Դատավորների վեթինգը կիրականացնեն ԲԴԽ-ն և Կոռուպցիայի կանխարգելման մարմինը. Մակունց. Azatutyun.am

Դատավորների վեթինգը կիրականացնեն ԲԴԽ-ն և Կոռուպցիայի կանխարգելման մարմինը. Մակունց. Azatutyun.am

Դատավորների վեթինգը կիրականացնեն Բարձրագույն դատական խորհուրդն ու նոր ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման մարմինը:

Այս մասին «Ազատություն» ռադիակոյանաի հետ զրույցում տեղեկացրեց իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ընդգծելով, որ վեթինգի մասին առանձին օրենք չի ընդունվի:

«Կան հարցեր, որոնք Բարձրագույն դատական խորհուրդը պետք է իրականացնի, քննարկի և հիմնական գործընթացը վեթինգի իրականացնելու է հենց Բարձրագույն դատական խորհուրդը, բայց կան հարցեր, որը իր լիազորությունների տիրույթից դուրս է, հետևաբար, դրանք պետք է ուսումնասիրության և քննության ենթարկվեն այլ մարմնում, որը ենթադրաբար Կոռուպցիայի կանխարգելման մարմինն է», – ասաց Մակունցը։

«Ազատության» հարցին՝ այդ մարմինը պետք է նո՞ր ստեղծվի, պատասխանեց. «Դեռ չի ստեղծվել, բայց մենք արդեն ունենք, Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ արդեն ներկայացվել է Ազգային ժողովին այն օրենքների փաթեթը, որոնք սկիզբն են, մեկնարկն են այդ ինստիտուտի ձևավորման։ Իհարկե, սա նշանակում է, որ որոշակի օրենքների նախագծերով անհրաժեշտ է լինելու հանդես գալ, դրա մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի և պետք է նաև մշակել այն չափանիշները, որոնցով մենք պատկերացնում ենք, որ վեթինգը պետք է իրականացվի»։

Թե ե՞րբ այդ մարմինները կսկսեն վեթինգային բուն գործընթացը, Մակունցը արձագանքեց. «Գործընթացը Հակակոռուպցիոն մարմնի հետ կապված և մնացյալ առումով արդեն մենք սկսել ենք։ Երբ նշեցի, որ օրենսդրական նախագծեր արդեն իսկ խորհրդարանում են, և մենք արդեն այս պահին, այսօր քննարկում ենք դրանք, դա դրա մասին է խոսում։ Հնարավորինս արագ և ոչ հապճեպ, ուզում եմ ընդգծել, բայց արագ գնում ենք դրան։ Ամեն ինչ անում ենք, որ արդեն աշնանը գործընթացը սկսվի հենց ԲԴԽ-ի կողմից»։