Ֆիոլետովո համայնքում բացվել է «Չայբուշկա» մոլոկանների ժառանգության պահպանման թանգարանը

Ս․թ․ հունիսի 8-ին Ֆիոլետովո համայնքում բացվել է «Չայբուշկա» մոլոկանների ժառանգության պահպանման թանգարանը, որը ներկայացնում է մոլոկանների պատմությունը, մշակութային արժեքները և կենսակերպը։ Բացման արարողությանը ներկա էին մի շարք հյուրեր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունից (GIZ), Լոռու մարզպետարանից, Հայաստանում մոլոկանների համայնքից և այլն:

Թանգարանի ստեղծմանն աջակցել են Եվրոպական միությունն ու Գերմանիայի Դաշնային հանրապետությունը ԵՄ-ն բիզնեսի համար «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար» ITTD ծրագրի միջոցով։

Թանգարանի բացումը վկայում է մոլոկանների համայնքի ամուր կապի և նրանց յուրօրինակ կենցաղը, ավանդույթները, սովորույթներն ու պատմությունները պահպանելու և ներկայացնելու հանձնառության մասին:

Միջոցառման հյուրերը հնարավորություն ունեցան ուսումնասիրելու թանգարանի մանրակրկիտ մշակված ցուցանմուշները, որոնք ներկայացված են լուսանկարների, հագուստի, ձեռքի աշխատանքների և այլ ինտերակտիվ առարկաների տեսքով։

Թանգարանի հիմնադիր Անատոլի Միխայլովը նշում է․ «Ես վաղուց ունեի այս երազանքը։ Միշտ ցանկացել եմ պատմել մեր մշակույթի, մեր սովորույթների մասին։ Բոլորին հրավիրում եմ Ֆիոլետովո գյուղ՝ կտրվելու քաղաքի եռուզեռից, շփվելու մոլոկանների պատմության հետ, վայելելու ամենամաքուր լեռնային օդը, էներգիայով լիցքավորվելու և զգալու բնական մթերքների համը»։

ITTD թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն նշել է. «Սա շատ կարևոր մշակութային ժառանգություն է, և մենք բարձր ենք գնահատում ձեր պատրաստակամությունը զբոսաշրջիկներին հնարավորություն տալու տեսնել այս բոլոր գոհարները»:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության (ԵՄ) համագործակցության պատասխանատու Անտոնիս Ցամուլիսն ասել է. «Մենք երախտապարտ ենք Հայաստանի թաքնված կողմերը բացահայտելու հնարավորության համար, որոնք շատ հետաքրքիր են։ ԵՄ-ն ուրախ էր աջակցել այս ծրագրին: Անձամբ ես շատ ուրախ եմ Հայաստանի մոլոկան համայնքի հետ ծանոթանալու համար»:

Ֆիոլետովո գյուղը հիմնվել է 1838-1840 թթ։ Մինչև  1936 գյուղը կոչվել է Նիկիտինո։ Գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանում, Վանաձորից 25 կմ հեռավորության վրա։ Բնակիչները Ցարական Ռուսաստանից աքսորված  ռուսական կրոնական շարժման անդամներ են՝ մոլոկաններ։ Խորհրդային շրջանում Հայաստանում եղել է 30 մոլոկանական գյուղ, սակայն հիմա մոլոկաններն ապրում են Ֆիոլետովո գյուղում և, մասամբ, Լեռմոնտովո գյուղում։ Մոլոկաններ կան նաև Հայաստանի մայրաքաղաքում, Վանաձորում, Գյումրիում, Դիլիջանում և հանրապետության այլ փոքր քաղաքներում։