«Ժառանգությունը» հանդիպեց ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին

«Ժառանգությունը» հանդիպեց ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին
«Ժառանգությունը» հանդիպեց ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին

Այսօր «Ժառանգության» ներկայացուցիչները` վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը  եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հանդիպել են Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին:
Հանդիպումը, որը կայացել է Փիթեր Սեմնեբիի նախաձեռնությամբ, մասնակցել են նաեւ  վերջինիս քաղաքական խորհրդական Մարք Ֆոսեթը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Անդրեյ Դիդենկոն:
«Հանդիպման ընթացքում, ի շարս տարբեր հարցերի, քննարկվեց նաեւ արցախյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ներքաղաքական զարգացումներին եւ 2012թ. ընտրություններին առնչվող օրակարգ»,-նշված է «Ժառանգության» տարածած հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում, «Ժառանգության» ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել արցախյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունների եւ Ադրբեջանի զինուժի կողմից հրադադարի պայմանակարգի հաճախացած խախտումների առնչությամբ:

Ներկայացվել է նաեւ ԼՂՀ-ի անկախության ճանաչման վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության որդեգրած դիրքորոշումը:

«Ներքաղաքական եւ նախըտրական զարգացումների կապակցությամբ «Ժառանգության» ներկայացուցիչները բարձր գնահատեցին ԵՄի ներկայությունն ու աջակցությունը` միաժամանակ անհանգստություն հայտնելով ընտրական օրենսդրության փոփոխությունների հարցում եվրոպական որոշ կառույցների մոտեցումների վերաբերյալ, ինչը չի նպաստում Հայաստանում ընտրությունների արդար եւ  ազատ անցկացմանը»,-նշված է հաղորդագրության մեջ:

© Medialab.am