Հայ Ազգային Կոնգրես-իշխանություն երկխոսության առաջին ռաունդում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, համապատասխան պատվիրակությունների ղեկավարներ Լեւոն Զուրաբյանը եւ Դավիթ Հարությունյանը հանդիպել են այսօր` հաջորդ հանդիպման տեղը, ժամանակը, պայմանները եւ կազմակերպական հարցերը քննարկելու նպատակով:
Այդ մասին տեղեկացնում են Կոնգրեսի մամլո ծառայությունից:
«Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության` բանակցությունները կտեղափոխվեն Մատենադարանի մերձակայքում գտնվող Կառավարության ընդունելությունների տուն: Հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսի 26-ին, ժամը 12.00-ին»,- գրված է Կոնգրեսի հաղորդագրության մեջ:
Ըստ այդմ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հանդիպումը լուսաբանելու համար զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են հավատարմագրվել ինչպես Հայ Ազգային Կոնգրեսի, այնպես էլ իշխանության պատվիրակության կողմից:
© Medialab.am