Արցախում բողոքի ակցիաները շարունակվելու են, մենք պայքարելու ենք, ուղղակի քաղաքական գործընթացը վեր չդասեցինք պանդեմիայից. Մերի Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ստեփանակերտի «Արևիկ» ՄԲ կենտրոնի մանկական վիրաբույժ Մերի Գրիգորյանը:

– Արցախի նախագահի երդմնակալության արարողությունից հետո տեղի ունեցած խնջույքի լուսանկարը բուռն քննարկումների ու քննադատություններից տեղիք տվեց, որտեղ Արցախի ու Հայաստանի պաշտոնյաները սոցիալական հեռավորություն չէին պահպանում և դիմակներով չէին: Ինչպիսին է այս ամենի նկատմամբ վերաբերմունքը Արցախում:

– Ճիշտն ասած, ես կիսում եմ լրատվամիջոցների ու հասարակության կարծիքը, որ պետք էր պահպանել սոցիալական հեռավորություն: Ճիշտ է, մեզ մոտ ոչ ոք չի պահում այդ կանոնները: Այնպես չէ, որ բոլորը պահում են կանոնները, միայն իրենք չեն պահել: Էդ որ ասում են՝ արտակարգ դրություն, կարանտին, էդ բոլորն ասելու համար են միայն: 

Երեկոյան փորձեք Ստեփանակերտում քայլել, կտեսնեք, թե որքան մարդ է դրսում: Ես կարող եմ նկարներ ուղարկել: Զբոսանքի վայրերում, հրապարակներում մարդկանց կուտակումներ են, Ստեփանակերտում ոչ ոք արտակարգ իրավիճակ կամ կարանտին չի պահում: 

Ուզում եմ ասել, որ ընդհանուր իրավիճակն է այդպիսին, դրա համար Արցախում այդ հարցը չի էլ քննարկվել: Արցախում ոչ մեկի լեզուն երկար չի, որ ասի՝ ինչի՞ եք այդպես արել: Բայց ես անձամբ կարծում եմ, որ սխալ բան է տեղի ունեցել: 

Մանավանդ, մեզ մոտ էլ ունենք վարակման դեպքեր, թեև մեզ մոտ դա լոկալ է: Միայն Շահումյանի շրջանում է, հիվանդները հիվանդանոցում են, շփում չունեն: Իսկ Երևանից եկած բազմաթիվ հյուրերը պոտենցիալ վարակակիր են, քանի որ օջախից են գալիս: 

Պետք չէր այդպես մեծ հավաք անել: Իհարկե կարելի էր շնորհավորել, բայց պետք չէր այդպիսի կուտակումներ թույլ տալ: 

Մյուս կողմից՝ Ղարաբաղում քննադատողները շատ քիչ են, մանավանդ որ Արայիկ Հարությունյանն արդեն գործող նախագահ է, ոչ ոք չի ասի՝ ինչու երդմնակալության ժամանակ այդպես արեցիր: 

– Այսինքն՝ ինչու այդպես ճոխ քե՞ֆ կազմակերպեցիր:

– Այո: Ճիշտն ասած, մենք «Գիտակից ընտրություն» խումբ ունենք, մոտ 30-40 հոգի: Մենք անդրադարձել ենք Ֆեյսբուքով և «Արցախ-1»-ով, որ բազմաթիվ բազմազավակ ընտանիքներ կան, իրենք ոնց են ապրում, և դրա ֆոնին նման ճոխ սեղանները: Անդրադարձողներ կան, ուղղակի քիչ են:

– Սպասելիքներն ինչպիսի՞ն են Արցախի նոր նախագահից՝ հաշվի առնելով, որ երդմնակալության նույն օրը բողոքի ցույց տեղի ունեցավ Ստեփանակերտում:

– Իմ ասածը հենց դա էր, «Գիտակից ընտրություն» շարժումն է եղել: Ես այդ պահին աշխատանքի էի, չեմ մասնակցել, բայց իմ ընկերները մասնակցել են: 

– Ցույցի մասնակիցները նշում էին, որ Արցախում իրենք կհասնեն վերջնական հեղափոխության, իշխանափոխության: Որքանով են նման տրամադրությունները տարածված Արցախում, արդյոք դժգոհությունը մե՞ծ է, թե՞ ոչ: 

– Դժգոհությունն այս պահին իրոք մեծ է, մանավանդ տարբեր ընդդիմադիր թիմեր առանձին-առանձին են մասնակցել ընտրապայքարին՝ համախմբվելով տարբեր լիդերների շուրջը, բայց ընտրություններից հետո տեսանք, որ այդ լիդերները սահուն անցում կատարեցին դեպի իշխանություն, և նրանց ընտրազանգվածը հիմա շատ հիասթափված է: 

Մարդիկ, որոնք համարում էին, որ իրենք հեղափոխության և իրական փոփոխությունների կողմնակիցներ են, իրենց լիդերներից հիասթափված են: Պատկերացրեք, որ հիմա բողոքավոր զանգվածն ավելի շատ է, քան նախքան ընտրությունները: 

Ուղղակի կարանտինն ու վարակվելու վտանգը թույլ չեն տալիս, որ Արցախում մեծ թվով ակցիաներ անցկացնեն: Կոնկրետ Շուշիում երդմնակալության ժամանակ այնպես ենք արել, որ պարետի ցուցումներով լինի:

Մասնակիցները չեն գերազանցել 20-ը, 19 հոգով են եղել, սոցիալական հեռավորություն են պահել ու եղել են դիմակներով: Թե չէ ցանկացողները շատ էին, մենք ենք ասել, որ պետք չի շատով լինենք, որ շահարկումներ չլինեն, չասեն՝ դուք էլ եք հավաքվում, խախտում եք կարգը: 

– Այսինքն մեծ ակնկալիքներ չկա՞ն նոր իշխանություններից: 

– Իհարկե ոչ: Հաջորդ քայլերով ինքը ցույց կտա, որ չեն կարող լինել լրջագույն փոփոխություններ, բարեփոխումներ: Ըստ շրջանառվող լուրերի՝ կադրային փոփոխությունները նույնպես լինելու են նախկին իշխանության տրամաբանական վերարտադրությունը:

Այսինքն՝ այն մարդիկ, որոնք եղել են ինչ-որ պաշտոններում, և մենք տեսել ենք նրանց աշխատանքը, էլի նեղ շրջանակներում խոսում են, որ նորից գալու են իշխանության: Այսինքն՝ ոչ մի ակնկալիք չկա: 

– Անգամ Բակո Սահակյանի վերադա՞րձը չեք բացառում:

– Դե, ինքը նախապես դեռ մեկ տարի առաջ հայտարարել էր, որ չի մասնակցելու քաղաքական գործընթացներին, որ դուրս է գալիս քաղաքականությունից:

– Շատերը քննադատեցին ոչ այնքան այն, որ պաշտոնյաներն իրար շատ մոտ էին կանգնած, որքան ճոխ սեղանների առկայությունը:

– Նաև մոտ կանգնելու խնդիրը կա, բայց մարդիկ այդ մասին չեն խոսում, որովհետև ոչ մեկն Արցախում չի պահում կարանտինի պայմանները: Եթե ամբողջ քաղաքը լիքն է մարդկանցով, ի՞նչ խոսեն: Դրա համար հիմնականում խոսվում է ճոխ սեղանների մասին: 

– Առաջիկայում բողոքի ակցիաներ, ցույցեր կլինե՞ն Արցախում:

– Կլինեն իհարկե: Ուղղակի հիմա ժամանակավոր դադարեցված է այդ գործընթացը՝ համավարակի հետ կապված: Ես էլ եմ բժիշկ, մեր «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահն էլ է բժիշկ, և մենք չենք ուզում, որ կուտակումներ լինեն:

Մենք, հասկանալով, որ այդ բողոքի ակցիաները ձգձգելով կարող է մարում ունենանք, բայց չգնացինք դրան, ոչ մի քաղաքական գործընթաց վեր չդասեցինք պանդեմիայից:

Ասեցինք՝ ոչինչ, միևնույն է, կանցնի այս ամենը, և գործելու ժամանակը գալու է: Բողոքի ակցիաները, բնականաբար, շարունակվելու են, մենք պայքարելու ենք: 

Մանե Հարությունյան

MediaLab.am