Որքա՞ն է Արցախյան 2-րդ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց թիվը. ՍԴ-ում սխալ հայտարարություն է արվել․ FIP.am

2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով Սահմանադրական դատարան է դիմել նաև «Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանը, որը հուլիսի 12-ի ՍԴ նիստի ժամանակ հայտարարել է, թե 44-օրյա պատերազմից հետո հենաշարժողական խնդիրներով անձանց թիվն ավելացել է 15,000-ով:

«Մենք ունենք տվյալներ, որ ունենք 156,000 հաշմանդամներ, որոնք ունեն այդ խնդիրը և որոնք իրավունք ունեն ընտրելու, և դուք էլ պարտավոր եք դա ապահովել։ Հիմա այս խնդիրը լուծելու համար ուզում եմ հասկանալ հետևյալը, առավել ևս նշեմ, որ հաշմանդամների՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց քանակը մոտ 15,000-ով ավելացել է 44-օրյա պատերազմից հետո։ Այսինքն՝ նախկին թվի հետ նույնպես ավելացում ունենք այդ հարցում։ Ինչպե՞ս է Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապահովել այս հարցը»,- դիմելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ ասել է Արտակ Գալստյանը։

Քանի որ 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց քանակի վերաբերյալ պարբերաբար տարբեր հրապարակումներ են լինում, «Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե որքան է իրական թիվը, և որքանով է Արտակ Գալստյանի այս հայտարարությունը համապատասխանում իրականությանը։ 

Հաշմանդամների թվի՝ 15,000-ով ավելացումը խիստ չափազանցված է

Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված գրավոր պատասխանի՝ 2020 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունիս ընկած ժամանակահատվածում փորձաքննվել է վիրավորում, վնասվածք և հիվանդություն ձեռք բերած 1700 անձ, որից 1267-ին սահմանվել է հաշմանդամություն։

1-ին խումբ՝ 112 անձի, 2-րդ խումբ՝ 360 անձի և երրորդ խումբ՝ 799 անձի։

Ըստ նախարարության՝ զինվորական պատճառական կապով հաշմանդամություն սահմանվել է շուրջ 510 անձի։ Հաշմանդամության խմբի սահմանման գործընթացը շարունակվում է։ 

Նշենք, որ Արտակ Գալստյանի ունեցած տեղեկությունը, թե Հայաստանում հաշվառված հաշմանդամների քանակը 156,000 է, ևս սխալ է, քանի որ ըստ Վիճակագրական կոմիտեի վերջին՝ 2020 թ. հունվարի ամփոփ տվյալների՝ հաշվառված հաշմանդամների քանակը տարեվերջին կազմել է 191,827, որոնցից անժամկետ հաշմանդամության կարգ ունի 149,286-ը։ 

Այսպիսով, հայտարարությունը, թե 44-օրյա պատերազմից հետո հենաշարժողական խնդիրներով հաշմանդամների թիվն ավելացել է 15,000-ով, շուրջ 12 անգամ չափազանցված է։

Փաստերի ստուգման հարթակ