Կորոնավիրուսի դեպքերը բացարձակ թվերով նվազում են․ պիկը եղել է հուլիսի 6-ին․ Նախարար

Պարետատան նիստից հետո հրավիրած ճեպազրույցում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ կորոնավիրուսի դեպքերը բացարձակ թվերով նվազում են, ինչը տեղի է ունենում դանդաղ։

«Այս շաբաթ ամենաշատ դեպքերի թիվը դեռ եղել է 308։ Եվ մենք մոտ օրերս կտեսնենք՝ արդյոք այս տեմպը պահպանվում է, թե չէ։ Բայց համեմատելով նախորդ երկու-երեք շաբաթվա թվերի հետ՝ ակնհայտ է, որ բացարձակ թվերով ու տոկոսներով մենք ունենք բարելավում, ինչն իրապես լավ հնարավորություն է՝ իրավիճակն այնքան լավացնելու, որ սա այլևս ճգնաժամային իրավիճակ չհամարվի»,- նշեց Արսեն Թորոսյանը։

Ըստ նրա՝ ժամանակին շատ էր խոսվում հիվանդության պիկի մասին։

«Մեր տվյալներով՝  մենք ամենաշատ ակտիվ պացիենտ ունեցել ենք հուլիսի 6-ին։ Այսինքն՝ եթե դա համաճարակաբանորեն համարենք պիկ, ապա մեր պիկը եղել է հենց այդ օրը։ Եվ այդ օրվանից հետո մենք ամեն օր ավելի քիչ թվով պացիենտներ ենք ունեցել»,- ասաց նա։

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների հոսպիտալացման խնդիր վաղուց չկա։ «Հակառակը, մենք հիմա արդեն ունենք բազմաթիվ ազատ հիվանդանոցային մահաճակալներ, որոնք փաստացի զբաղված չեն։ Դրանով պայմանավորված՝ մենք աստիճանական գնալու ենք այդ մահճակալային ֆոնդի հետծավալման, իհարկե, միշտ պատրաստ լինելով մեկ-երկու օրվա մեջ դրանք նորից նույն ծավալով աշխատեցնելու»,- հավելեց Թորոսյանը։