազարավոր մարդկանց, որոնք դուրս են եկել փողոց հանուն արդարության՝ մեղավորներին պատժելու պահանջով:

Բողոքի երթեր կազմակերպելով մինչեւ գլխավոր դատախազություն՝ ներկա դրությամբ գլխավոր պահանջը իշխանական ՀՀԿ պատգամավոր, ՀՖՖ նախագահ, «Հարսնաքարի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին քրեական պատասխանատվության ենթարկելն է:

Հասարակական ցասումից անմասն չեն մնացել նաեւ քաղաքական ուժերը: ԱԺ 4 խմբակցություններ՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, երեկ առավոտյան դիմում են ներկայացրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:

«Հնարավոր անկանխատեսելի զարգացումները, հարցի հրատապությունը նկատի ունենալով, նաև օգտվելով Ազգային ժողովի պատգամավորների օրենքով նախատեսված լիազորություններից` առաջարկում ենք սեղմ ժամկետներում ՀՀ ԱԺ-ում կազմակերպել հանդիպում գործի քննության համար պատասխանատու իրավապահ մարմինների ղեկավարների հետ` գործի ընթացքի վերաբերյալ հասարակությանը հուզող հարցերին պատգամավորներին պարզաբանումներ տալու և հարցադրումներին պատասխանելու նպատակով»,-նշված է խմբակցությունների ղեկավարների ստորագրությամբ նամակում:

© Medialab.am

Լուսանկարում՝ Հասարակական բողոքի ալիք նախագահական նստավայրի առջեւ:/«Մեդիալաբ»/