Հայաստանի Հանրապետությունը մինչև նոյեմբերի 10-ը պետք է ճանաչեր Արցախի անկախությունը. Արցախի ԱԺ նախագահ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը

– Պարո՛ն Թովասյան, ինչպե՞ս եք նայում Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու հեռանկարին, ՌԴ նախագահն էլ կարծես տարակուսանք էր հայտնել, թե ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը։

– Հայաստանի Հանրապետությունը մինչև նոյեմբերի 10-ը պետք է ճանաչեր Արցախի անկախությունը։ Բայց նաև ասեմ, որ, իմ կարծիքով՝ ՀՀ-ն մի քանի անգամ Արցախի անկախությունը ճանաչելու պահը կորցրել է. առաջին ամենահարմար պահը 1994 թվականի մայիսի 12-ին Բիշքեկի պայմանագրից անմիջապես հետո էր, որովհետև Ադրբեջանը շատ թույլ էր, 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ և երբ Իլհամ Ալիևը նախագահ ընտրվեց ու հայտարարեց, որ բանակցային գործընթացը սկսում են զրոյից։ Այսինքն՝ մի քանի անգամ եղել են հարմար պահեր։

– Հիմա ուշացա՞ծ կլինի ճանաչումը։

– Եթե հետևել եք, Արցախի Ազգային ժողովը տարբեր հայտարարություններով է հանդես եկել՝ դիմելով աշխարհի տարբեր խորհրդարաններին, որ ճանաչեն Արցախի անկախությունը։ Ի՞նչ է, ՀՀ Ազգային ժողովը դո՞ւրս է այդ խորհրդարանների շարքից։

– Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո իմաստ ունի՞ ճանաչումը։ 

– Հիմա դա Հայաստանի Հանրապետության ներքին գործն է։ Ես ուղղակի հիշեցնեմ, որ հայ-թուրքական արձանագրությունները երկար ժամանակ մնացին ԱԺ օրակարգում։ Այդպես պետք է լիներ Արցախի անկախությունը ճանաչելու նախագիծը․ թող դրական եզրակացությամբ մտներ խորհրդարան, մնար օրակարգում և պատերազմի վերսկսման դեպքում Հայաստանը ճանաչեր Արցախի անկախությունը։ Դա կլիներ զսպաշապիկ Ադրբեջանի համար։

– Պարո՛ն Թովմասյան, հիմա կարելի՞ է ասել, որ Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ: 

– Հայաստանը միշտ է եղել Արցախի անվտանգության երաշխավորը, այդ մասին հայտարարել են Հայաստանի բոլոր նախկին, ներկա ղեկավարները։ Բայց եթե այս պատերազմը լիներ Հայաստանի և Ադրբեջանի միջև, ավելի մեծ հաջողություններ կգրանցեինք։

Բայց Թուրքիան շատ ավելի մեծ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, և ինչպե՞ս կարող էին Հայաստանն ու Արցախը պայքարել այդ երկրների մեծաքանակ բանակի դեմ։

Սա Թուրանի ծրագիրն է, և Էրդողանը մտնում է տարածաշրջան։ Սա պետք է անհանգստացնի Ռուսաստանի Դաշնությանը և Իրանի Իսլամական Հանրապետությանը։

– Այդ դեպքում ինչո՞ւ չի անհանգստացրել, քանի որ բավական ուշացած էին կարծես արձագանքները։

– Ռուսաստանից հայտարարեցին ՀԱՊԿ-ի շրջանակներում աջակցության մասին, եթե Հայաստանի սահմաններին որևէ հարված հասցվի։

Եթե հիշում եք՝ նոյեմբերի 10-ից հետո Պուտինը ակնարկեց Արցախի անկախության մասին՝ մատնանշելով Աբխազիայի, Հարավային Օսիայի օրինակները, ասաց, որ մեր խաղաղապահ ուժերը կանգնած էին, այդ երկրները ճանաչեցինք պատերազմի ժամանակ։ 

– Այս փաստաթղթի բովանդակության մեջ հնարավո՞ր է որևէ բան փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների ընթացքում։ 

– Արդեն ինչ-որ բան փոխվեց փաստաթղթում Քարվաճառի մասով՝ ժամանակը հետաձգվեց նոյեմբերի 15-ից մինչև 25-ը։ Ես չեմ գտնում, որ այդ հայտարարությունը իրավական փաստաթուղթ է։

Եթե կան բանակցություններ, ապա պետք է բանակցող կողմը՝ Հայաստանի Հանրապետությունը, շատ ճկուն լինի, շատ ճկուն քաղաքականություն պետք է տարվի, որովհետև հիմա մենք կանգնած ենք պատերազմի և խաղաղության միջև։

Եթե Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության երաշխավորն է, ապա ինքը պետք է գտնի այն փաստաթուղթը, որը դրված է սեղանին, և եթե չստորագրեց, ապա դա տանելու է նոր պատերազմի, կորցնելու է դրանով Ստեփանակերտը և մնացած տարածքները։

Այսինքն՝ ՀՀ-ն ունի հիմա պաշտպանության նոր նախարար, նոր արտգործնախարար, պետք է շատ ճկուն լինեն, հաշվարկեն՝ ինչ ունեն, ինչ չունեն։ Այս պատերազմի ընթացքում թույլ տրված բոլոր սխալները պետք է ուղղվեն, համապատասխան անձինք պատժվեն։ 

– Որո՞նք են եղել սխալները։

– Օրինակ այն, որ Արցախի 18-50 տարեկան տղամարդիկ հանկարծ հայտնվել էին Երևանում։ Հենց պատերազմը սկսվել է, մարդիկ մեքենաներով՝ 25-40 տարեկան, անձնագրերը թողնում էին անցակետերում ու ասում, թե տանում են ընտանիքներին, իրենք կվերադառնան։ Հիմա էլ բազմաթիվ անձնագրեր մեզ մոտ են, բայց դրանց տերերը չկան։ 

– Վերադառնալու դեպքում հնարավո՞ր է պատժվեն այդ մարդիկ։ 

– Ժամանակը կգա՝ կպարզվի, չեմ կարող ասել։ Բայց մենք պատրաստ ենք Ազգային ժողովում ընդառաջել իրավապահ մարմիններին, եթե Քրեական օրենսգրքում կամ այլ օրենքներում համապատասխան փոփոխություններով գան, մենք՝ որպես Ազգային ժողով, պետք է ընդառաջենք։

Այդ հարցով պետք է զբաղվեն մեր ուժային կառույցները։ 2016-ին էլ այդպես եղավ, 1992-1994 թվականներին էլ այդպես եղավ։ 92-94-ին պետական պաշտպանության կոմիտեի մի այդպիսի որոշում կա, որ մեր այն հայրենակիցները, որոնք վեց ամիս Արցախում չեն ապրել, նրանց բնակարանները տրվել են զինվորականներին։

Այս պահին շատ կարևոր է նաև լուծել Արցախում երեխաների կրթություն ստանալու հետ կապված հարցերը։ Հիմա, օրինակ՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանը չկա, ինչպե՞ս և որտե՞ղ պետք է լուծել նրանց կրթության հարցը։ 

Հասմիկ Համբարձումյան

Ստեփանակերտ

MediaLab.am