Կառուցելով կամուրջներ. Տաթևը՝ սոցիալական աշխատանքից մինչև բժշկական գաղտնիք, կարծրատիպեր և խտրական վերաբերմունք

Առաջին հայացքից զգայուն ու նուրբ թվացող Տաթև Նալբանդյանին ժամանակն է կոփել։ Ամեն տարի առերեսվելով հարյուրավոր մարդկային ճակատագրերի, զգայուն ու բարդ պատմությունների, Տաթևն ասում է՝ ավելի տոկուն է դարձել, ու իր խորհրդատվությամբ և աջակցությամբ փորձել օգնել խոցելի իրավիճակում հայտնված մարդկանց: 

Տաթևը սոցիալական աշխատող է, աշխատում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, թմրամիջոցներ գործածող մարդկանց հետ։ Ասում է՝ մասնագիտությունն ընտրել էր առանց երկմտելու։

«Դեռ երկրորդ կուրսից ես սիրահարված էի իմ մասնագիտությանը, փնտրում էի կազմակերպություններ, որտեղ կարող էի տեսնել պրակտիկ սոցիալական աշխատանք ու կամավոր աշխատում էի վերականգնողական կենտրոններում»,- հիշում է Տաթևը, որը ներկայումս աշխատում է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ում։

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն Հայաստանում գործունեության շուրջ 20 տարիների ընթացքում իրականացվող ծրագրերի միջոցով նպաստում է ՄԻԱՎ-ով ապրող, պալիատիվ բժշկական օգնության կարիք ունեցող անձանց, թմրամիջոցներ օգտագործողների, բնակչության խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը՝ ապահովելով առանց խտրականության, արժանապատիվ ապրելու նրանց իրավունքը։

«Երբ հասունացել էր մասնագիտություն ընտրելու պահը, ինձ համար հստակ էր, որ պետք է աշխատեմ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց հետ»,- նշում է Տաթևը, որն արդեն չորս տարվա աշխատանքային փորձ ունի: 

Ժամանակի կծիկը հետ տալով՝ նա հիշում է, որ առաջին աշխատանքը ստացավ ավարտական կուրսում՝ հետպատերազմական ժամանակաշրջանում, երբ Գյումրիում գործող «Էմիլի Արեգակ» կազմակերպության մի ծրագրի շրջանակներում իրեն վստահվեց շատ բարդ, սակայն պատասխանատու դեր՝ աշխատանք պատերազմում զոհված, անհետ կորած ու գերության մեջ հայտնված զինծառայողների ընտանիքների անդամների հետ: 

«Այս աշխատանքը մեծ ազդեցություն թողեց՝ մասնագիտական գործունեություն իրականացնելու ճանապարհին։ Չնայած նրան, որ այն պահանջում էր գերզգայունություն, այնուամենայնիվ մեծ փորձառություն տվեց»,- պատմում է նա։

Հաջորդ աշխատանքը, որ Տաթևը ստացավ, ասում է՝ է՛լ ավելի բարդ էր: Հիշում է, որ դեռ ուսանողական նստարանին են իրենց սովորեցրել, որ շահառուներին պետք է լսել, ապրումակցել, բայց թույլ չտալ հույզերի այրում` կանխարգելելով հուզական այրման ռիսկը։

«Շատ բարդ էր ինքնատիրապետումը, հատկապես երբ նոր ես դաշտ մտնում: Ամենածանր ազդեցությունն ինձ վրա թողել է առաջին մահվան դեպքը»,- «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ում իր աշխատանքի սկիզբն է հիշում Տաթևը։ 

Իսկ հույզերի վերապրման համար իր միջոցներն ունի՝ բալենտյան խմբեր, սպորտ, յոգա և այլն։

«Օրինակ՝ աշխատում էի նաև սահադաշտում, ու ինձ համար այնքան հաճելի էր, որ մարդու ամենամեծ խնդիրն այդ պահին կարող է լինել չմուշկի մեծ կամ փոքր լինելը, ոտքը ցավեցնելը։ Այս աշխատանքը օգնում էր՝ հույզերի հաղթահարման համար»,- պատմում է նա։

Սոցիալական աշխատողի համար ամենակարևոր հատկանիշը, ըստ Տաթևի, մարդկանց չքննադատելն ու խտրական վերաբերմունք չունենալն է, որովհետև անգամ նվազագույն կարծրատիպի առկայության դեպքում անհնար է դառնում վստահելի հարաբերությունների ձևավորումը։ 

«Սոցիալական աշխատողը պետք է ապրումակցող լինի, կարողանա լսել ու հանդուրժող լինել ցանկացած խմբի խնդիրների նկատմամբ»,- նշում է նա։

Կարծրատիպերը և խտրականությունը

Այս ոլորտում դժվարությունները շատ են, որոնք առկա կարծրատիպերի և խտրականության հետևանք են: Խտրականության ամենամեծ բաժինը  ընկնում է առողջապահության ոլորտին, ասում է՝ իր աշխատանքի ընթացքում ականատես է եղել բազմաթիվ խտրականության դեպքերի, երբ, օրինակ՝ բուժհաստատություններում խտրական վերաբերմունք են ցուցաբերել և հրաժարվել բուժօգնություն ցուցաբերելուց կամ շեշտակի բարձրացրել են վիրահատության արժեքը՝ պատճառաբանելով առանձին գործիքները և միջոցները, երբ իմացել են բուժառուի ՄԻԱՎ դրական կարգավիճակի մասին:

«Արձանագրվել է ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունեցող անձի մահվան դեպք, որը բազմապրոֆիլ հիվանդանոցի կողմից ծառայություն չտրամադրելու հետևանք է եղել»,- հիշում է Տաթևը։

Նա խոսում է նաև իրազեկվածության ցածր մակարդակի և դրանից բխող կարծրատիպերի մասին, համաձայն որի, օրինակ՝ մարդկանց ստվար զանգված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը կապում է «բարոյականության» հետ:

«Ասում են՝ եթե անձն ունի ՄԻԱՎ դրական կարգավիճակ, այդ դեպքում կասկածի տակ է դրվում վերջինիս «բարոյական արժեքները», կամ այդ հիվանդությունները որոշակի խմբի հիվանդություններ են, օրինակ՝ սեռական ծառայություն մատուցողների, մինչդեռ նրանք այսօր ավելի տեղեկացված են, քան հեռավոր գյուղում ապրող ու արտագնա աշխատանքի մեկնած ամուսնուց վարակված կինը»,- նշում է նա։

Բժշկական գաղտնիքի խախտում

Տաթևը պատմում է, որ Հայաստանի բուժհաստատություններում հաճախ հրաժարվում են սպասարկել ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունեցող մարդկանց, սակայն երբ հայտնվում է սոցիալական աշխատողը, իրավիճակը փոխվում է։ Բժիշկը ավելի զգոն է դառնում բուժառուի իրավունքների նկատմամբ։ Այս ոլորտում հաճախ մեծ խնդիր է դառնում բժշկական գաղտնիքը չպահպանելը։ Դեպքեր են արձանագրվում, ինչպես տեղամասային պոլիկլինիկաներում, այնպես էլ այլ բժշկական հաստատություններում։

«Դեպք ենք ունեցել, երբ թերապևտից պետք է գնայինք գինեկոլոգի մոտ, ու մինչև կհասնեինք, թերապևտն արդեն զգուշացրել էր, որ ՄԻԱՎ ունի, զգույշ կլինես, ու մենք ընդամենը սոնոգրաֆիա պետք է անեինք։ Ունեցել ենք դեպք, երբ միջանցքում բժիշկը գոռացել է, որ քո մոտ հիմա գալիս է ՄԻԱՎ ունեցող»,- հիշում է նա։

Ասում է, որ նման իրավիճակներում ինքն փորձում է բժշկական անձնակազմի իրազեկվածոթւյան մակարդակը բարձրացնելուն ուղղված գործողություններ իրականացնել։ Սակայն, ոչ միշտ է այդ ճանապարհը առանց խոչընդոտների լինում։ Ոմանք հրաժարվում են լսելուց՝ նշելով, որ փորձառու են, և կարիք չկա սովերցնելու։ Կարծրատիպային ու խտրական վերաբերմունքի հիմքը, ըստ սոցիալական աշխատողի, տեղեկացված չլինելն է, ինչը բազմաթիվ այլ խնդիրների է հանգեցնում։

«Բժշկի իրազեկվածության պակասը երբեմն կարող է ողբերգական հետևանքների հանգեցնել: Օրինակ՝ երբեմն բժիշկը, չիմանալով, որ ՄԻԱՎ-ով ապրող անձը կարող է առողջ երեխա ունենալ, կարող է ստիպել նրան ընդհատել հղիությունը: Նման դեպքերը եզակի չեն»,- պատմում է նա։

Նա խոսում է նաև ընտանիքներում իրազեկվածության պակասի և և դրանից բխող հետևանքների մասին. 

«Դեպքեր ունենք, որ նույնիսկ ընտանիքի անդամները, իմանալով կարգավիճակի մասին ու չիմանալով այդ հիվանդության փոխանցման ուղիների մասին, պարզապես մեկուսացրել են ՄԻԱՎ կարգավիճակ ունեցող անձին և թույլ չեն տվել օգտվել ընդհանուր սպասքից։ Ունենք դեպք, երբ անձը հրաժարվում է դեղորայքից, որ ծնողները չիմանան իր կարգավիճակի մասին»:

Տաբուները 

«Սեռական կյանքի մասին խոսելը առ այսօր մեր հասարակության մեջ տաբու է: Մարդկանց հետ սեռական հարաբերության պաշտպանվածության մասին խոսելն ամոթ է, սեռական կյանքին առնչվող որևէ տեղեկության տրամադրումն ամոթ է: Սակայն հենց իրազեկվածության բարձրացումն է օգնում բացառելու հետագա խնդիրները»,- նշում է Տաթևը և հավելում, որ ինքը ևս իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունի: 

Նա հիշում է մի դեպք, երբ ՄԻԱՎ կարգավիճակի մասին բժիշկների վերապատրաստումից հետո իրեն զանգահարել է վերապատրաստված բժիշկներից մեկը մարզից և հարցրել՝ հղիի ՄԻԱՎ կարգավիճակի մասին անկետայի վրա պետք է նշե՞լ, թե՞ ոչ։ 

«Մենք իրազեկման արշավ էինք իրականացրել դպրոցում, և դպրոցներից մեկում և ծնողներից մեկը ահազանգել էր նախարարություն ու հայտարարել, որ երեխային «վատ բաներ են դպրոցում սովորեցնում», պատկերացնո՞ւմ եք»,- հիշում է Տաթևիկը ու նշում, որ իրազեկումն այս պայքարում ամենակարևոր ուղղություններից մեկն է: 

«Ես տարեկան շուրջ 600 շահառուի հետ եմ աշխատում։ Ոլորտում առկա բացերն ու ամենամեծ խնդիրները ի հայտ են գալիս հասարակության մեջ դեռ կարծրացած մոտեցումներից, սակայն շարունակական աշխատանքներ են տարվում՝ փոփոխությունների հասնելու համար»,- նշում է Տաթևը։ 

Սաթենիկ Հայրապետյան

Լուսանկարը՝ էմմա Գրիգորյանի

MediaLab.am