Բելառուսի ճգնաժամն ու Հայաստանի ազգային շահը․ հատման եզրեր

Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների և հետընտրական զարգացումների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը որոշակի քննադատությունների առիթ է դարձել։ Թեև դիրքորոշումը ներկայացվում է որպես ազգային շահի արտահայտում, սակայն դա այդքան էլ այդպես չէ:

Ի՞նչ է կատարվում

Բելառուսում նախագահական ընտրություններն անց են կացվել ընդդիմության նկատմամբ համատարած ճնշումների, ընդդիմության առաջնորդների ձերբակալման պայմաններում։ Հակառակ բոլոր անկախ գնահատականների և կանխատեսումների՝ Բելառուսում երկու տասնամյակից ավել իշխող Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ստացել է քվեարկողների, իբր, 80 տոկոսի ձայները։ Բելառուսի քաղաքացիները օգոստոսի 9-ի երեկոյից մինչ այժմ շարունակում են բողոքի զանգվածային ակցիաները երկրի տարբեր քաղաքներում, ինչին ի պատասխան իշխանությունները կիրառում են բռնի ուժ, դիմում են ընդդիմադիր գործիչների հալածանքների և տարատեսակ սահմանափակումների։ Խաղաղ ցույցերի ընթացքում ոստիկանության գործողությունների հետևանքով զոհվել են ցուցարարներ, շատերն անհետ կորել են, իսկ մամուլն ու իրավապաշտպան կազմակերպությունները պատմում են Բելառուսում ցույցերից բերման ենթարկվածների նկատմամբ անմարդկային խոշտանգումների մասին։

Աշխարհի մի շարք երկրներ և կազմակերպություններ հրաժարվել են ընդունել Բելառուսի ընտրությունների լեգիտիմությունը՝ արձանագրելով այդ երկրում մարդու իրավունքների համատարած ոտնահարումները։

Հայաստանը, սակայն, եվրասիական տարածաշրջանի մի քանի այլ երկրների հետ միասին, ընդունել է Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 10-ին շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահ «ընտրվելու» կապակցությամբ։

Քննադատությունն ու երկրների սորտավորումը

Լուկաշենկոյին շնորհավորելու Փաշինյանի քայլը սուր քննադատության արժանացավ Հայաստանում ժողովրդավարության ջատագով համարվող ուժերի կողմից։ Մասնավորապես, քննադատության առանցքում դրվեց այն, որ Հայաստանում 2018 թվականի հեղափոխությունից հետո իշխանության եկած քաղաքական թիմը հայտարարել է ժողովրդավարական արժեքներին իր հավատարմության, այդ արժեքների գերակայության մասին, ձևակերպել դա նույնիսկ Ազգային անվտանգության ռազմավարությունում, սակայն Բելառուսի դեպքում, փաստորեն, հետ է կանգնում այդ արժեքների մասին բարձրաձայնելուց։

Այսպիսի քննադատությունների ֆոնին սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը հարց ուղղեց Փաշինյանին այն մասին, թե ինչու է Հայաստանը ձեռնպահ քվեարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Բելառուսում մարդու իրավունքների ոտնահարումների հարցով նիստ գումարելու նախաձեռնությանը։ Սիմոնյանը, նաև, թվարկեց նախաձեռնությանը ձեռնպահ քվեարկած մի շարք երկրներ, այդ թվում՝ Անգոլա, Կամերուն, Կոնգո, Նիգերիա և այլն։ Թեև վարչապետի ճշտմանը, թե արդյո՞ք պատգամավորը ակնարկում է երկրների որոշակի «սորտավորում»՝ թվարկելով այդ երկրների անունները, Սիմոնյանը պատասխանեց, որ ոչ, այնուամենայնիվ, քվեարկությանը մասնակցած երկրների ձայների վերլուծությունը որոշակի եզրակացությունների հիմք կարող է դառնալ։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ունի 47 անդամ երկիր, այդ թվում՝ Հայաստանը։ 47 երկրներից Բելառուսում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ նիստ գումարելու նախաձեռնությանը կողմ է քվեարկել 25 երկիր, 2 երկիր քվեարկել է դեմ, իսկ 20 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, քվեարկել է ձեռնպահ։

Հայաստանի հետ միասին ձեռնպահ քվեարկած երկրները, ըստ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալների, ունեն ազատության հետևյալ գործակիցները․

Նախաձեռնությանը դեմ քվեարկած երկու երկրներն են Ֆիլիպինները (59, մասամբ ազատ) և Վենեսուելան (16, ոչ ազատ):

Նախաձեռնությանը կողմ քվեարկած երկրներն են՝ ըստ Freedom House-ի ազատության գործակցի․

Ինչպես երևում է վերը բերված վիճակագրությունից, Բելառուսում մարդու իրավունքների ոտնահարումների կապակցությամբ հատուկ նիստ գումարելու հարցում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի քվեարկության արդյունքներն ունեն որոշակի օրինաչափություն։ Մասնավորապես, նիստի նախաձեռնությանը կողմ քվեարկած 25 երկրների շարքում, բացի չորս բացառություններից, բոլոր երկրները դասվում են, այսպես ասած, ազատ ու ժողովրդավար երկրների շարքին։ Այնինչ, նախաձեռնությանը ձեռնպահ քվեարկած երկրներում բացառություն են կազմում ազատ երկրները՝ ընդամենը երկու, իսկ հիմնական մասը մասամբ կամ ոչ ազատ պետություններն են, այդ թվում՝ Հայաստանը։

Ազգային շահի դիսոնանսը

ԱԺ պատգամավորի հարցին պատասխանելիս Հայաստանի վարչապետը նաև նշել է, որ քվեարկության որոշումը կայացվել է համադրելով տարբեր սկզբունքներ։ «Հայաստանը չունի մի ուղղության, մի կողմի շահեր, սկզբունքներ: Այդ սկզբունքների համադրությամբ որդեգրվել է այդպիսի դիրքորոշում»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով նաև, որ 2018-ի հեղափոխությունից հետո իրենց թիմը հայտարարել է, որ հեղափոխությունը ներհայաստանյան պրոցես է և իրենք չեն պատրաստվում այն արտահանել կամ ներմուծել։

Այդուհանդերձ, մի կողմ թողնելով հեղափոխությունը «արտահանել» կամ «ներմուծել» արտահայտությունները, հարկ է ընդգծել, որ Հայաստանի ազգային անվտանգության՝ նոր ընդունված ռազմավարության համաձայն՝ Հայաստանը, որպես ՀՀ ազգային շահ է սահմանում նաև արտաքին առավել նպաստավոր միջավայրի ձևավորումը։ Մասնավորապես, ռազմավարությունում ասվում է (4․5), որ «Հայաստանը ժողովրդավարությունը և մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը դիտարկում է որպես տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևոր բաղադրիչներ և շարունակելու է սատար կանգնել այս արժեքների արմատավորմանը»։

Իսկ ո՞րն է այն տարածաշրջանը, որի մասին խոսվում է Ազգային անվտանգության ռազմավարությունում։ Հայաստանը հարևան երկրների հետ կապված չէ որևէ գործուն ինտեգրացիոն ծրագրերով, իսկ Հայաստանի տնտեսական և անվտանգային «տարածաշրջանը» եվրասիական տարածաշրջանն է, մասնավորապես՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) սահմանները։ Հետևաբար, ժողովրդավարությունը և մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը նաև այդ տարածաշրջանի խաղաղության և կայունության կարևոր բաղադրիչներն են, և Հայաստանը, ըստ իր Ազգային անվտանգության ռազմավարության, պետք է շարունակի սատար կանգնել այդ արժեքների արմատավորմանը նաև ա՛յդ տարածաշրջանում։ 

ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի տարբերությունը

Հետաքրքիր է, որ Բելառուսի վերաբերյալ հարցին պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ այդ երկիրը, ինչպես և Հայաստանը, ԵԱՏՄ անդամ է։ Ընդհանրապես՝ խոսույթը, որ Հայաստանը պետք է կամ ստիպված էր ճանաչել Բելառուսում տեղի ունեցած խնդրահարույց ընտրությունների լեգիտիմությունը, քանի որ նույն ինտեգրացիոն միավորների՝ ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի անդամ է, բավական տարածված է, սակայն և՝ անտեղի։

Դրա վառ օրինակն է նույն Եվրոպական միությունը (ԵՄ), որի մարմինները չեն խորշում ԵՄ անդամ որոշ երկրներում ժողովրդավարության հետ կապված խնդիրները մատնացույց անելուց։ Այսպես, օրինակ, 2017 թվականի մարտին դատապարտել էր Հունգարիայում մարդու իրավունքների պաշտպանությանը հակասող գործողությունները և կոչ էր արել հետազոտել մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն այդ երկրում։ 

Ըստ էության, այս պարագայում խոսքը գնում է բուն ինտեգրացիոն կառույցների՝ ԵՄ-ի ու եվրասիական ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի որդեգրած արժեքների տարբերության մասին։ Առաջինի դեպքում անկյունաքարային են հենց ժողովրդավարական արժեքները, և անկախ նրանից, թե որտեղ են արձանագրվում այդ արժեքների հետ կապված խնդիրները, հետևում է արձագանքը։ Եվրասիական կառույցների դեպքում իրավիճակն այլ է, և զգացվում է որոշակի բաժանում «մերոնքների» և «ոչ մերոնքների», իսկ, այսպես ասած, «մերոնքների» դեպքում գործում են երկրների առաջնորդների միջև անձնական հարաբերությունների, անձնական սոլիդարության և այլ գործոններ։ 

Սա, բնականաբար, բացասաբար է անդրադառնում եվրասիական կառույցների կառավարման մոդելի արդյունավետության ու որակի վրա։ Եվ հենց այստեղ է, որ Հայաստանը, իր Ազգային անվտանգության ռազմավարության ոգուն համաձայն, պետք է շարունակեր սատարել ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը նաև ու հենց ա՛յս տարածաշրջանում։

Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»