«Եթե ուսանողները չեն կարողանում մի բուհի դուռ բացել ու միանալ իրենց ընկերներին, ինչպե՞ս են Բաղրամյան 26-ի դռները բացելու». Արմեն Բադալյան

«Եթե ուսանողները չեն կարողանում մի բուհի դուռ բացել ու միանալ իրենց ընկերներին, ինչպե՞ս են Բաղրամյան 26-ի դռները բացելու». Արմեն Բադալյան
«Եթե ուսանողները չեն կարողանում մի բուհի դուռ բացել ու միանալ իրենց ընկերներին, ինչպե՞ս են Բաղրամյան 26-ի դռները բացելու». Արմեն Բադալյան

Տարբեր բուհերի ուսանողների կողմից այս օրերին անցկացվող բողոքի ակցիան իշխանությունների համար վտանգ չի ներկայացնում: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը: Նրա խոսքով՝ ուսանողները հացադուլ կհայտարարեն թե նստացույց, այդ շարժումը հիշեցնում է ուսանողական ուրախ ֆլեշ մոբ, երբ փողոցներում երգում-պարում են, մինչև ստուգարքների և քննությունների ժամանակը գա:

«Հետագայում, եթե իրենք իրականում հասկանան, թե ինչ է ուսանողական շարժումը, և փորձեն այդ շարժմանը քաղաքական ու քաղաքացիական բնույթ հաղորդել, դա կարող է վտանգ ներկայացնել իշխանության համար: Բայց այս պահին վտանգավոր չէ, որովհետև իրենք շատ դեպքերում ասում են՝ այսինչ բուհի դռները փակ են, և ուսանողները չեն կարողանում դուրս գալ ու միանալ պայքարող երիտասարդներին: Եթե ուսանողները չեն կարողանում մի բուհի դուռ բացել ու միանալ իրենց ընկերներին, նրանք ինչպե՞ս են Բաղրամյան 26-ի դռները բացելու, որպեսզի վտանգ ներկայացնեն նախագահի համար»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Բադալյանը:

Հիշեցնենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքի նախագծով վերացվում է ակադեմիական տարկետումը: Ըստ այդմ՝ տարկետում կստանան բակալավրիատում սովորող միայն այն ուսանողները, ովքեր պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կկնքեն և կպարտավորվեն ուսումնառությունից հետո բանակում ծառայել երեք տարի: Մնացած դեպքերում 18 տարին լրանալուն պես երիտասարդները զորակոչվելու են բանակ: Օրենսդրական այս փոփոխության դեմ արդեն մեկ շաբաթ է՝ դասադուլ են անում ուսանողները: Նոյեմբերի 14-ից հինգ ուսանողներ նաև հացադուլ են սկսել, այնուհետև մեկը  առողջական վիճակի վատթարացման պատճառով դուրս է եկել հացադուլից: Ուսանողները նաև հայտարարել են, որ բուհերի դիմաց նստացույց են անցկացնելու՝ գիշերելով դրսում: 

Արմեն Բադալյանի խոսքով՝ ուսանողների այս ակցիան չի ազդի օրենքի ընդունման գործընթացի վրա: «Այդ շարժումն ուղղված է տարկետման վերացման դեմ, իրենք գտնում են, որ դրանով հարված է հասցվում գիտությանը: Բայց կոնկերտ օրենքի ընդունման վրա դա չի ազդի, օրենքը կընդունվի այնպես, ինչպես առաջարկվել է կառավարության կողմից: Այնպես որ, այս մասով պայքարի հարցում նրանք հաջողություն չեն ունենա»,- ասում է նա:

Ինչ վերաբերում է պայքարի հետագա ընթացքին, ապա դա, ըստ Բադալյանի, հենց ուսանողներից է կախված: Նա նշեց, որ այս պահին ուսանողների օրակարգը շատ նեղ է՝ նրանք ընդամենն առաջ են քաշում բանակում չծառայելու խնդիրը, որ դրանով գիտությանը կվնասեն. «Իրենք նշում են, որ օրենքի նախագիծը հարվածում է գիտությանը: Իսկ հարց է ծագում. վերջին 25 տարիների ընթացքում, երբ այդ օրենքը չկար, ի՞նչ է, Հայաստանում գիտությունը խիստ զարգացա՞ծ էր: Տեսանելի է, որ այս ընթացքում գիտությունը չի զարգացել, և դա կապված չէ ուսանողներին բանակ տանել-չտանելու հետ»:

Արմեն Բադալյանի խոսքով՝ առայժմ  դեռ չի երևում, որ ուսանողները հաջողություն  կունենան: Ինչո՞ւ չի երևում, որովհետև ուսանողները չեն փորձում իրենց պայքարի օրակարգն ավելի բազմակողմանի դարձնել, որպեսզի հետագայում այդ շարժման վրա կարողանան ինչ-որ գործողություններ իրականացնել և քաղաքական դիսկուրս սկսել: «Եթե նրանց նպատակն ընդամենն այս օրենքի դեմ պայքարելն է, որպեսզի օրենքը չընդունվի, դա չի լինելու: Արդեն այսօր կարող ենք ասել, որ օրենքն անցնելու է: Եվ դրանից հետո կա՛մ ուսանողները պետք է դադարեցնեն պայքարը և գնան տուն, կա՛մ էլ պետք է փորձեն արդեն այլ գործողություններ իրականացնել: Բայց դրանք չպետք է կապված լինեն օրենքը չընդունելու կամ ընդունած օրենքը մերժելու հետ, այլ ուսանողների կյանքը քաղաքականացնելու համար պետք է պայքար տարվի»,- ասաց նա:

Ըստ Արմեն Բադալյանի՝ այսօր բուհերի ուսխորհուրդներն ամբողջովին քաղաքականացված են և ՀՀԿ-ին են ծառայում: Ուսանողները կարող են իրենց պայքարում թիրախ ընտրել հանրապետականացված ուսխորհուրդները և դրանց ապակուսակցականացման գործընթաց սկսել: Այսինքն, մասնագետի խոսքով, աշխատանքի մեծ ճակատ կա, բայց ուսանողները դրանով չեն զբաղվում: Նրանք ընդամենը փորձում են կասեցնել օրենքի ընդունումը, ինչն անիմաստ շարժում է:

Նաև իրենց պայքարում, Բադալյանի խոսքով, ուսանողները կարող են այլ հիմնախնդիրներ բարձրացնել, օրինակ, բուհական համակարգը կոռուպցիայից զերծ պահելու ուղղությամբ կարող են նախաձեռնություններով հանդես գալ:
«Այսինքն՝ շարժման օրակարգը պետք է հարստացվի, որպեսզի այդ շարժումը նաև գրավիչ լինի ուրիշների համար»,- հավելեց մասնագետը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am