Օհանավանում հայտնաբերվել է միջնադարյան ժայռափոր դամբարան. ԿԳՄՍ նախարարությունը մանրամասներ է հայտնում

Օհանավանի տարածքում Քասախի կիրճում, բնակիչներից մեկը սեփական տարածքում հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային ծառայության կողմից դեպքն արձանագրվել և աշխատանքները դադարեցվել են: Քննարկվել են աշխատանքների ընթացքում հայտնաբերված հնագիտական առարկաները պետությանը հանձնելու և հրատապ պեղումների անհրաժեշտությունը: Առաջիկայում նոր հայտնաբերված հուշարձանը կվկայագրվի և կստանա նաև նորահայտ հուշարձանի կարգավիճակ»,- նշված է հաղորդագրության մեջ:

ԿԳՄՍ նախարարության պատվիրակությունը քննարկվել և հստակեցրել է նաև Աղձքի հայոց արքաների դամբարանի նորոգման, ամրակայման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի ձեռքբերման մրցույթի տեխնիկական բնութագիրը և պահանջները: Նախագծի մրցույթը ԿԳՄՍ նախարարությունը կհայտարարի առաջիկա օրերի ընթացքում: Քննարկվել է նաև Աղձք պատմամշակութային արգելոցի հարակից տարածքի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և արգելոցի տարածքին միացնելու հարցը: