«Սա ուղղակի հանցանք է երևանցու և նորածին երևանցու նկատմամբ». Վարդանյանը՝ Կոմիտասի պողոտայի ծառահատումների մասին

Լուսանկարում 2025 թվականին կենտրոնում իրականացրած լայնածավալ ծառահատումից: (Արխիվ)

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը 

– Տիկի՛ն Վարդանյան, քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Կոմիտասի պողոտայի վնասված ծառերը փոխարինվելու են՝ բարեկարգելով պողոտան: Ձեր գնահատականն ինչպիսի՞ն է այս հարցում:

– Սա հերթական ծառահատումն է լինելու՝ բարեկարգման անվան ներքո: Հայաստանի մայրաքաղաքում աշխատում է մի կառույց, որը եզակի մենաշնորհ ունի՝ առանց որևէ խաչաձև վերահսկողության կառույցի 75 տարեկան դենդրոլոգը (ամենայն հարգանքով տարեցների նկատմամբ)՝ բոլոր նախկինների օրոք փառահեղ անցյալով, ծառերի խոր էտի ակտիվ պրոպագանդիստ և մինչ օրս կատարող լինելով, հազարավոր ծառերը աչքաչափով գնահատում է «անկենսունակ», նույն կառույցը հասուն ծառերը հատում է, իրենք գնահատում են ստացված փայտանյութի ծավալը, կառույցի տարածքում պահեստավորում և «բաժանում են կարիքավորներին»։ Ի դեպ, խոսքը բազմահազար ծառերի և եզակի փայտանյութի մասին է (թեղին կաղնու նման կարծր տեսակ է)։

Ինքս արել եմ առավելը՝ որպես Երևանի ավագանու անդամ և 30 տարվա ոլորտի փորձագետ։ Երևան քաղաքը չունի գլխավոր դենդրոլոգ, որը լիազորված է նման աշխատանքները թույլատրել և վերահսկել, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել եմ։ 

Այս ընթացքում խնդրի մասին բազմիցս բարձրաձայնել եմ ու հիմնավորումները փաստաթղթերով ներկայացրել պատկան մարմիններին. հանրային լսումներ՝ խնդրին առնչվող պետական կառույցների և ՀԿ-ների մասնակցությամբ, հանրային լսումներ քաղաքացիների մասնակցությամբ, միջազգային ամենահեղինակավոր փորձագետների կարծիքների ներկայացում՝ Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ՌԴ և այլն, նամակագրություն երկրի լիազոր մարմինների հետ պետական միջոցների վատնման և քաղաքի կանաչ կմախքի ոչնչացման մասին՝ ՊՎԾ-ի, վարչապետին կից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Բուսաբանության և Կենդանաբանության ինստիտուտների, Ագրարային համալսարանի, առողջապահության և շրջակա միջավայրի նախարարությունների և այլն:

Մեր քաղաքապետարանը եզակի է, համառորեն շարունակեք աղետ ստեղծել բոլորիս երեխաների և կենսաբազմազանության կյանքի հաշվին։ Սա ուղղակի հանցանք է երևանցու և նորածին երևանցու նկատմամբ: Այսպես են պատրաստվում COP17-ին՝ «Կենսաբազմազանության ապագան ծառազուրկ և անապատացող քաղաքում»։ 

– Ինչո՞ւ ձեր ջանքերն արդյունք չեն տալիս:

– Ես այդ ամենը չեմ կարողանում հասկանալ, որովհետև եթե նախկինում մեկ ծառ էին հատում, հսկայական շարժում էր սկսվում, այսօր փողոցների երկայնքով ծառեր են հատվում, ու ես չեմ տեսնում անգամ մի փոքր դժգոհություն: Չեմ կարող ասել այս ամենի պատճառը, չեմ կարող գնահատական տալ: Արդեն ասացի, թե ինչ քայլերի եմ դիմել, մեր խմբակցության ղեկավարն էլ դատարան դիմեց, ու նույնիսկ դատարանի դահլիճում փորձեցինք պաշտպանել Երևանը, բայց չի ստացվում: Մեր երկրում Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին օրենքը փոխել են, որի համաձայն զանգվածային հատումները շրջակա միջավայրի վրա որևէ ազդեցություն չունեն, հասկանո՞ւմ եք, սա նոնսենս է, չի կարող նման բան օրենքում ամրագրված լինել: Ամենածիծաղելին այն է, որ երբ հատում են ծառեր, որոնց կանաչ մակերեսը 150-300 քմ է՝ ստվերային ծածկ ապահովելու մասով, ու փոխարենը տնկում են 7-10 քմ ունեցող ծառեր, ասում են՝ մենք աննախադեպ պատմական բան ենք արել: 

Այս ամենը պետք է որոշի երևանցին, սա երևանցու սեփականությունն է, ոչ թե Տիգրան Ավինյանի կամ Երևանի քաղաքապետարանի, կամ էլ կառավարության, ավելին՝ երևանցին Տիգրան Ավինյանին չի ընտրել որպես քաղաքապետ, նա այսօր քաղաքապետ է, որովհետև նրան աջակցել են «Հանրապետություն» ու «Հանրային ձայն» կուսակցությունները: Նախընտրական շրջան է, թող երևանցին այս ամենը տեսնի ու հետևություններ անի: 

Արվածն ուղղակի հանցագործություն է առաջին հերթին երևանցու նկատմամբ, մեթոդաբանությունը, որով իրականացնում են այս գործընթացները, ուղղակի հանցանք են՝ խոր էտ, խոր էտից հետո հայտարարություն, թե ծառերը դեֆորմացված են, ու հետո ծառերի հատում: Այսինքն՝ սա ծրագրված գործընթաց է, առողջ ծառերը ենթարկում են խոր էտի, որից հետո դրանց սաղարթը դեֆորմացվում է, հետո գալիս կտրում են ծառերը: Սա վանդալիզմ է, ուղիղ միջամտություն ծառերի կենսունակությանը, այսինքն՝ սա ծրագրված, մտածված գործընթաց է: 

– Տիկի՛ն Վարդանյան, իսկ ի՞նչ հետևանք է ունենալու սա մարդկանց ու շրջակա միջավայրի համար:

– Այդ մասին էլ բազմիցս խոսել ենք, արդեն իսկ նկատելի են հետևանքները. հիվանդանոցներում տեղ ու դադար չկա, բոլորը հիվանդ են՝ հատկապես մանկահասակ երեխաները, չկա մաքուր օդ՝ անհրաժեշտ թթվածնով հագեցած: Ունենալով հնգապատիկ ավելի պակաս կանաչ ֆիլտր, ընդհանուր օգտագործման տարածքները պետք է կազմեն 20%, մենք ունենք ընդամենը 4%, չունենալով այն քանակով ջրային մակերեսներ, որքան պետք է, ունենալով բաց գործող հանքեր, ունենալով տրանսպորտի չլուծված խնդիր ու անվերջ խցանումներ, ունենալով չկանոնակարգված շինարարություն ու էլի մի շարք խնդիրներ՝ մենք չենք կարող ունենալ լավ որակի օդ: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am