Ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու առնչությամբ խոսակցությունները որեւէ հիմք չունեն. Արթուր Հովհաննիսյան

Հունվարի 25-ին  տեղի են ունեցել ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները:  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցությունը ներկայացրել են խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Գեւորգ Պապոյանը եւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը:

Այդ մասին հայտնում են ԱԺ-ից։

«Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հերքել  է մամուլում շրջանառվող այն լուրերը, թե առաջիկայում ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս կբերվի Գյումրիից:

Նրա խոսքով`  Հայաստանը եւ Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են: Ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու առնչությամբ խոսակցությունները որեւէ հիմք չունեն, այսինքն` այդ լուրերը մեկնաբանության ենթակա չեն: