Բանակում որևէ բարեփոխում չեն անում, որպեսզի մենք չկարողանանք պայքարել, ու սա միտումնավոր է արվում. Հայկ Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը 

– Պարո՛ն Սահակյան, նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ: Կոնկրետ այս նշանակմանն ու ընդհանրապես Փաշինյանի կադրային քաղաքականությանն ինչպե՞ս եք վերաբերվում:

– Կոնկրետ այդ նշանակման մասով որևէ բան ասելիս պետք է նախ իմանանք, թե նախկին քաղաքապետն ի՛նչ ունակություններ ունի պաշտպանության ոլորտի մասով, ինչին ես չեմ տիրապետում: Չար կամ բարի լեզուներն ասում են, որ նա գործունյա մարդ է, շատ քիչ ՔՊ-ականներից, որը գործից գլուխ էր հանում, համակարգված մտածողություն ուներ: Խոսքը քաղաքապետ աշխատած ժամանակահատվածին է վերաբերում, գուցե դրա համար են նրան այդ պաշտոնին նշանակել: 

Ինչ վերաբերում է ՔՊ-ի կադրային քաղաքականությանն ընդհանրապես, պետք է ասեմ, որ այս տեսանկյունից ոչ մի զարմանալու բան չկա: Երբ տեսնում ես, որ մարդը ոչնչով հայտնի չէ, մեկ էլ նշանակվում է շատ կարևոր պաշտոնի: Նրա նկատմամբ ստեղծվում են ակնկալիքներ, որոնք, բնականաբար, այդ մարդուն չեն համապատասխանում, որովհետև նրանք չեն համապատասխանում այն պաշտոնին, որին նշանակվել են, ու այդ մարդուն, կոպիտ ասած, փչացնում են, փչացնելով նաև տվյալ պաշտոնն ու ոլորտը: ՔՊ-ն մարդկանց նպատակները, արժեքները, ամեն ինչ ոչնչացնող, փչացնող, քանդող գործունեությունն ամբողջ ծավալով շարունակում է Հայաստանում ու Արցախում: 

– 2020 թվականի պատերազմից հետո բազմիցս հայտարարվել է, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով, որ բանակի վերազինման, բարեփոխման աշխատանքներն ընթանում են, ու կա առաջընթաց այդ առումով: Առաջընթացը, հայտարարված այդ բարեփոխումն ու վերազինումը ձեզ համար նկատելի՞ են:

– Իհարկե նկատելի չեն: Այդ մասին կան խոսքեր, մեծ-մեծ խոստումներ ու դրան զուգահեռ՝ բարձր մակարդակով հայտարարություն, որ՝ փողը տվել ենք, զենքը չենք կարողանում բերել: Վե՛րջ, սրանով բանակի բոլոր բարեփոխումների մասին ասված է ամեն ինչ: Փողը տվել են Ռուսաստանին ու չեն կարողանում զենք ստանալ, հիմա էլ փողը տվել են Հնդկաստանին, բայց չեն կարողանում զենքը բերել, սա լրիվ աբսուրդ է: 

2020-ի պատերազմի ժամանակ Ադրբեջանը քաղաքացիական ինքնաթիռներով՝ Վրաստանի օդային տարածքով, իսրայելական «Լորա» հրթիռներն էր բերում, ու մենակ դա չէր: Ուղղակի սրա մասին պաշտոնապես են հայտարարել, դրա համար էլ սա շեշտում եմ: Պատերազմի ամենաթեժ պահին իրենք կարողանում էին այդ հարցը լուծել, իսկ մեր ապիկարները չեն կարողանում հիմա Հնդկաստանից Իրանի տարածքով ինչ-որ ձև գտնել ու այդ զենքը բերել: Էլ ի՞նչ են կարողանում անել իրենք, ստացվում է, որ այս իշխանությունը ոչ մի բանի պետք չէ: 

Ի՞նչ բարեփոխման մասին է խոսքը, հիշո՞ւմ եք՝ ասացին հակահետախուզական ծառայության մասին: Այդ հակահետախուզության ամբողջ իմաստն այն էր, որ կարողանայինք դիմակայել ռուս-թուրքական տանդեմին, բայց նրանք դա սկսեցին անել ռուսների հետ, ինչն աբսուրդ է, թող թուրքերի հետ անեին, ի՞նչ խնդիր կար: 

Աղդամում հիմա ռուս-թուրքական համատեղ շտաբ է գործում, նրանք համատեղ Արցախը բաժանել են իրար մեջ, ու տրամաբանությունը ո՞րն է, որ իրենք դեռ ռուսի հետ են նման ծրագիր իրականացնում: Անգամ Իսրայելն ու ԱՄՆ-ն, որ ամենաուժեղ դաշնակիցներից են, նման տիպի ծրագիր համատեղ չեն անում: 

Նրանք բանակում որևէ բարեփոխում չեն անում, որպեսզի մենք չկարողանանք պայքարել, մեր կենսունակությունը պետք է գցեն, ու դրա ցուցիչներից մեկն այն է, որ սպայակազմի համար նախատեսված ատեստացիայի չափանիշներն են օրենքի իմացություն, ֆիզիկական պատրաստականություն ու շարային պատրաստություն: 

Սրանք նույնն են, ինչ եղել է 30-100 տարի առաջ: Սպայակազմին գնահատում են շարային պատրաստությամբ, այն դեպքում, երբ 2020 թվականի պատերազմը ցույց տվեց, որ շարային պատրաստությունն ընդհանրապես կապ չունի պատերազմական գործողությունների հետ: Դա պետք է միայն շքերթների ժամանակ, որ մարդիկ նայեն, ասեն՝ ի՜նչ գեղեցիկ է քայլում զորքը: Պարզ է, որ այս ամեն ինչը ֆարս է, ձևական բարեփոխումներ: 

– Պարո՛ն Սահակյան, միտո՞ւմ եք տեսնում այդ ամենում:

– Իհարկե, պատկերացնում եք՝ նրանք այդքան հիմա՞ր են, հիմար չեն: Էդ ո՞նց է, որ ինչ անում են, քայքայման, արժեզրկման, ոչնչացման բնույթ է կրում, ուրեմն մտածված է, չէ՞: Էդ քաղաքական գծից դուրս չեն գալիս, հետևաբար դա է իրենց չհռչակված նպատակը, իսկ հրապարակային հայտարարած նպատակները սուտ են: Իրենք ստախոսների կառավարություն են, որովհետև հայտարարում են մի բան, իսկ գործողություններով ցույց տալիս լրիվ այլ բան: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am