Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ միջուկային գործարքի շուրջ, եթե Միացյալ Նահանգները վերանայի Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները։ Այս մասին Թեհրանում BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։
Նրա խոսքով՝ «գնդակը Ամերիկայի դաշտում է», և Վաշինգտոնը պետք է ապացուցի, որ իսկապես ցանկանում է համաձայնության հասնել։ Նա նշել է, որ եթե ԱՄՆ-ը անկեղծ լինի բանակցություններում, հնարավոր է շարժվել դեպի գործարք։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախընտրում է համաձայնության հասնել Իրանի հետ, սակայն ընդգծել է, որ դա «շատ բարդ է»։ Պետքարտուղար Մարկիո Ռուբիոն էլ նշել է, թե բանակցային գործընթացի ձգձգման համար պատասխանատու է Իրանը։
Իրանի փոխարտգործնախարարը նաև հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է քննարկել իր միջուկային ծրագրի որոշ հարցեր, այդ թվում՝ բարձր հարստացված ուրանի նոսրացման հնարավորությունը։ Սակայն նա չի հստակեցրել՝ խոսքը պատժամիջոցների ամբողջական, թե մասնակի վերացման մասին է։



















