Արցախ, երկու մասի բաժանված. «Մենք օդից կախված վիճակում ենք»

Անցած շաբաթ Թաղավարդ գյուղի բնակիչները Ստեփանակերտի կենտրոնում բողոքի ակցիա են կազմակերպել։

Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի բնակիչ Վրեժ Պողոսյանը մարտի 20-ի երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։ 

Հաջորդ օրը ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ձեռնարկած օպերատիվ միջոցառումների և որոնումների շնորհիվ համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է 48-ամյա Վրեժ Պողոսյանի դիակը՝ հրկիզված վիճակում։

Կատարվածը գուցե կապ չունի հայ-ադրբեջանական հակամարտության հետ, սակայն հետևելով դրա վերաբերյալ մարդկանց արձագանքներին՝ պարզ է դառնում, որ Արցախում Կարմիր Շուկայի բնակչի տարօրինակ անհետացումն ու հրկիզումը կապում են հարևանությամբ գտնվող ադրբեջանցիների հետ (Կարմիր Շուկայի հարևանությամբ գտնվող Թաղավարդ գյուղի մի մասը ադրբեջանցիների ձեռքին է)։

Սկսվեց՝ գրում է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ հիշեցնելով թուրքերի Նովրուզ բայրամի ժամանակ հայերի սպանության դեպքերը։

Դեռ որտե՜ղ եք՝ շարունակում է մյուսը։

Կարմիր Շուկայի ճանապարհը տվողը տեղյա՞կ է արդեն՝ հարցադրում է ուղղում երրորդը։

Պարզ է մի բան՝ մարդկանց մեջ խուճապի տրամադրություն կա, ոչ վաղ անցյալի վատ փորձն ունեն։ 

«Թուրքի հետ ընկերացիր, բայց քարը ձեռիցդ բաց մի՛ թող» ասացվածքը դարերի փորձառությամբ թրծված է։

Զուգադիպությո՞ւն է, թե՞ ոչ, բայց հրկիզված դիակի հայտնաբերման օրը ռուս խաղաղապահները տեղեկատվություն տարածեցին հանրային ընդունարան ու թեժ գիծ բացելու մասին։ Ըստ երևույթին, արտակարգ դեպքերը դեռ առջևում են։

Ինչպես է ստացվել, որ չարաբաստիկ հրադադարի պայմանագիրը ստորագրելիս հաշվի չեն առել այն հանգամանքը, որ բնիկ հայ համայնքների մի մասը ադրբեջանցիների տնօրինության տակ է։ 

Զավեշտ է, բայց փաստ․ Թաղավարդ գյուղը, օրինակ՝ երկու մասի է բաժանված, մի մասը իսկական տերերինն է, մյուս մասը՝ եկվորներինը։ Ինչո՞ւ հետագա բանակցությունների ժամանակ այս հարցը օրակարգում չէր։

Անցած շաբաթ Թաղավարդ գյուղի բնակիչները Ստեփանակերտի կենտրոնում բողոքի ակցիա են կազմակերպել։ Մարդիկ տարակուսած են:

«Գյուղը երկու մասի է բաժանված՝ Կալեր-Թաղավարդը հայերի ձեռքին է, Վերին Թաղավարդի բնակիչները՝ շուրջ 140 ընտանիք, զրկված են իրենց տուն ու տեղ վերադառնալու հնարավորությունից։ Պահանջում ենք անել անհնարինը գյուղը միացնելու համար՝ թող բանակցությունների գնան»,- ասում է Թաղավարդի բնակչուհի Ռիտա Մնացականյանը։

«Մենք օդից կախված վիճակում ենք,- համագյուղացու միտքը շարունակում է Անահիտ Բալայանը։ – Չգիտենք՝ ո՛ր ցուցակում ենք։ Գոնե մի կարգավիճակ տային, մենք էլ մտնեինք տեղահանվածների ցուցակը, մեզ հասանելիքը ստանայինք։

Ամենաառաջինը՝ մեր գյուղն ենք ուզում, բայց եթե գյուղը չեն տալիս, գոնե կարգավիճակ տան, որ մի երկու տարի հետո տուն տան, երեխաներին հավաքենք, թե չէ սրա-նրա տանը, 100-150 հազար վարձ տալով ինչքա՞ն կարող ենք ապրել»:

Հարցերից մեկն էլ գյուղի դպրոցի շենքի հետ է կապված, այն գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքում:

«Դպրոցը պիտի ծառայի աշակերտներին, իսկ մեր երեխաները զրկված են իրենց դպրոցում սովորելու հնարավորությունից։ Ուրեմն պիտի գյուղի այդ հատվածը ազատվի թուրքերից, որ մեր երեխեքը դպրոց հաճախեն»,- ասում է Մանուշ Հարությունյանը։

Իրենց ասելիքը նամակի տեսքով թաղավարդցիները փոխանցել են խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալ Սերգեյ Ժմուրինին։

Ռուս խաղաղապահները վստահեցրել են, որ շուտով գերեզմանոց այցելելու հնարավորություն կունենան, իսկ ահա գյուղի չգործող դպրոցում խաղաղապահ ուժ տեղակայելու գյուղացիների առաջարկը մերժվել է։

Մարինե Մկրտչյան

Ստեփանակերտ

MediaLab.am