«Պատշաճ քննություն պետք է իրականացվի, որ պարզվեն մահվան պատճառները»․ Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմռկեցուցիչ է տեսնել, թե ինչպես է ՀՀ քաղաքացին մահանում դատարանի դահլիճում։
Մարդու կյանքի և առողջության իրավունքի պահպանման առումով մենք դեռևս շատ հեռու ենք պատշաճ պայմաններ ապահովելու և առողջական վիճակով պայմանավորված բավարար քայլեր ձեռնարկելու հարցում։ 
Ինչ վերաբերում է պատշաճ բուժօգնության տրամադրմանը, ապա բազմաթիվ կալանավորված և դատապարտված անձինք դիմում են ծայրահեղ քայլերի՝ հացադուլի կամ ինքնավնասումների, որպեսզի լուծում ստանան իրենց առողջական խնդիրները։ Հատկապես Արմավիր քրեակատարողական հիմնարկում նման դեպքերը բազմաթիվ են։ 
Մենք բազմիցս բարձրաձայնել ենք այդ անթույլատրելի իրավիճակի մասին ու դիմել պատկան մարմիններին, բայց իրավիճակը դեռևս անփոփոխ է։
Հավելեմ, որ Արմավիր ՔԿՀ֊ն թեև համեմատաբար նորակառույց է, սակայն բազմաթիվ խնդիրներ ունի՝ կապված պահման պայմանների հետ։ Այդ ՔԿՀ֊ն չունի օդափոխման համակարգ և ամռան շոգին գրեթե անհնար է ամբողջ օրը գտնվել խցում։ 
Արմեն Գրիգորյանի դատական դահլիճում մահվան դեպքի առնչությամբ պատշաճ քննություն պետք է իրականացվի, որպեսզի պարզվեն մահվան պատճառները և պատժվեն բոլոր մեղավորները»։