Ալեն Սիմոնյանը Էստոնիայի վարչապետին է ներկայացրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը

Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը:

«Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրները վարում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, այնուհանդերձ երկկողմ հարաբերություններում առկա է համագործակցության չիրացված մեծ ներուժ»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը կարևորել է հայ-էստոնական համագործակցությունը կիբեռանվտանգության, սահմանային անվտանգության համակարգերի, թվայնացման և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտներում:

ՀՀ ԱԺ նախագահն Էստոնիայի վարչապետին է ներկայացրել Հայաստանի կառավարության կողմից առաջ բերած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, կարևորել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարգավորման և տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատման համատեքստում: Նա վարչապետին նաև ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը, որի նկատմամբ Ադրբեջանը ցուցաբերում է ապակառուցողական մոտեցում:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հնարավորություններն առևտրատնտեսական և այլ ոլորտներում: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հեռանկարին:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Էստոնիայի վարչապետին Հայաստանի պատվիրակությանը ջերմ հյուրընկալելու և կառուցողական երկխոսության համար: Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի մատյանում: