Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հուսով է, որ Հայաստանը և Հունգարիան կկարողանան հարաբերություններն ավելի ինտենսիվացնել և համագործակցության շոշափելի արդյունքի հասնել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Նովակն այս մասին հայտարարեց Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ ասուլիսի ժամանակ:
Նա ողջունեց նախագահ Վահագն Խաչատուրյանին Բուդապեշտում՝ ընդգծելով, որ իրենց համար մեծ պատիվ է, որ Հայաստանի նախագահը այցելել է Հունգարիա պաշտոնական այցով:
«Մենք մի քանի առիթ ունեցել ենք հանդիպել, հնարավորություն ենք ունեցել քննարկել տարբեր հարցեր, բայց սա ՀՀ ներկայիս նախագահի առաջին պաշտոնական այցն է Հունգարիա, և ես շատ ուրախ եմ, որ նա ընդունել է մեր հրավերը: Վերջին անգամ 2009 թվականի նոյեմբերին ենք ունեցել Հայաստանի նախագահի այց, իսկ քաղաքական համակարգի փոփոխությունից հետո սա առաջին անգամն է, որ նախագահը այցելում է Հունգարիա: Հուսով եմ, որ կկարողանանք այս միտումը փոխել և մեր հարաբերություններն ավելի ինտենսիվացնել, ավելի շատ պաշտոնական այցեր ունենալ երկու երկրների միջև: Մեր կողմից պատրաստակամություն կա և ես հուսով եմ, որ ձեր կողմից այն նույնպես կա»,- ասաց Նովակը:
Հունգարիայի նախագահը Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնումը պատմական համարեց:
«Պետք է հասկանանք մեր դիվանագիտական հարաբերությունների բովանդակությունը, որպեսզի կարողանանք լուծել բոլոր նախկինում եղած թյուրիմացությունները: Երկու երկրների միջև կա շոշափելի քննարկում, և երկուս երկրներն էլ հետաքրքրված են միմյանց ավելի լավ հասկանալ, ընկալել: Երկրներն արդեն իսկ երկու հուշագրեր են ստորագրել, որը վկայում է, որ մենք պատրաստակամ ենք համագործակցել»,- նշեց Նովակը: