Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հիմա չկա 300.1-րդ հոդվածը, այդ արարքը պետք է որակվի 309-րդ հոդվածով. Դատախազ

Մարտի 1-ի գործով հսկողություն իրականացնող դատախազ Գևորգ Բաղդասարյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե այս գործով մեղադրյալների նկատմամբ մեղադրանքը վերաորակավորելու համար Գլխավոր դատախազը դիմել է Սահմանադրական դատարան:

«Քրեական օրենսգրքում հանցակազմեր կան նախատեսված, որոնք ընդհանուր և հատուկ են, մեկը մյուսի մեջ կլանում են, երբ հատուկ նորմն իր մեջ կլանում է ընդհանուր նորմը:

Երբ կա հատուկ նորմ, արարքը չես կարող որակել ընդհանուր նորմով, երբ կա հատուկ հանցակազմ, չես կարող արարքը որակել ընդհանուր հանցակազմով, այլ պետք է որակես հատուկ հանցակազմով: Նման հարաբերակցություն ունեն քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասը և 300.1-րդ հոդվածը, որով որակված էր չորս ամբաստանյալների արարքը:

Քանի որ հատուկ նորմը վերացվելուց հետո առաջանում է արարքի վերաորակավորման հարց, իսկ արարքի վերաորակավորման հնարավորություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերը չեն տալիս, արգելափակում են վարույթը, գլխավոր դատախազը դիմել է ՍԴ՝ մեր կողմից կիրառման ենթակա նորմերի սահմանադրականությունը որոշելու համար, և մենք միջնորդությանը պատասխանելիս դատարանին ներկայացրել ենք հիմնավորումներ, թե ինչու ինքը հետապնդումը դադարեցնելու փոխարեն պետք է դիմի ՍԴ, և պարզվի նման իրավիճակում հետապնդում դադարեցնել պարտավորեցնող նորմի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Երբ անձի արարքում այդուհանդերձ կա հանցագործություն, և դու ձևական պահանջի պատճառով դադարեցնում ես հետապնդումը, ստացվում է՝ կար հանցագործություն, կար հանցագործությունից տուժած անձ, և անձը պատասխանատվության չենթարկվեց: Իսկ միջազգային իրավական փաստաթղթերն ու Վճռաբեկ դատարանի դիրքորոշումներն արձանագրում են, որ դա խախտում է տուժողի իրավունքը»,- հայտարարել է դատախազ Բաղդասարյանը:

Պաշտոնյայի խոսքով, մինչև Սահմանադրական դատարանի որոշման ընդունումը Մարտի 1-ի գործով մեղադրյալների արարքը չէր կարող որակվել 309-րդ հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունները անցնելը, քանի որ կար 300.1-րդ հոդվածը:

«Հիմա չկա հիմա 300.1-րդ հոդվածը, այդ արարքը պետք է որակվի 309-րդ հոդվածով: Մեխանիզմի խնդիր կա, և մեխանիզմի խնդիրն էլ բարձրացվում է ՍԴ-ում: Դատարանին էլ առաջարկում ենք, որ ինքն էլ հարցը բարձրացնի, որ մեխանիզմի բացակայության պատճառով տուժողների իրավունքները չխախտվեն»,- ասաց նա: