Ռուս խաղաղապահներն ապահովել են շուրջ 210 հազար մարդու անվտանգ երթևեկությունը Լաչինի միջանցքով

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները 2020 թվականի նոյեմբերից սկսած ապահովել են ավելի քան 58 000 ավտոմեքենաների և շուրջ 210 հազար մարդկանց տեղաշարժը, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխումը Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

«Դիտորդական կետի անձնակազմը վերահսկողություն է իրականացնում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման նկատմամբ, ապահովում է տրանսպորտային միջոցների տեղաշարժի անվտանգությունը Լաչինի միջանցքով: Ընդ որում, յուրաքանչյուր ավտոմեքենա զննվում է, անհրաժեշտության դեպքում խուզարկվում:

Մեկ օրում շուրջ 200 ավտոմեքենա է անցնում», – պատմել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վասիլի Դավիդովը:

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով հագեցած դիտակետերում պլանային կարգով անցկացնում են մարտական պատրաստության պարապմունքներ, ինչպես նաեւ խախտումների եւ հնարավոր հարձակման կանխման վարժանքներ: