«Երբեք չհուսահատվեք ու չերկնչեք, քանզի հակառակորդը ոչ մի գերազանցություն չունի մեր նկատմամբ». Մովսես Հակոբյանի կոչը

«Երբեք չհուսահատվեք ու չերկնչեք, քանզի հակառակորդը ոչ մի գերազանցություն չունի մեր նկատմամբ». Մովսես Հակոբյանի կոչը
«Երբեք չհուսահատվեք ու չերկնչեք, քանզի հակառակորդը ոչ մի գերազանցություն չունի մեր նկատմամբ». Մովսես Հակոբյանի կոչը

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության Բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը կոչով դիմել է բանակի անձնակազմին: Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Պաշտպանության բանակի աննկուն մարտիկներ, հարգելի զինակիցներ: Վերջին օրերին հակառակորդը սկսել է աննախադեպ ակտիվություն դրսևորել շփման գծի ողջ երկայնքով` նպատակ ունենալով դիվերսիոն գործողությունների միջոցով մեր անձնակազմին պատճառել կորուստներ և ապակայունացնել վիճակն առաջնագծում:  

Ս.թ հուլիսի 26-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի դեմ մղված անհավասար գոտեմարտում քաջի մահով ընկան մեր 5 զինվորները, իսկ 7-ը վիրավորվեցին, սակայն հատուցման ժամը չուշացավ: Մեր պատժիչ գործողությունների արդյունքում ս.թ27-ից մինչև օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հարավ-արևելյան, արևելյան, հյուսիս-արևելյան և հյուսիսային ուղղություններով հակառակորդը կրեց զգալի կորուստներ` ընդհանուր առմամբ տալով 26 զոհ և 30-ից ավելի վիրավոր:  

Հակառակորդին ոչնչացնելու գործողություններին ակտիվորեն մասնակցել են նաև մի շարք ժամկետային զինծառայողներ, որոնցից շատերին դուք ճանաչում եք անձամբ: Նրանք համարձակորեն ներ են խուժել հակառակորդի առաջնագիծը, նրան շրջանցել թիկունքից, պատվով կատարել խնդիրը և անվնաս վերադարձել: Չեմ կասկածում, որ ձեզանից յուրաքանչյուրը մի ներքին ցանկությամբ երազում էր լինել նրանց փոխարեն:

Դա նշանակում է, որ դուք ևս պատրաստ եք համարձակ գործողությունների, որի համար շնորհակալ եմ: Խոր ցավով կիսելով մեր զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների, մարտական ընկերների վիշտը , դիմում եմ ձեզ` զգոնությունը բարձրացնելու և գոտեպնդվելու, մեր դիրքերը գրոհող նենգ ու դավադիր հակառակորդին ձեր հրամանատարների հետ միասին սառնասրտորեն դիմավորելու և ոչնչացնելու կոչով:

Երբեք չհուսահատվեք ու չերկնչեք, քանզի հակառակորդը ոչ մի գերազանցություն չունի մեր նկատմամբ:Նա սովորական մահկանացու է, որի գործողությունները բխում են միայն ու միայն ներքին անասնական վախի զգացումից ու հուսահատությունից:Չէ՞ որ ոչ վաղ անցյալում Արցախի հերոսամարտի տարիներին մենք արդեն ծնկի ենք բերել նրան, ու համոզված եղեք, որ` էլի կբերենք:

Պետք է միշտ հիշել, որ հակառակորդը չի դադարեցնի տարբեր գործողություններով մեզ վնասներ պատճառելու իր վաղեմի մարտավարությունը, այն է` օգտվելով մեր սխալներից, հասնել արդյունքի: Այո, մենք չպետք է մոռանանք, որ նրա հաջողությունները մեծապես կախված են մեր բացթողումներից: Ո՞ր ուղղությամբ կհետևի նրա հաջորդ ոտնձգությունը, պատասխանը միանշանակ պարզ է, այն ուղղությամբ, որտեղ մենք հակառակորդին չենք սպասում: Ուրեմն` ի գործ: Դանդաղելը հավասարազոր է պարտության: Աստված մեզ պահապան»: 

© Medialab.am