Էդգար Բաղդասարյանը չի հավատում «կուշտ մարդկանց բունտին». «Քաղաքացիական պայքարը մանկամտություն է` ձեռնտու իշխանությանը»

Էդգար Բաղդասարյանը չի հավատում «կուշտ մարդկանց բունտին». «Քաղաքացիական պայքարը մանկամտություն է` ձեռնտու իշխանությանը»
Էդգար Բաղդասարյանը չի հավատում «կուշտ մարդկանց բունտին». «Քաղաքացիական պայքարը մանկամտություն է` ձեռնտու իշխանությանը»

Կենսաթոշակային կուտակային համակարգի և  այլ խնդիրների դեմ Հայաստանում տարվող պայքարը պետք է քաղաքական բնույթ ստանա, որպեսզի հնարավոր լինի արդյունքի հասել: 

Այս կարծիքին է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը, ով «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադարձավ վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

«Սկզբում շատ ոգեշնչված էի կուտակայինի դեմ տարվող պայքարով, բայց հիմա մտորելու տեղիք ունեմ, ու իմ կարծիքով՝ դրա համար պատճառ կա: Նույն երիտասարդներին նույն եռանդով ես կուզեի տեսնել նաև ուրիշ միջոցառումների ժամանակ: Դա կարծես թե կուշտ մարդկանց բունտ է, ես չեմ հավատում կուշտ մարդկանց բունտին: Եթե ես տեսնեմ, որ նույն եռանդով իրենք դուրս են գալիս սովորական մարդկանց իրավունքները պաշտպանելու, ովքեր ճորտի նման օրական 12-14  ժամ բանում են և որևէ կերպ պաշտպանված չեն, ուրիշ հարց: Ճորտատիրական կարգեր են Հայաստանում, բայց ծպտուն չկա դրա մասին, բայց երբ 5-10 տոկոս պետք է տան իրենց թոշակից, դուրս են եկել, իրենց ճղում են: Դա իմ համար անընդունելի է, ես դրան չեմ ուզում մասնակցել»,- «Մեդիալաբին» ասում է Էդգար Բաղդասարյանը:

Նա նշեց, որ անկախ նրանից, թե ինչ կարծիք ունի ՀԱԿ-ի մասին, երբ վերջին հանրահավաքի ժամանակ Ազատության հրապարակում ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը քաղաքական երանգ հաղորդեց իրավիճակին, դա ճիշտ ուղի էր:

«Պայքարը քաղաքական պետք է լինի: Դա պետք է քաղաքական հզոր պրոցես լինի, որ էդ քարը տեղից շարժվի: Իսկ իրենց ձեռնտու է, որ դա միայն քաղացիական նախաձեռնություն մնա, որն արդեն սկսում է կառավարվել: Ես դրան որևէ կերպ չեմ մասնակցելու, մինչև չդառնա շատ սուր քաղաքական պայքար և ավելի կարևոր խնդիրներ բարձրացվեն: Առանց քաղաքական պայքարի դուք չեք կարող որևէ բան փոխել: Քաղաքացիական պայքարը դա մանկամտություն է, դա ձեռնտու է իշխանությանը, դրա համար են այդպես ոգեշնչված ասում՝ ձևավորում ենք քաղաքացիական հասարակարգ: Դու պիտի իրականում հասկանաս՝ փոխելու համար ոչ թե բութդ տնկես ներքև, այլ դու պիտի ասես՝ ինչ պիտի անես, որ փոխես, պիտի քաղաքական պայքար մղես, լուրջ քաղաքական պայքար, դու պիտի վտանգես քո ունեցվածքը, քո դիրքը, իսկ դուք պատրա՞ստ եք այսօր դրան: Ոչ թե եկաք, մի քիչ գոռգոռացիք, երեկոյան գնացիք գարեջուր խմելու: Ես ըտենց պայքարի չեմ մասնակցի կյանքում՝ կուշտ մարդկանց հետ, շատ կուշտ»,- ասում է Էդգար Բաղդասարյանը:

Խոսելով 2013 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ կինոռեժիսորն ասում է, որ բնականաբար մարդկանց կյանքը էլ ավելի վատացավ:

«Ինչո՞վ պիտի լավանա: Կոնկրետ անձի հետ չէ խնդիրը՝ վարչապետ, նախագահ, դա էական չէ, եթե իրենց փոխես էլ, ոչ մի բան չի փոխվի: Այստեղ կառուցվածքային փոփոխություններ է պետք իրականացնել, և ես գալիս եմ այն համոզման, որ պետք է առաջին հերթին փոփոխել դատական համակարգը: Մինչև մենք չունենաք անկախ ու հզոր դատական համակարգ, ինչ կուզեն կանեն, նախագահը կզանգի, կասի՝ դավայ, Սուրեն Խաչատրյանին բաց թողեք, Վարդան Պետրոսյանին պահեք: Այ ըսենց աբսուրդների մեջ կապրենք, որովհետև նախագահի դաբրո են բոլորը սպասում, բայց սա դաբրոյի երկիր չպետք է լինի, պիտի օրենքի երկիր լինի, դրա համար առաջին հերթին դատական համակարգից պիտի սկսել»,- նշում է նա:

Էդգար Բաղդասարյանի խոսքով՝ պետք է պարզել, թե որտեղից դատավորներին շքեղ ավտոմեքենաներ ու առանձնատներ:

Նրա խոսքով՝ «իրենց 100 տարվա աշխատավարձերը դատավորները միանգամից են ուզում»:

Եթե դա չփոխվի, որևէ նախագահի ու վարչապետի խոսք, ըստ նրա, դատարկաբանություն է: Նա հիշեցնում է, որ երբ ԱՄՆ-ում դատական համակարգը կայացավ, այդ երկիրը փոխվեց:

«Ամերիկան 80 տարի առաջ բանդիտական պետություն էր, անօրեն, խայտառակ երկիր, և դատական համակարգը ոտքի կանգնեցրեց ամբողջ Ամերիկան»,- ասաց նա: Ըստ Էդգար Բաղդասարյանի՝ դատավորներից 95 տոկոսի դեմ այսօր կարելի է քրեական գործ հարուցել, բայց դրա փոխարեն իրենք են մարդկանց դատում:

Կինոռեժիսորը միաժամանակ նկատում է, որ այժմ իշխանությունները դատական համակարգի անակախացման ճանապարհով չեն գնա բնականաբար:

Իշխանություններին, ըստ նրա, այսօր հետաքրքրում է միայն անձնական շահը, որը գերիշխող է:

«Ինչքան գոռաս՝ պետություն, հայրենիք, բանակ, անձնական շահը գերիշխող է: Մինչև անձնական շահը մենք չտրորենք հանուն հանրային արժեքների, երբևէ չենք կայանա որպես պետություն: Ես շատ եմ սիրում իմ երկիրը, և տանել չեմ կարողանում այս պետությունը, որովհետև նորմալ մարդը նման պետություն չի կարող սիրել»,- նշում է նա: 

© Medialab.am