«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը։
– Պարո՛ն Բաբայան, նախօրեին պարզ դարձավ, որ Ձեզ զրկել են ԼՂՀ քաղաքացիությունից։ Դուք այստեղ միտում տեսնում եք՝ հաշվի առնելով, որ Դուք 2020-ին Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ էիք ներկայացրել:
– Սահմանադրությամբ արգելված է որևէ մեկին զրկել քաղաքացիությունից: Հիմա պարզվում է՝ մենակ ինձ զրկել են քաղաքացիությունից: Դուք այստեղ քաղաքական միտում տեսնո՞ւմ եք, թե՞ չեք տեսնում… Ես տեսնում եմ: Հասկանալի է, որ իրենց ոչ ոք չի ընտրելու, ընտրելու են Սամվել Բաբայանին, դրա համար էլ խառնվել են իրար: Դա շատ պարզ է: Դե, ուժը միշտ իրենց ձեռքին է եղել, Հայաստանի պետությունը մեջքին կանգնած է եղել, ինչ ուզել են՝ արել են: Հիմա չեն ուզում հաշտվել այս մտքի հետ:
– Ղարաբաղում ևս հեղափոխությունն անխուսափելի՞ կլինի, եթե դեպքերն այս ուղղությամբ զարգանան։
– Եկեք դրանից չխոսենք: Մենք փորձում ենք բոլոր օրենսդրական հարցերը շտկենք իրենց հետ երկխոսությամբ: Եթե օրենքի շրջանակում դա չի վերականգնվի, արդեն հասարակությունը կորոշի՝ հեղափոխություն է անում, չի անում, թե ի՛նչ է անելու, եկեք առաջ չընկնենք, կապրենք՝ կերևա:
– Հիմա քաղաքացիությունից զրկելը որքանո՞վ է խոչընդոտելու Ձեր քաղաքական գործունեությանը:
– Եթե մարդուն ընդհանրապես զրկել են քաղաքացիությունից, այն գլխից «սպիսատ» են արել, որ չես մասնակցելու։
– Դուք տեսնո՞ւմ եք Արցախում իշխանափոխության անհրաժեշտություն և ինչո՞վ եք այն հիմնավորում։
– Ես չեմ հիմնավորելու, հասարակությունն է իր ձայնով որոշելու՝ ուզո՞ւմ է իշխանափոխություն, թե՞ չի ուզում։ Եվ պետք է ուղղակի հնարավորություն տալ բոլոր ցանկացողներին մասնակցել օրենքի շրջանակում, և հանրությունն էլ պետք է ընտրության հնարավորություն ունենա։ Իսկ թե ում կորոշի հասարակությունը, ում կընտրի՝ դա ժամանակը ցույց կտա, և պետք չէ առաջ ընկնել։
– Դուք ե՞րբ իմացաք, որ Ձեզ զրկել են քաղաքացիությունից։
– Առավոտյան եմ իմացել այդ մասին, իմ փաստաբանը բերել էր փաստաթղթերը հանձնելու, պարզվում է՝ քաղաքացիությունից զրկված եմ 2006-ից։
– Շարունակելո՞ւ եք պայքարը դատարանում, և եթե արդյունք չտա, ստացվում է՝ չեք մասնակցելո՞ւ ընտրություններին։
– Կրկնում եմ՝ ես չեմ գտնում, որ մենք ձգելու ենք մինչև 20 թվականը, և եթե օրենքի այս խախտումը, իսկ Սահմանադրության մեջ գրված է, որ քաղաքացուն Ղարաբաղի քաղաքացիությունից զրկելու իրավունք չունեն, նրանք զրկել են, և հիմա պետք է վերականգնեն: Եվ եթե չեն վերականգնում, արդեն ակտիվը, որը ստորագրահավաքով է զբաղվում, կզբաղվի այլ խնդրով, կսկսվեն հանրահավաքներ, և ստացվելու է, որ զոռով դրդում են հեղափոխության, ինչը ես չեմ ցանկանում։ Ես առաջարկում եմ առաջնորդվել և շարժվել օրենքով։ Եվ հիմա կտեսնենք՝ ինչ որոշում է լինելու, ժամանակը ցույց կտա։
– Իսկ հնարավո՞ր է այլ թեկնածուի աջակցեք՝ Արայիկ Հարությունյան, Աշոտ Ղուլյան, Վիտալի Բալասանյան․․․
– Ես չեմ գտնում, որ կարող են հնարավորություն ունենալ որևէ ձևով ինձ խանգարելու, որ ես մասնակցեմ։ Միանշանակ մասնակցելու եմ, և եթե այլընտրանք չեն տալիս, որ հասարակության ինչ-որ մի մաս ուզում է քեզ տեսնել, գնալ ընտրության, ուրեմն մնում է հեղափոխության տարբերակը, ինչը լուրջ խնդիր է դառնալու, և ես դա չէի ցանկանա։
Մանե Հարությունյան
MediaLab.am