«Սանիթեք» և Հայկ Մարության. ո՞ւմ պնդումներն են համապատասխանում իրականությանը. Fip.am

«Սանիթեք» և Հայկ Մարության. ո՞ւմ պնդումներն են համապատասխանում իրականությանը. Fip.am
«Սանիթեք» և Հայկ Մարության. ո՞ւմ պնդումներն են համապատասխանում իրականությանը. Fip.am

Երեկ՝ օգոստոսի 2-ին, Երևանում աղբահանության խնդրի շուրջ իրենց տեսակետները հրապարակայնորեն հայտնեցին և՛ Երևանի աղբահանության պատասխանատու «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչները, և՛ Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետ Հայկ Մարությանի։ Երկու կողմերը հանդես եկան մի շարք պնդումներով, իսկ Fip.am-ն էլ ստուգեց դրանց իսկությունը:

Աղբամանների թվի շուրջ

«Սանիթեք» ընկերության ներկայացուցիչ Քնարիկ Առաքելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Երևանի քաղաքապետարանի հետ կնքված երկու պայմանագրերով նախատեսված է Երևանում 8 հազարական աղբաման։ Այսինքն, ամբողջ քաղաքում ընդհանուր 16 հազար աղբաման՝ «ընդհանուր պայմանագրի ամբողջ ժամանակահատվածի համար»։

Քաղաքապետ Հայկ Մարությանը դեռ հուլիսի 11-ին «ՍիվիլՆեթի» տաղավարում հայտարարել էր, որ ըստ քաղաքապետարանի հետ պայմանագրի, «Սանիթեքը» պետք է ապահովի տարեկան 16 հազար աղբաման ամբողջ Երևանի համար։ Նա նաև նշել էր, որ այսօր քաղաքում կա 4500-5000 աղբաման։ 

Երեկ՝ օգոստոսի 2-ին, Մարությանը 1in.am-ի տաղավարում գրեթե նույնորեն կրկնեց այս հայտարարությունը։ «Պայմանագրով պետք է լինի 16 հազար աղբաման՝ երկաթյա, մետաղյա։ Այսօր ունենք ընդամենը 99 (մետաղյա-խմբ.) աղբաման ամբողջ Երևան քաղաքում»։

Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերության հետ երկու պայմանագիր է կնքել՝ աղբահանության ծառայություններ ձեռք բերելու համար։ Առաջինը՝ 2013-ին քաղաքի արևմտյան հատվածի (Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Դավթաշեն, Աջափնյակ), երկրորդը՝ 2015-ին արևելյան հատվածի (Ավան, Արաբկիր, Էրեբունի, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Քանաքեռ-Զեյթուն) աղբահանությունն իրականացնելու համար։

Փաստերի ստուգման հարթակը դեռևս 2016-ին Երևանի քաղաքապետարանից ստացել էր «Սանիթեքի» հետ կնքված երկու պայմանագրերն էլ։ Եվ ըստ դրանց, «Սանիթեքը» յուրաքանչյուր տարի իսկապես պարտավոր է ընդհանուր 16,000 մետաղական (յուրաքանչյուր պայմանագրով՝ 8 000 ական)՝ 1,100 լիտրանոց կոնտեյներներ մատակարարել և տեղադրել հավաքման տարածքում։

Հատված՝ Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեքի» միջև կնքված պայմանագրից

Այսինքն, «Սանիթեք» ընկերության ներկայացուցչի պնդումը, որ 16 հազար աղբաման պետք է ապահովվի «ընդհանուր պայմանագրի ամբողջ ժամանակահատվածի համար», չի համապատասխանում իրականությանը։ Ավելին, ընկերությունը նաև խախտել է աղբամանների պատրաստման նյութի պահանջը։ Այսօր Երևանում աղբամանների գերակշռող մասը պլաստմասե են և ոչ թե մետաղական։ 

«Սանիթեքի» գործունեության աշխարհագրությունը

«Սանիթեքի» տնօրեն Նիկոլաս Թավիլը օգոստոսի 2-ի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ընկերությունը գործունեություն է ծավալում տարբեր երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում և Ալժիրում։

Հայտարարությանը հակադարձեց քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբաթյանը, որը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր 2013 թվականի դրությամբ «Սանիթեքի» գործունեության վերաբերյալ տեղեկություններ, որոնցում նշվում է, որ ընկերությունը գործունեություն է ծավալում Լիբանանում ու Նիգերիայում։ «Ահա այսպիսի ընկերության հետ գործ ունենք»,- նշել էր Կուբաթյանը։

Դեռ 2018-ի հունվարին Armenian Weekly պարբերականի հետ հարցազրույցում Թավիլը նշել էր, որ իրենք Հայաստանից բացի գործում են երեք այլ երկրներում՝ Լիբանան, Թուրքիա և Ալժիր՝ հստակեցնելով, որ գործունեություն են ծավալում Hydrowaste անվան տակ։ 

Հայտնի է, որ «Սանիթեք» ընկերությունը լիբանանյան է և մայրաքաղաք Բեյրութում է գնտվում գլխավոր գրասենյակը։ Իսկ Hydrowaste ընկերություն մասին միակ տեղեկությունը գտանք արաբական մի քանի երկրներում գործող ճարտարագիտական և շինարարական ICC ընկերության կայքում, որտեղ նշված է, որ Hydrowaste-ը գործում է բնապահպանական ոլորտում, զբաղվում է ջրի կառավարմամբ, աղբահանությամբ, ջրամաքրման կայանների կառուցմամբ և այլն։ Սակայն կայքում չի նշվում, թե, մասնավորապես, որ երկրերում է այն գործում։

Fip.am-ին չհաջողվեց գտնել որևէ փաստ Hydrowaste ընկերության գործունեության մասին Թուրքիայում։ Այդ երկրում գործում է Sanitek անվամբ ընկերություն, որը, սակայն, զբաղվում է սանիտարական պարագաների արտադրմամբ։ 

Տուգանքների մասին

Քաղաքապետ Մարությանը 1in.am-ի տաղավարում հայտարարեց, որ այս տարվա վեց ամիսների ընթացքում քաղաքապետարանը «Սանիթեքին» տուգանել է ընկերությանը նույն ժամանակահատվածում փոխանցած ամբողջ գումարի 3%-ի չափով։

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը մեզ հայտնեց, որ 2019-ի առաջին վեց ամիսներին Երևանի քաղաքապետարանը «Սանիթեքին» տուգանել է 90 մլն դրամով։ Ըստ 2013-ին և 2015-ին կնքված պայմանագրերի, քաղաքապետարանը յուրաքանչյուր տարի «Սանիթեքին» պետք է վճարի տարեկան 5 միլիարդ 39 միլիոն 138 հազար 120 դրամ։ Այսինքն, ըստ երկու պայմանագրերի, համայնքը ընկերությանը վեց ամսա ընթքացքում վճարում է 2,519,569,060 դրամ։ 90 միլիոն դրամը կազմում է այս գումարի 3.57%-ը։ 

Կարո՞ղ է քաղաքապետարանը միակողմանի լուծարել պայմանագիրը

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հուլիսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ «Սանիթեքի» հետ պայմանագիրը պետք է խզվի հիմա, որի իրավունքը պայմանագրով քաղաքապետարանը ունի։ 

Այս պնդմանը երեկ՝ օգոստոստի 2-ին, անդրադարձավ նաև քաղաքապետ Մարությանը։ «Այն անվտանգության բարձիկը, որը պետք է լիներ, քաղաքային իշխանությունները պետք է ունենային, միշտ՝ հինգ տարի առաջ, երեք տարի առաջ, մեկ տարի առաջ, մենք հիմա ստեղծում ենք էտ անվտանգության բարձիկը»,- ասաց քաղաքապետը՝ նկատի ունենալով «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը, որը ստեղծվել է «Սանիթեքի» աշխատանքի բացթողումները լրացնելու համար։ 

Երևանի քաղաքապետարանը «Սանիթեքի» հետ պայմանագիրը միակողմանիորեն լուծելու իրավունք ունի։ Ըստ երկու պայամանագրերի «Կողմերի իրավունքները և պարտականությունները» բաժինների 2.1.2 (2013) և 2.1.3 (2015) կետերի, կողմերն իրավունք ունեն «միակողմանի լուծել պայմանագիրը …. եթե Կապալառուն էականորեն խախտել է սույն պայմանգիրը …. Կապալառուի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե՝ 

ա) մատուցված Ծառայությունը չի համապատասխանում սույն պայմանագրով սահմանված պահանջներին 

և/կամ 

բ) խախտվել է Ծառայության մատուցման ժամկետը»։

Սակայն խնդիրը Մարությանի նշած «անվտանգության բարձիկն» է։ Այսինքն՝ «Սանիթեքի» մենաշնորհի դեպքում չկա այլ այլընտրանք, քան աշխատել նրանց հետ և փորձել լրացնել նրանց բացերը, մինչև շուկայում կհայտնվեն նոր խաղացողներ։ «Սանիթեքի» հետ պայմանագրի խզումն այս պահին կնշանակի Երևանի աղբահանության համակարգի փլուզում, քանի որ քաղաքապետարանի աղբահանության և սանիտարական մաքրման հիմնարկն այսօր ունի, ըստ Մարությանի, ընդամենը 12 աղբատար մեքենա, այնինչ քաղաքն ամբողջությամբ սպասարկելու համար, կրկին ըստ Մարությանի, պետք է 50-55 աղբատար մեքենա։

Հովհաննես Նազարեթյան

www.Fip.am