Հայաստանի համար շատ կարևոր է, որ Վրաստանում և՛ ներքին, և՛ արտաքին կայունություն լինի. Կարեն Իգիթյան

Վրացի միլիարդատեր և իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին ելույթ է ունենում Թբիլիսիում իր կողմնակիցների առաջ [Գիորգի Արջևանիձե/AFP]։

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կովկասագետ Կարեն Իգիթյանը

– Պարո՛ն Իգիթյան, հարևան Վրաստանում խորհրդարանի ընտրություններն ավարտվեցին, ըստ ԿԸՀ-ի՝ «Վրացական երազանքը» ստացել է ձայների 54.8 տոկոսը, խորհրդարանի անցողիկ շեմը հաղթահարել են նաև 4 ընդդիմադիր ուժեր։ Նրանցից ոմանք արդեն հայտնել են ընտրությունների արդյունքները չընդունելու, մանդատները չվերցնելու և ակցիաներ սկսելու մտադրության մասին։ Հետընտրական ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում, ի՞նչ հետևանքներ են ունենալու դրանք Հայաստանի համար։

– Հետընտրական գործընթացների հնարավոր զարգացումների մասին դժվար է այս պահին կանխատեսումներ անել, որովհետև դրանք դեռ խմորումների փուլում են, բայց ինչ զարգացում էլ լինի, Հայաստանի համար շատ կարևոր է, որ Վրաստանում և՛ ներքին, և՛ արտաքին կայունություն լինի։ 

Մենք հիշում ենք 2008 թվականի պատերազմը, հիշում ենք, որ հինգ օր տևած պատերազմ էր, բայց մենք արդեն մեծ լոգիստիկ խնդիրներ ունեինք, մեր ապրանքաշրջանառության 80 տոկոսը Վրաստանի տարածքով է, այսինքն՝ մեզ համար շատ կարևոր է, որ Վրաստանում կայունություն կլինի։ Այս առումով, իհարկե, լավ կլինի, որ ընտրության արդյունքները ճանաչվեն, և իշխանությունը շարունակի իր բնականոն գործունեությունը։ 

– Այնուամենայնիվ, հետընտրական ցնցումները երկար կտևե՞ն, թե՞ չէ, եթե նկատի ունենանք, որ օտարերկրյա ազդեցության մասին օրենքի ընդունումից հետո էլ Վրաստանում բողոքի ակցիաներ իրականացվեցին, ու շատ լուրջ, բայց իշխանությունը կարողացավ չընկրկել։

– Դժվար է ասել, որովհետև, այո՛, հենց այդ օրենքի ընդունման ժամանակ շատ մեծ հանրահավաքներ կազմակերպվեցին, բայց ապարդյուն։ Հիմա որքանով նրանք կկարողանան մարդկանց մոբիլիզացնել՝ մեծ հարց է։ Մեկ բան էլ պետք է հաշվի առնենք, որ Վրաստանում ընդդիմության ամենաագրեսիվ զանգվածը Միխեիլ Սաակաշվիլու կողմնակիցներն են, իսկ նրա կուսակցության վարկանիշը անցած ընտրությունների համեմատ եռակի նվազել է, այսինքն՝ մարդիկ հասկանում են, որ ընդդիմությունն էլ է տարբեր, եթե, օրինակ՝ Սաակաշվիլին գա իշխանության, պատերազմական գործողությունների հավանականությունն ավելանալու է։ Մյուս կողմից, եթե Արևմուտքը շատ աջակցի ու փորձի ճնշել իշխանությանը, ապա մարդիկ կտեսնեն, որ չի կարողանում ուժ կիրառել, իհարկե մեթոդները կավելանան։

– Իսկ ձեր գնահատմամբ՝ Արևմուտքը գործուն քայլեր կանի՞, օրինակ՝ կարծիքներ են հնչում, որ պատրաստվում է Վրաստանում գունավոր հեղափոխության երկրորդ սցենարը։ 

– Շատ հնարավոր է, որ Արևմուտքը հենց այդպես էլ գործի, բայց պետք է հաշվի առնենք, որ Վրաստանում ոչ միայն Ռուսաստան-Արևմուտք հակադրությունը կա, որի մասին ընդդիմությունն է խոսում, այլ նաև կա Չինաստանի գործոնը ու՝ շատ մեծ։ 

Չինաստանը Վրաստանի հետ կնքել է ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր, Չինաստանը կառուցում է Անակլիայում մեծ նավահանգիստ, ինչին դեմ են արտահայտվում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ներկայացուցիչները։ Խոսքն այստեղ այն մասին է, որ Չինաստանն է ավելացնելու իր ազդեցությունը։

– Պարո՛ն Իգիթյան, այսինքն՝ ոչ թե Ռուսաստանը, այլ Չինաստա՞նը։

– Ռուսաստանն ինչքան կարողացել, ավելացրել է, ինչ առումով, մենք գիտենք, որ ամբողջ տնտեսական աճը Ռուսաստանի հետ է կապված, ինչը երկու կողմին էլ ձեռնտու է։ Իսկ եթե խոսենք աշխարհաքաղաքական համատեքստում՝ կտեսնենք, որ Չինաստանն է մեծ դեր խաղում։

– Խոսակցություններն առ այն, որ եթե ընտրությունների արդյունքները այսպես էլ մնան, ապա Ռուսաստանը կվերադառնա Հարավային Կովկաս, որքանո՞վ են հիմնավոր։ 

– Ռուսաստանը կարող է «վերադառնալ» Վրաստան, որովհետև ընդհանուր տարածաշրջանում նա դեռ կա, բայց դա կարող է լինել միայն Արևմուտքի ճնշման արդյունքում, այսինքն՝ եթե Արևմուտքը Վրաստանին ուրիշ տարբերակ չթողնի։

– Այսինքն՝ ի՞նչ նկատի ունեք։

– Այսինքն՝ այնքան ճնշում գործադրեն, որ Վրաստանի իշխանությունը տեսնի, որ պետք է ընտրություն կատարի՝ կա՛մ դառնալ Յանուկովիչ՝ մեծ ցույցեր կազմակերպեն, իրենց ճնշեն ու չթողնեն ուժ կիրառել, կա՛մ էլ հարաբերությունները խզեն և ուզած-չուզած ավելի սերտ համագործակցեն Ռուսաստանի հետ։ 

Ամեն դեպքում, չեմ կարծում, թե ԱՄՆ-ն կհեռանա կամ կփորձի չհեռանալ, որովհետև Վրաստանն իրենց համար կարևոր երկիր է լոգիստիկ առումով նաև, այսինքն՝ կփորձի մնալ, այլ հարց է, թե ռադիկալացման ի՛նչ աստիճանի կհասնի այդ ամենը: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am