Ադրբեջանին ինչքան տաս, այնքան կպահանջի, մեր իրավունքներն ամբողջովին չպաշտպանելու պատճառով է նման վարք դրսևորում. Գալիչյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է աշխարհագրագետ և քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալիչյանը 

– Պարո՛ն Գալիչյան, Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի վերաբերյալ էլ ձեր դիտարկումներն եմ խնդրում:

– «Խաղաղության խաչմերուկ» կոչվածը նույնն է, ինչի մասին մի երկու տարի առաջ խոսեցին՝ երկրների հաղորդակցության ուղիները բացելու վերաբերյալ, ուրիշ բան չէ, պարզապես անունն է փոխվել: «Խաղաղության խաչմերուկն» առաջին հերթին երկաթգծերն են, ըստ որի մենք պետք է Ադրբեջանին թողնենք, որ մեր տարածքով Հորադիզից եկող երկաթուղին անցնի մինչև Օրդուբադ, անցնի Մեղրիի հարավով՝ Իրանի սահմանի վրայով: 

Դրա փոխարեն, եթե մենք Ադրբեջանին դա ենք տալիս, Ադրբեջանն էլ մեզ պետք է իրավունք տա իր երկաթգծով Երևանից հասնենք դեպի Մեղրի, այնտեղից էլ՝ Կապան, այդ ճանապարհն Ադրբեջանի տարածքով է անցնում: 

Հյուսիսում ևս ճանապարհ ունենք, որ Ադրբեջանի վրայով՝ Ղազախի մոտով, անցնում է ու գնում դեպի Ռուսաստան: Եթե Մեղրիի ճանապարհը բացվի, ու Ադրբեջանին «միջանցք» տրամադրվի, այսինքն՝ այդ ճանապարհի տարածքը Ադբեջանին պատկանի, այդ ժամանակ մենք էլ պետք է պահանջենք Երևանից դեպի Ջուլֆա գնացող երկաթուղին ամբողջովին մեր տարածքը լինի, իսկ դա հնարավոր բան չէ, նրանք երբեք չեն տալու դա, իսկ մենք ինչո՞ւ պետք է տանք: 

Ադրբեջանին ինչքան տաս, այնքան ավելին կպահանջի, այնպես որ, մեր իրավունքներն ամբողջովին չպաշտպանելու պատճառով է Ադրբեջանը նման վարք դրսևորում: Եթե մենք Ադրբեջանին իրավունք տանք անցնել նույնիսկ մաքսակետով, մտնել Հայաստան ու դուրս գալ դեպի Նախիջևան, ապա նույնն էլ կկատարվի մեր մասով. երբ մեր գնացքը, որ մտնում է Ադրբեջանի տարածք, մաքսակետով կանցնի, մյուս կողմից դուրս կգա մաքսակետով կա՛մ դեպի Կապան, կա՛մ դեպի Իրան: 

«Խաղաղության խաչմերուկը» պետք է երկու կողմից փոխադարձ կատարվի, նրանք անընդհատ խոսում են «Զանգեզուրի միջանցքի» մասին, ոչ ոք չի խոսում Երևանից մինչև Ջուլֆայի մասին, դա էլ զուգահեռ պետք է լիներ առաջին փուլում: 

– Ստացվում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը չի՞ համաձայնելու փոխադարձության սկզբունքով գործընթացն իրականացնել:

– Եթե չի համաձայնելու, մենք էլ չպետք է համաձայնենք: Մինչև Ադրբեջանը փոխադարձ Երևանից Ջուլֆա և Մեղրի-Կապան ճանապարհն օգտագործելու իրավունք մեզ չտա, մենք էլ չպետք է իրավունք տանք մեր Մեղրիի ճանապարհով ինքն անցնի դեպի Նախիջևան: 

– Իսկ եթե այս նախագիծը կյանքի կոչվի, ի՞նչ արդյունքներ կունենա Հայաստանի համար:

– Դրական կլինի այն, որ եթե, օրինակ՝ այսօր ուզում ենք Երևանից ապրանք ուղարկել դեպի Իրան, պետք է անցնենք Վայոց ձոր, Գորիս, Քաջարան լեռնային ճանապարհով: Այս կողմից գնացքը կարող է մի քանի ժամում ուղղակի Երևանից հասնել Ջուլֆա՝ Իրանի սահման: Դեպի հարավ մեր առևտուրն այս կերպ շատ կհեշտանա, ինչպես նաև ռուսները կօգտվեն այդ ճանապարհից: Ռուսներն այսօր ցանկանում են հենց Մեղրիի միջանցք, ոչ թե ճանապարհ, որպեսզի ինչ ուզեն անեն, նրանք միայն վերահսկողություն չեն ուզում, ուզում են տարածքն իրենցը կամ Ադրբեջանինը լինի, ուզում են մեզ ամբողջովին կտրել մեր հարևաններից:

– Պարո՛ն Գալիչյան, ասում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը պետք է ճանաչեն Ալմա Աթայի հռչակագրով: Եթե գործընթացը սկսվի ու ավարտվի այդ փաստաթղթով, ի՞նչ Հայաստան ենք ունենալու, Ադրբեջանի ասած ութ գյուղն ու «անկլավները» տրվելո՞ւ են Ադրբեջանին:

– Ոչ մի օրինական փաստաթուղթ չկա, որ Ադրբեջանի ասած «անկլավները» հանձնվեն նրան, Խորհրդային Միությունը քարտեզի վրա գծել, տվել է մեզ: Մի հանրապետությունից մյուսին տարածք տալու համար պետք է ղեկավար մամինների համաձայնությունը լինի, պայմանագիր կնքվի, արձանագրություն լինի և այլն: Նման բան գոյություն չունի, հետևաբար Ադրբեջանն իրավունք չունի ապօրինի բաներ պահանջելու: 

Նրանց սահմանադրության մեջ ասվում է, որ իրենք Խորհրդային Ադրբեջանը չեն ճանաչում, իսկ այդ ամբողջը Խորհրդային Ադրբեջանն է տվել իրենց, հետևաբար եթե իրենց չեն ճանաչում, ապա նրանց տվածն ինչո՞ւ են ճանաչում: Իսկ այդ հռչակագիրն ասում է, որ «անկլավներն» էլ պետք է տանք իրենց, բայց այդ դեպքում մենք պետք է բարձրաձայնենք դրանց ապօրինի լինելու մասին: Ո՞վ է ասել, որ նրանցն է, չկա որևէ փաստաթուղթ այդ մասին:

– Մասնագիտական առումով՝ սահմանազատում ու սահմանագծում ո՞ր քարտեզներով պետք է իրականացնել:

– Կարող ենք իրականացնել միայն այն քարտեզներով, որոնցով անկախացել ենք, դրանք Խորհրդային Միության վերջին տարիների քարտեզներն են: Բայց եթե խաղաղության պայմանագիր են ստորագրում, ապա Ադրբեջանը պետք է նախևառաջ դուրս գա 2021 թվականի մայիսից հետո Հայաստան ներխուժած տարածքներից: Ինչպե՞ս կարելի է անցնել ճանաչված սահմաններից ներս, գրավել 200 քառակուսի կիլոմետր, հետո ասել՝ եկեք խաղաղության պայմանագիր կնքենք հենց այս սահմաններով: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am