Ըստ Yerkir.am-ի, այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով առաջին դատական նիստի ժամանակ Ավետիսյանը սենսացիոն հայտարարություն է արել, որն ուղեկցվել է դահլիճում ներկա հարազատների եւ մարդական ընկերների բուռն ծափահարություններով:
Աղբյուրի համաձայն, Վոլոդյա Ավետիսյանը նշել է, որ «նախորդ տարվա մայիսին, երբ ինքը նստացույց էր անում`հանուն ազատամարտիկների սոցիալական իրավունքների պաշտպանության, իշխանական թեւի` իրեն ծանոթ ներկայացուցիչներն իրեն կլորիկ գումար են առաջարկել, խոստացել են վերականգնել ծառայության, որից ազատամարտիկը ժամանակին կամավոր էր հրաժարվել, նաեւ` բիզնես Էջմիածնում կամ Երեւանում, որպեսզի նա դադարեցնի նստացույցը եւ հրաժարվի պայքարից»:
Սակայն, այդ առաջարկից ազատամարտիկը հրաժարվել է, որից հետո ըստ Ավետիսյանի, բազմիցս զգուշացումներ է ստացել նստացույցը դադարեցնելու համար, ինչից հետո էլ կազմակերպվել եւ հարուցվել է իր դեմ գործը:
Իշխանությունները դեռեւս չեն արձագանքել Վոլոդյան Ավետիսյանի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի ընթացքում ազատամարտիկները պարբերաբար նստացույցեր արեցին Ազատության հրապարակում՝ իշխանություններից պահանջելով լուծել իրենց սոցիալական խնդիրները:
Բողոքի ակցիաների, պայքարի ամենաակտիվ մասնակից կազմակերպիչը ղարաբաղյան պատերազմի մասնակից, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն էր, ով ձերբակալվեց անցյալ տարի սեպտեմբերի 20-ին` «խոշոր չափերի խարդախության կասկածանքով»:
Մինչ այդ, Ավետիսյանը նստացույց էր սկսել Ազատության հրապարակում` պահանջելով բարելավել ազատամատրիկների սոցիալական պայմանները: Ազատամարտիկները պահանջում էին, որիպիսի կրկնակի բարձրացվեն պատերազմին մասնակցած և վիրավորված ազատամարտիկների հաշմանդամության թոշակները, իրենց ընտանիքների, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների համար սահմանվեն անվճար վիրահատություն, բուժօգնություն, ուսման և կոմունալ վճարների մասով զեղչեր
Ավետիսյանի դեմ սկսված հետապնդումը շատերը ուղղակիորեն կապում էին նրա սկսած պայքարի հետ:
Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ իրականացվող քրական հետապնդումը ազատամարտիկները, հարազատները եւ մարդու իրավունքների պաշտպանության զբաղվող կազմակերպությունները իշխանությունների կողմից հաշվեհարդար էին որակում:
© Medialab.am