«Զանգեցին, ասեցին՝ մոտիկացել են, դուրս եկեք, էդպես մի կերպ փախել ենք, ընդամենը շորեր վերցրեցինք, անգամ շատ փաստաթղթեր թողեցինք էնտեղ». Գայանե Անդրեասյանը՝ Կովսականից՝ Էջմիածին՝ ձեռնունայն և ապագայի անորոշ պատկերացումով

36-ամյա Գայանե Անդրեասյանի ընտանիքը Քաշաթաղի շրջանի Կովսական (Զանգելան) քաղաքից է, Արցախյան պատերազմի հետևանքով թողել է ամեն ինչ՝ երկու տուն, հողամաս, խանութ ու ձեռնունայն ապաստան գտել Հայաստանում՝ Էջմիածին քաղաքում։

Պատերազմի օրերի ապրումների մասին խոսում է հուզմունքով, ապագայի մասին դեռևս անորոշ պատկերացումով։

Գայանեն իր կյանքում երեք պատերազմ է տեսել։ Արցախ վերադառնալ առայժմ չի պատկերացնում, ասում է՝ վախենում է և ընդգծում՝ չի ցանկանում՝ երեխաները նույն ապրումներն ունենան:

«Ճիշտն ասած, վախենում ենք Արցախ գնալ, սենց կարողացանք փախնել, բա էնտեղից ո՞նց կկարողանանք փախնել։ Էսօր չորս կողմը թշնամին ա, չենք կարող ասել՝ ինչ կլինի: Հիմա ասեցին՝ տարհանում, ամեն մեկը մի ճանապարհով փախավ, մենք լրիվ այլ ճանապարհով ենք փախել, հիմնական ճանապարհով չէինք կարա, արդեն ռմբակոծում էին։ Ապրիլյանին ամուսինս էլ էր մասնակցում, զինվորներին տանում, սնունդ էր ապահովում: Ամուսինս, որ առողջական խնդիրներ ուներ, իրեն ասեցին՝ չես կարողանա դիրքեր գնա, իրեն ուղարկեցին քաղաք, էնտեղ հսկեր։

Ես ինքս երեք պատերազմ եմ տեսել՝ 90-ականներին, ապրիլյանը, հիմա՝ նորից։ Չեմ ուզում, որ երեխաներս էդ վերապրեմ։

Ուզում ենք գոնե կարողանան մեզ մի բանով օգնել, տուն առնենք էստեղ, վարձով ինչքա՞ն կարանք ապրել, հնարավոր չի, վարձը 80 հազար դրամ է, կոմունալներն էլ իրար հետ՝ համարյա 120-130, էդքան ինչքա՞ն կկարողանանք ապրել: Սնունդն էլ դեկտեմբերի 17-ին ենք ստացել ու վերջ։ Դիմել ենք, ասում են՝ դեռ չկա սնունդ»,- ասում է Գայանե Անդրեասյանը։

Գայանե Անդրեասյանի խոսքով՝ պատերազմի օրերին հեռացան իրենց տանից՝ հապշտապ, առանց իրերը վերցնելու՝ տուն ու ունեցվածքը թողնելով հակառակորդի տիրապետության ներքո, չհասցրեցին նաև սկեսրայրի մարմինը արտաշիրիմում անել, գերեզմանը ևս մնաց հակառակ կողմում:

«Մինչև վերջին պահը մեզ ասում էին, թե լավ է լինելու: Պաշտոնյա ղեկավարները՝ հանձինս մեր քաղաքապետի, իրենք էլ երևի չէին պատկերացնում, որ կհասնեն Կովսական: Մեզ ասում էր՝ լավ է լինելու, ոչ մի բան էլ մի հանեք, ասում էին՝ չեն հասնելու։ Սպասում էինք։

Երեխաներիս դուրս էի հանել, երկու աղջիկ, երկու տղա ունեմ, մորաքրոջս տղան եկավ-տարավ, բերեց Պռոշյան գյուղ։ Բայց միջնեկ տղաս չհամաձայնվեց։

Էդ անօդաչուները որ գալիս էին, իմ երեխեն նենց սթրեսներ տարավ։

Ինչ ասես՝ տեսանք․ էդ ձայները, էդ կրակոցները, ասում էին՝ գիշերները շատ զգոն քնեք, անգամ չքնեք, սպասում էինք, որ գոնե լույսը բացվի, տեսնենք՝ ինչ է կատարվում։

Մեր գյուղի երեխաներից էլ, որ տարել էին, վիրավորվել էին, որն էլ մահացել էին, շատ վատ էինք զգում, ասում էինք՝ դե, երևի լավ կլինի»,- հուզմունքը զսպելով ասում է Գայանե Անդրեասյանը։

Այնուհետև հիշում է․ «Զանգեցին, ասեցին՝ մոտիկացել են, դո՛ւրս եկեք: Էդպես մի կերպ փախել ենք: Ընդամենը շորեր վերցրեցինք, անգամ շատ փաստաթղթեր թողեցինք էնտեղ, բժշկական թղթեր ունեինք, էնտեղ ստուգվել էինք, թողել ենք էնտեղ, սկեսուրս էլ ահագին առողջական խնդիրներով է։

Սկեսրայրս 7 ամիս առաջ է մահացել, էնտեղ էլ հուղարկավորել էինք, չէինք ուզում իրան էնտեղ թողնել: Սպասում էինք, որ ասեին՝ պատերազմը վերջացել ա, կամ ժամանակ տրամադրեին, կարողանայինք սկեսրայրիս էլ հանեինք, բերեինք, թողեցինք էնտեղ։ Վերջին պահին ասեցին՝ դուրս եկեք, արդեն տարհանում է։ Նոյեմբերի 1-ն էր, թե՞ 2-ը՝ լավ չեմ հիշում»,- պատմում է Անդրեասյանը։

Գայանեի ընտանիքն այժմ Էջմիածին քաղաքում տուն է վարձակալել, ապրում են գյուղի մեկ այլ ընտանիքի հետ միասին․ «Էնտեղ տիրություն էինք անում էդ ընտանիքին, անապահով ընտանիք էր, էդ ընտանիքի հետ ենք դուրս եկել, էդ երեխաները իմ երեխաներն են, իմ երեխաների պես պահել եմ։ Այս տանը 11 անձով ապրում ենք»,- ասում է Գայանեն։ 

Գայանեն ասում է, որ մի շարք խնդիրների են բախվել, մասնավորապես, փաստաթղթերի բացակայության պատճառով չեն կարողանում պետության կողմից տրամադրվող աջակցության ծրագրերից ամբողջապես օգտվել:

«Մինչև հիմա ՕՎԻՐ եմ գնում-գալիս, երեխաներս պետռեգիստրում չկան, երեխաներիս համար պետք է էնտեղ անձնագիր հանեինք, չհասցրեցինք: Տղայիս ու աղջկաս 16-ը նոր էր լրանում, փախանք, էլ չկարողացանք։ Միջնեկ տղայիս փաստաթղթերն էլ չկան, գնացել, դիմում եմ գրել, որ ինքը ծնվել-մեծացել է էնտեղ, դիմումի համաձայն նորից մտցրել են ՕՎԻՐ: Երեխաներիս համար նոր եմ անձնագրեր հանել, ֆինանսավորումը որ կար, չէինք կարողանում օգտվել, մինչև հիմա էլ դեռ չկա ֆինանսավորումը։

Ես ու ամուսինս ստացել ենք գումարներից՝ 300 հազար դրամ աջակցությունը, էդ գումարներն էլ ոնց տալիս են, նենց գնում է: Լավ գիտեք՝ վարձ, կոմունալ վճարումներ, տաքսիով գնացել եմ, եկել։ Ուզում էինք գնայիք հիվանդանոց, չհասցրեցինք, տոները մեջտեղ ընկան: Ինքս էլ խնդիրներ ունեմ՝ երիկամների, ինչ ստուգվել էի, էնտեղ մնաց: Ամուսինս էլ ողնաշարի խնդիր ունի, սկեսուրս էլ առողջական խնդիրներ ունի»,- պատմում է Գայանե Անդրեասյանը։

Վերհիշելով Արցախում կյանքը՝ ասում է՝ շատ լավ էին ապրում, ամեն ինչ ստեղծել էին, նաև երեխաների ապագան ապահովել, իսկ հիմա ոչինչ չունեն, միայն բազմաթիվ խնդիրներ:

«Էնտեղ ամուսինս էլեկտրացանցում էր աշխատում: Անասուններ ունեինք, գյուղատնտեսությամբ էինք զբաղվում։ Բանջարեղեն էինք մշակում, որոշել էինք ծառեր դնեինք: Երեխաներս արդեն մեծանում էին, ասում էինք՝ կօգնեն մեզ։ Երկու տուն ունեինք՝ մեկը տղայիս համար էինք առել: Մտածում էինք՝ կմեծանա, իր անկյունը կունենա: Հող ունեինք՝ 1 հա, նաև խանութ ունեինք, վարձակալության էինք տվել, ուզում էինք հետո դա վարսավիրանոց դարձնել աղջկաս համար: Մտածում էինք՝ աղջիկս սովորի, կտանք իրեն, ինքը կաշխատացնի, ամեն ինչով ապահովել էինք։

Ասում են՝ կփոխհատուցեն, չգիտեմ՝ երբ կլինի»,- մտահոգ ասում է Գայանեն։

Արփինե Արզումանյան

MediaLab.am