Factor.am-ը Թագուհի Ղազարյանի և Սիսակ Գաբրիելյանի՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծից տեղեկանում է, որ նրանք առաջարկում են կրճատել հանրային կարգավիճակ ունեցող հեռուստաալիքների թիվը։ Նախագծով առաջարկվում է հետևյալ փոփոխությունը․
«Հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից»,-նշված է նախագծում։ Գործող օրենքով սահմանված է, որ հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երեքից։ Նշենք, որ Հանրային երեք ալիքներն են՝ «Առաջին ալիքը», որպես հիմնական հեռարձակող, հոգևոր-մշակութային «Շողակաթ» ալիքը և «Լուրեր» լրատվական ալիքը։ Պատգամավորները կարծում են, որ հանրային երեք հեռարձակող ունենալը առաջացնում է որակի հետ կապված խնդիրներ։
«Մասնավորապես՝ ռեսուրսների դժվարին բաշխվածություն երեք հանրային հեռարձակողի միջև, կրկնվող բովանդակության առաջացում տարբեր հեռարձակողների ծրագրերում, կրթական-մշակութային ծրագրի համեմատաբար ցածր դիտարկվածություն և հասանելիություն, ինչպես նաև կառավարման ծանրություն և գործառնական անարդյունավետություն»,-նախագծում գրել են Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը, ապա հղում անելով եվրոպական փորձին՝ նշել, որ այնտեղ հանրային հեռարձակողների թիվը պակաս է, որակը՝ բարձր։
Պատգամավորները հստակ օրինակներ չեն նշել։ Նախագծում նշված չէ, թե հանրային երեք ալիքներից որ մեկի գործունեությունն է դադարեցվելու։ Այս հարցը արդեն ՀՌՀ-ի տիրույթում է։ Այդուհանդերձ, հաշվի առնելով վերջին շրջանում իշխանության և բարձրաստիճան հոգևորականների միջև լարվածությունը՝ կարելի էր ենթադրել, որ ՔՊ-ականների նախաձեռնությունն ուղղված է «Շողակաթ» հեռուստաալիքի դեմ։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում



















